

ԷկոԼուր
«Եթե հանքարդյունաբերության համար տրված լիցենզիաների տասը տոկոսն իրականանա, Հայաստանում ոռոգման համար ջուր հնարավոր չի լինի վերցնել», - ահազանգեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը սեպտեմբերի 11-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Հիմա Կարճևան գետի փոխարեն հոսում է կաշա, բայց ժամանակին այնտեղ կարճևանցիները ձուկ են որսացել: Հանքային էլեմենտները, որոնք լցվում են ջրային էկոհամակարգ, խիստ թունավոր են կենդանական, և բուսական աշխարհի համար», - ասաց Հակոբ Սանասարյանը: Նրա խոսքով՝ Վայոց ձորի մարզում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում մենք կկորցնենք Որոտան և Արփա գետերն իրենց 700 միլիոն տարեկան հոսքով: «Եթե այսօր մենք կարող ենք Հայաստանից որոշ քանակությամբ ջուր արտահանել և ապրել, հետագայում չի բացառվում, որ Հայաստան ջուր ներկրենք», - ասաց Հ. Սանասարյանը: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը թվեց արդեն իսկ աղետալի վիճակում հայտնված գետերը. «Ախթալա գետը, Փամբակ գետը Վանաձորից ներքև, Ախուրյան գետը Գյումրի քաղաքից ներքև, Հրազդանը, Ողջի գետը Կապանից ներքև, Արծվանիկ գետն արդեն չկա, Նորաշենիկ գետը ոչնչացված է, և տենդենց կա շատանալու»:
Անդրադառնալով գետային էկոհամակրգերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցմանը` Սեյրան Մինասյանը նշեց. «Փոքր ՀԷԿ-երը մեզ մոտ այնպես են կառուցվում, որ ջուրը գործնականում վերցվում է ամբողջությամբ: Եղեգիս գետ գոյություն չունի, գոյություն ունի Եղեգիսի ՀԷԿ-ային խողովակաշար: Գետի ակունքից մինչև գետաբերան ջուրը վերցված է խողովակների մեջ: Եթե հիդրոքիմիական ցուցանիշներով նայում ենք Եղեգիս գետին, ոչ մի խնդիր չկա, բայց երբ նայում ենք հիդրոմորֆոլոգիայի առումով, ջուրն ամբողջությամբ գործնականում վերցվում է: Երբ վերցնում ենք կենսաբանության առումով, այնտեղ ամբողջ էկոհամակարգը փոխվում է: Փոքր ՀԷԿ-երի այս համատարած բումը բերելու է նրան, որ շատ այդ տիպի վտակներ պարզապես ենթարկվելու են այն կարգի էկոհամակարգային տրանսֆորմացիաների, որ հետո վերականգնելը շատ դժվար է լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սեպտեմբեր 11, 2014 at 17:40
