

«ԷկոԼուր»
2009թ. փետրվարին Սոտքի ոսկու հանքավայրի հանքագործները գործադուլ են արել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում եւ աշխատավարձերի բարձրացում: Հանքի ղեկավարությունը` «GPM GOLD» ընկերությունը, աշխատողներին խոստացել է կարգավորել բոլոր հարցերը, եւ հանքի աշխատողները վերադարձել են հանք: Սա Սոտքի հանքավայրի առաջին գործադուլը չէ: Աշխատողները հիշում են 2005թ. գործադուլը, երբ նրանք ունեին արհեստակցական միություն, գործադուլային կոմիտե, եւ երբ նրանք դիմել էին դատարան: Գործադուլավորներին պատժել էին. 470 մարդու զրկել էին աշխատանքից՝ հաշվի չառնելով մասնագիտական որակավորումը, փակել էին արհեստակցական միությունը: Հետո մի մասին վերականգնել էին, իսկ ակտիվիստներին, այդ թվում արհեստակցական միության նախագահ Արմեն Սահակյանին՝ ոչ:
Նոր գործատուն՝ «GeoProMining» ընկերությունների խմբի «GPM GOLD» ընկերութունը, շարունակեց նախկին սեփականատիրոջ՝ «Vedanta Resources» հնդկական ընկերության գործելաոճը: Ակտիվիստները՝ տեղացի բնակիչները, քաջ հայտնի են: Նրանց աշխատանքի չեն ընդունում եւ արհեստակցական միությունը չեն վերականգնում:
Հանքում աշխատանքի պայմանները ծանր են: Հանքը բաց եղանակով է շահագործվում: Արդյունքում ոսկով, արծաթով, մկնդեղով, անտիմոնով, սելենով ու պղնձով հարուստ փոշին ծածկում է ամբողջ տարածքը: Աշխատողները շնչում են այդ փոշին՝ թոքերում եւ լյարդում կուտակելով ծանր եւ տոքսիկ մետաղներ: (Տե՛ս լուսանկարները):
Շրջակա միջավայրի վրա տարբեր տեսակի հանքավայրերի քիմիական ազդեցության աղյուսակի համաձայն` Սոտքի հանքավայրին բնորոշ է քիմիական ազդեցության բարձր աստիճան և ռադիոակտիվություն: Վարդենիսի բժիշկները հացի խնդիրը համարում են առաջնահերթ եւ մի կողմ են թողնում հանքի շահագործման ռիսկերը: «…Ես ուրիշ ոչ մի հարցի մեջ չեմ խորանում, որ էկոլոգիան է խախտվում, որ կարող է այստեղ ճառագայթում կա, ես տեսնում եմ միայն` ընտանիքները ապահովված են սննդով, և երեխաները քաղցած չեն»,- ասում է Վարդենիսի պոլիկլինիկայի մանկաբույժ տիկին Ամալյան:
Հանքավայրում մարդիկ աշխատում են ծանր պայմաններում, յուրաքանչյուր հերթափոխը 8 ժամ է: Իրենց հետ շշերով խմելու ջուր են բերում: Հանքավայրի տարածքը եւ ճանապարհները չեն ջրվում. ավելորդ ծախսեր են: «Ջրի մեքենան բերել են, էնտեղ վիստավկա են կայնացրել, բայց ասենք, ավտոներ կեթան, կգան, ահավոր թոզ, ոչ մեկ դրա մասին չի մտածում, որ ջրեն… եթե ղեկավարությունը իմանա, որ մենք բողոքում ենք, կազատի աշխատանքից»,- ասում է բեռնատարի վարորդը: Հանքում չկա ո՛չ ճաշարան, ո՛չ զուգարան: Հանքագործների խոսքերով` հանքում աշխատողների անվտանգությունն ապահովված չէ: «Հանքը վատ վիճակում է, աշխատելու հնարավորություն չկա: Լրիվ հողը տարել են, սարքել են հավուզ: Վերեւից մի գրամանոց քար ընկնի, լրիվ փուլ կգա»,- ասում է հանքագործներից մեկը:
Սոտքի հանքավայրում աշխատում են հիմնականում Վարդենիսի բնակիչները:
Գրեթե բոլորը համաձայնվում են աշխատել հանքավայրի ղեկավարության առաջարկած աշխատանքային պայմաններով եւ չեն բարձրացնում իրենց իրավունքների հարցը: «Մինչեւ այսօր ոչ մեկ չի կարողացել իր գլուխը բարձրացնի, խոսա: Եթե դու խոսաս, քեզ 2 ժամ հետո կազատեն աշխատանքից, սուս մնաս, կաշխատես, քո ընտանիքը կպահես: Մենք իրավունքներ չունենք, լրիվին ոտքի տակ կտան: Ուզում ես աշխատանքային պայմանագիր մի ստորագրի, ի՞նչ կանես մի մարդով: Աշխատանքային տեղ չկա, ինչ պայմանով որ տալիս են, մարդիկ ստիպված ստորագրում են»,- պատմում էին հանքի աշխատողները: Նրանք ասում են, որ նախկին եւ ներկայիս տերերի միջեւ տարբերություն չկա: «Միայն աշխատավարձն են բարձրացրել 15 000 դրամով: Բայց հիմա դա ի՞նչ փող է»,- ասում է բեռնատար մեքենայի վարորդը:
2001թ. մարդահամարի տվյալներով Վարդենիսում բնակվում է 13 700 մարդ: Վարդենիսի «Շրջակա միջավայրի իրավիճակի վերլուծության փստաթղթի» տվյալների համաձայն` 2009թ. հունվարի 1-ի դրությամբ տարբեր ոլորտներում աշխատում է 8785 մարդ, իսկ զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է ընդամենը 836 մարդ, ովքեր աշխատանք են փնտրում: Այս թվերը հեռու են իրական լինելուց, քանի որ շատերն ուղղակի գրանցված են որպես աշխատող, բայց իրականում անգործ են, մյուսներն էլ չնչին աշխատավարձ են ստանում իրենց կատարած աշխատանքի դիմաց: «Աստղավարդ» ՀԿ-ի նախագահ Մելանյա Եփրեմյանի խոսքերով՝ մյուս բոլոր աշխատատեղերի հետ համեմատած, Սոտքի աշխատավարձն ավելի բարձր է: Ըստ հանքագործների՝ միջին աշխատավարձը կազմում է 85000-120000 դրամ: Ընդ որում բացակայում են սոցիալական ծրագրերը, ծանր աշխատանքի կամ ստացած վնասվածքի դիմաց փոխհատուցումը:
Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի խոսքերով` խորհրդային տարիներին Սոտքի ոսկու հանքավայրի ղեկավարությունը մեծ սոցիալական պատասխանատվություն էր կրում: Նրա միջոցներով կառուցվել են 43 բազմաբնակարան շենքեր, մանկապարտեզ, դպրոց, վարժարան, մշակույթի տուն, հյուրանոց, ճաշարան մարզադաշտ, ճանապարհներ և այլն: Վճարվել են քաղաքի բնակչության էլեկտրաէներգիայի և ջրի վարձերը: Իսկ Սոտքի ներկայիս ղեկավար «GPM Gold» ընկերությունը պատասխանատվություն չի կրում ո'չ էկոլոգիայի, ո'չ իր աշխատողների, ո'չ էլ քաղաքի համար: 2008թ. Վարդենիսի քաղաքապետարանը ընկերությանը դատի է տվել 1 միլիոն 900 հազար դրամի (5135 ԱՄՆ դոլլար) գույքահարկը չվճարելու համար: «Ավելի լավ չի այդ հարստությունը լինի Հայաստանինը: Որ մենք հարուստ լինենք, վատ կլինի՞: Հիմա օտարը եկել է, կարո՞ղ է մեզ համար աշխատի»,- ասում է Վարդենիսի քաղաքապետը:
Սեպտեմբեր 30, 2009
