

ԷկոԼուր
Մայիսի 29-ին Գնդեվազ համայնքում տեղի ունեցավ «Էկոֆարմ» ՍՊԸ-ի բացման արարողությունը, որին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ընկերությունը զբաղվում է խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ, հում կաթի և պանրի արտադրությամբ: Համալիրում բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից պլանավորվում է տարեկան ստանալ մինչև 1.16 մլն կգ կաթ: Նշվում է նաեւ, որ նորաբաց համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:
Նշենք, որ Էկոֆարմ» ՍՊԸ-ից ոչ շատ հեռու` նույն Գնդեվազ համայնքի 280 տնտեսություններում առկա 134 հա ծիրանի այգիներում, գյուղատնտեսական այլ հողերում «Lydian International» ընկերությունը` ի դեմս իր դուստր «Գեոթիմ» ՓԲԸ-ի, Ամուլսարի ծրագրի շրջանակներում կառուցելու է ցիանային արտադրամաս (կույտային տարրալվացման հարթակ) 106 մլն տ առավելագույն հզորությամբ: Արտադրամասում կորզվելու է Ամուսարի ոսկու հանքավայրից արդյունահանված եւ վերգետնյա փոխարկիչով արտադրամաս բերված հանքաքարը: Ոսկու կորզման համար ցիանական նատրիումի տարեկան պահանջարկը արտադրամասում կազմելու է 2000 տ, աղաթթվինը` 1000 տ: Ըստ կշռի` 20% ցիանային լուծույթը պատրաստվելու է ֆաբրիկայում, ապա պահեստավորվելու է ցիանային լուծույթի պահեստավորման կոնտեյներում: Ցիանիդը նման կոնցենտրացիայով իրենից մեծ վտանգ է ներկայացնում ամբողջ կենդանի օրգանիզմների համար: Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ում ոչ մի տեղ նշված չէ ցիանային հնարավոր արտահոսքի մասին մարդկային գործոնների, տեխնիկական և բնական աղետների դեպքում: Արտադրամասի սանիտարական գոտին Գնդեվազից ընդամենը 1 կմ է: Ամուլսարի հանքավայրը, որը շահագործվելու է բաց եղանակով, Գնդեվազից հեռու է ընդամենը 5 կմ: Հանքի փոշին, որն իր մեջ պարունակում է ծանր մետաղներ եւ տոքսիկ նյութեր, կարող է տարածվել մինչեւ 30 կմ շառավղով: Սա նշանակում է, որ հանքի փոշին 30 կմ շառավղով տարածքում կապականի ամեն ինչ` այդ թվում հանքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկ առողջարանային քաղաքը, հանքից 5 կմ հեռավորության վրա գտնվող Գնդեվազը:
Մարդկանց եւ շրջակա միջավայրի համար արտադրամասի եւ ընդհանրապես Ամուլսարի ծրագրի ռիսկերի մասին բազմիցս բարձրաձայնվել են մասնագետների կողմից: Սակայն դրանք հաշվի չեն առնվել: Ավելին, Հայաստանում միտում է նկատվում`հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զարգացնել կողք կողքի:
Բնապահպանական փորձաքննությունը պետք է մերժի Ամուլսարի նախագիծը
Ամուլսարի հանքի փոշին կարող է տարածվել մինչեւ 30 կմ-ից ավելի հեռավորության վրա
Հունիս 02, 2015 at 15:32
