

ԷկոԼուր
«Գեոթիմ»-ի կայքում տեղադրված է տեղեկատվություն (http://www.geoteam.am/media/documents/Newsletters/Scoping%20Study/Social%20baseline/SocialBaselineStudy-Jermuk,Kechut_ARM.pdf ), որ ջերմուկցիների մոտ 70 տոկոսը գիտեն Ամուլսարի նախագծի մասին, եւ շատերը դրական են վերաբերվում ընկերության գործունեությանը: Սակայն 2011թ. նոյեմբերի 28-ին Ամուլսարի նախագծի հանրային քննարկմանը ներկա ջերմուկցիները մեծ անհանգստություն հայտնեցին նախագծի նկատմամբ (տես http://youtu.be/0XlmgAGY-fg ): Նրանք բարձրացրեցին ռիսկերի մասին հարցեր, բայց ընկերության ներկայացուցիչների պատասխաները նրանց չբավարարեցին: Քննարկումից հետո «ԷկոԼուր»-ը Վայոց ձորի մարզից ահազանգ ստացավ, որ ընկերությունում 20 հոգի հեռացվել է աշխատանքից: Տեղի բնակիչները ինտերնետային սոցիալական ցանցի միջոցով քննարկմանը ներկա գտնված «ԷկոԼուր»-ի ներկայացուցչին հաղորդագրություն էին ուղարկել, որտեղ մասնավորապես գրված է. «20 հոգու քո ու քո նմանների պատճառով գործից հանեցին: Դուք կարա՞ք էդ մարդկանց ամիսը 100 000 փող տաք, որ էդ մարդիկ գոնե հացի փող ունենան»: Հասկանալի է, որ ընկերության վարձած մարդիկ, անխոս, հետաքրքրված են ընկերության շարունակական գործունեությամբ: Շահերի բախումը կայանում է նրանում, որ Ջերմուկն առողջարանային գոտու կենտրոնն է, այստեղ է գտնվում «Ջերմուկ» հանքային ջրերի հանքավայրը: Ջերմուկ հանքային ջուրն արտահանվում է առողջարանային կենտրոններ, սանատորիաներ, ցեխաբուժարաններ եւ այլն: Հանքային ջրերի հանքավայրը փխրուն է, իսկ առողջարանային տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ գոտում: Փորձագետները մտավախություն ունեն, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման դեպքում կատարվող պայթեցումները կարող են հրահրել աղբյուրների ուղղությունների փոփոխություն, եւ նրանք կփակվեն: Մյուս կողմից, Ջերմուկի քաղաքապետը եւ բնակիչներ բազմիցս մտավախություն են հայտնել, որ Ջերմուկի բրենդը` որպես առողջարանային գոտի, անխուսափելիորեն կտուժի, եթե կողքին բաց հանք շահագործվի (տե'ս «Ամուլսար` ոսկու հանք» ֆիլմը http://youtu.be/WYrvTHtTgBk):
Մենք դիմում ենք ընկերության ներդրողներին` Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (EBRD), որպեսզի ներդրողները ուշադրություն դարձնեն սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության սկզբունքների պահպանմանը «Գեոթիմ» ընկերության կողմից, որտեղ նրանք ներդրումներ են անում: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի Ջերմուկը ներառվի նախագծի ազդեցության գոտու մեջ, իսկ հասարակության ահազանգած ռիսկերի վերաբերյալ պատասխանները լինեն հիմնավորված, չկրեն արհամարհական բնույթ: Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ հասարակությունն իրավունք ունի ռիսկերի մասին իր անհանգստությունը հայտնելու, իսկ ընկերությունը, որը վարձակալում է Սահմանադրությամբ մեզ` բոլորիս, պատկանող ընդերքը, պարտավոր է հիմնավորված պատասխանել այդ անհանգստությանը:
Նաեւ ուշադրություն ենք հրավիրում աշխատանքից հեռացվածների մասին ահազանգի վրա եւ հույս հայտնում, որ ներդրողները կոնֆլիկտային իրավիճակների եւ լարվածության ուժեղացման կողմնակիցներ չեն:
Խնդրում ենք նաեւ պարզել եւ տեղեկատվություն տրամադրել, թե իսկապես աշխատանքից հեռացրել են աշխատակիցների, եւ եթե այո, ապա ինչ հիմնավորմամբ:
Դեկտեմբեր 14, 2011 at 16:28
