ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ԵՎ «GEGАMET» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ԵՎ «GEGАMET» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինգա Զարաֆյան, ԷկոԼուր

Մինչ ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննությունը որոշում է, դրական եզրակացություն տա, թե չտա Սեւանի ավազանում վերամշակող գործարանի ստեղծմանը, գործարանի մի կորպուսն արդեն կառուցվել է: «ԷկոԼուր»-ը ներկայացնում է այս տարվա մարտին արված լուսանկարներ, որտեղ երեւում է գործնականորեն ավարտված արտադրության օբյեկտը, իսկ նրանից 1 կմ հեռավորության վրա Շորժայի հանքավայրի հումքի` բաց եղանակով վերամշակումը: Մանրացումից առաջացող փոշին, որը պարունակում է թունավոր քրոմ, քամու հետ նստում է ուղիղ Սեւանա լճի վրա:

Շորժայի դունիտ-պերիդոտիտային ապարների վերամշակման մանրող, տեսակավորող գործարանի նախագիծը ներկայացրել է «GEGАMET պլյուս» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ դեռ 2008թ. «GEGАMET»-ի հիմնադիրներից Վլադիմիր Գասպարյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Սեւանա լճի շրջանում ստեղծվելու է լեռնահարստացուցիչ կոմբինատ` Շորժայի եւ Ջիլիի հանքավայրերի շահագործման համար, որը տարեկան արտադրելու է 20 միլիոն տոննա հրադիմացկուն նյութեր, 150 հազար տոննա ցեմենտի ստացման հավելումներ, 50 հազար տոննա քրոմի կոնցենտրատ եւ 20 հազար տոննա երկաթաքրոմ:  Ձեռնարկության համասեփականատերը պարզվեց` ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանն է` ՀՀ բնապահպանության նախարարի կուսակիցը:  

Ինչպես հայտնի դարձավ «ԷկոԼուր»-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը չի աջակցել Շորժայի հարեւանությամբ գործարանի կառուցման նախագծին` հիմնավորելով, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը արգելում է վերամշակող ձեռնարկությունների կառուցումը Սեւանի ավազանում: Չնայած օրենքում նշված այս խոչընդոտին` բնապահպանության նախարարությունն, այնուամենայնիվ, որոշել է նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ անցկացնել: Միջոցառմանը մասնակցելու հրավերը նախօրոք  նախարարության կայքում հրապարակված չէր, ինչպես հարկն է, այլ լսումների անցկացման օրը` ապրիլի 27-ին: Չէին զգուշացվել շահագրգիռ կողմերը` հասարակական կազմակերպությունները, Գեղարքունիքի մարզի բնապահպանական վարչությունը,  Գավառի Օրհուս կենտրոնը:  «ԷկոԼուր»-ի տվյալներով` «Սեւան» ազգային պարկը չի մասնակցել հասարակական լսումներին բացատրությամբ, որ շինարարության գոտին չի մտնում ազգային պարկի տարածքի մեջ, իսկ լճի վրա հնարավոր փոշու եւ թափոնների ազդեցությունը բնապահպանական տեսչության գործն է: Այսպիսով, հասարակական լսումներին մասնակցել են պետական բնապահպանական տեսչության ներկայացուցիչները, նախագծողը եւ Շորժայի համայնքապետը իր մի  քանի համագյուղացիների հետ:

Սեւանի հարեւանությամբ գործարանի կառուցումը լռության մատնելը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ բնապահպանության նախարարությունն անտեսում է «GEGAMET» ընկերության գործունեության վերաբերյալ ահազանգերը: Ծանր եւ տոքսիկ տարրեր պարունակող դունիտ-պերիդոտիտային հումքի վերամշակման օրինականության հարցը բնապահպանության նախարարության առաջ բարձրացվել է մի քանի անգամ: «ԷկոԼուր», «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ները, Գավառի Օրհուս կենտրոնը տեղի հասարակական կազմակերպությունները հրապարակայնորեն ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ուշադրուրությունն էին հրավիրում Սեւանի կողքին «GEGAMET» ընկերության գործունեության անթույլատրելիության վրա եւ կոչ էին անում նրան համապատասխան որոշումներ ընդունել:

Մայիս 04, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր