Մի խանգարեք մեզ փող աշխատել (Լուսանկարներ)

Մի խանգարեք մեզ փող աշխատել (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ավելի քան 100 ակտիվիստներ Երեւանից, Եղեգնաձորից, Վայքից, Գնդեվազից, Ջերմուկից հունիսի 9-ին մեկնեցին Ամուլսար` կիսելով Ջերմուկի երիտասարդության անհանգստությունը հայտնի առողջարանի ապագայի համար: Միջոցառումը կազմակերպել էր «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը:

Ամուլսարը Ջերմուկից գտվում է 12-13 կմ հեռավորության վրա: Մինչ Ամուլսար բարձրանալը Ջերմուկում տեղի ունեցավ միտինգ: Ջերմուկի հրապարակում հավաքվածները կոչ արեցին պահպանել Ջերմուկը որպես առողջարան եւ ստեղծել ազգային պարկ: «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը արշավի մասնակիցների համար թվարկեց հետեւյալ ռիսկերը` ջրային պաշարների` այդ թվում Սեւանա լճի ջրահավաք ավազանի աղտոտումը, Ջերմուկ առողջարանի վրա Ամուլսարի ոսկու բաց հանքի շահագործման ազդեցությունը, ռադիացիոն ռիսկերը, արոտավայրերի աղտոտումը, ցիանային արտադրությունը:  

Ոստիկանությունը փակել էր Ամուլսար տանող ճանապարհը: Ոստիկանության շարքերի մի կողմում ակտիվիստներն էին, մյուսում` «Գեոթիմ» ընկերության շարքային աշխատակիցները եւ Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանը: Չնայած, որ գյուղապետը չի աշխատում Ամուլսարում, սակայն նա իր գյուղի անունից դուրս եկավ արշավորդների առաջ: Հետաքրքիրն այն է, որ գյուղապետը պաշտպանում էր ոչ թե գյուղի գյուղատնտեսական շահերը  (արոտավայրերի մաքրությունը, ջրային պաշարների պահպանություն), այլ հանքավայրի շահագործումը: Կողմերի միջեւ երկխոսություն չստացվեց: Ակտիվիստները խոսում էին ռիսկերի մասին, իսկ գյուղապետը եւ աշխատակիցները` աշխատատեղերի եւ փողի մասին: Մեզ զարմացրեց աշխատակիցների պարզած պաստառների բովանդակությունը` «Ձեզ խաբում են», «Չեք խլելու», «ԷկոԼուր, գնա Թուրքիա»: Մարդիկ լարված էին, գոռում էին. «Մի խանգառեք մեզ փող աշխատել», «հեռացեք», «ծախվածներ» եւ այլն:  Փորձեցինք բացատրել խնդիրը, բայց չստացվեց, եւ ակտիվիստները շարունակեցին արշավը ընկերության վարձակալած տարածքներից դուրս: Ամուլսարի շրջակայքում հանդիպեցինք WWF-Armenia-ի գիտարշավի մասնակիցներին: Ինչպես հայտնեց WWF-Armenia-ի տնօրեն Կարեն Մանվելյանը, իրենք Ամուլսարում անցկացնում են դաշտային հետազոտություններ: Ինչպես հայտնի է, մեծ հակասություններ կան ընկերության ՇՄԱԳ-ում ներկայացված այդ տարածքում առկա Կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների տեսակների տվյալների եւ անկախ փորձագետների տվյալների միջեւ: Մասնավորապես խոսքը հայտնի բուսաբան, միջազգային պարգեւների դափնեկիր, Հայաստանի Կարմիր գրքի հեղինակներից Էլեոնորա Գաբրիելյանի հետազոտությունների արդյունքների մասին է: Գիտարշավի արդյունքների մասին Կարեն Մանվելյանը չհայտնեց` նշելով, որ պաշտոնական հրապարակումները կլինեն երկու-երեք ամիս հետո:

Մենք կանգնած էինք Ամուլսարի տակ: Ոժեղ քամին ծածանում էր Հայաստանի դրոշը, որը թեքված էր դեպի Ջերմուկ: Իսկ մեր գլխավերեւում ճախրում էր մի հսկա թռչուն:



Հունիս 11, 2012 at 13:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր