

ԷկոԼուր
ՀՀ վարչական դատարանում շարունակվում է Ամուլսարի ոսկու հանքի բաց շահագործման նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիքների դիտարկման գործընթացը: Կարծիքները ներկայացնում են հայցվորները` Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչները և «Էկոիրավունք» և «Էկոդար» հասարակական կազմակերպությունները: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) տնօրեն Կարեն Մանվելյանի ներկայացրած մասնագիտական կարծիքի հիման վրա, որը բացասական գնահատական է տալիս Ամուլսարի ծրագրին` կենսաբազմազանությանը պատճառվելիք վնասի առումով, հայցվորները փոխել են հայցի հիմքերը: Հունիսի 27-ի դատական նիստի ժամանակ Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբան Սայադ Բադալյանը դատարանից խնդրեց երկու շաբաթ ժամկետ՝ հայցի հիմքերի փոփոխության վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ ներկայում Ամուլսարի գործով պատասխանող կողմ է հանդես գալիս միայն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: ՀՀ բնապահպանության նախարարությունը դատական գործընթացից դուրս մնաց, քանի որ ՀՀ վարչական դատարանը բնապահպանական եզրակացությունը չհամարեց վարչական ակտ, այլ համարեց գործով ապացույց:
Դատական նիստին մասնակցում էին նաև բնապահպանները՝ «No mining in Amulsar», «Ոչ Ամուլսարի հանքին» գրությամբ պաստառներով:
Ամուլսարի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 17-ին՝ ժամը 11:00-ին:
Հունիս 28, 2017 at 15:16
