Գնդեվազցիները նոր ստորագրահավաք են սկսել Ամուլսարի ծրագրի դեմ

Գնդեվազցիները նոր ստորագրահավաք են սկսել Ամուլսարի ծրագրի դեմ

ԷկոԼուր

Գնդեվազ գյուղի երիտասարդներն օգոստոսի 30-ին բողոքի ակցիա անցկացրեցին Գնդեվազում ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման: Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերության Տեղեկատվական կենտրոնի մոտ հավաքվեցին շուրջ 40 գնդեվազցիներ՝ արտահայտելու իրենց բողոքը։  Իրենց հերթին «Գեոթիմ»-ի աշխատակիցները պատասխանեցին, որ իրենք 6-7 տարի աշխատում են հանքավայրում եւ առողջական  ոչ մի խնդիր չեն ունեցել։

Ինչպես ասաց ակցիայի մասնակից, Գնդեվազի բնակիչ Կարեն Բարսեղյանը, բնակիչները մտադիր են նամակ ուղղել ընկերության գլխավոր բաժնետեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (EBRD)՝ պահանջելով դադարեցնել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը։ Սկսվել է ստորագրահավաք, արդեն հավաքվել է 150 ստորագրություն։

Հիշեցնենք, որ Գնդեվազի բնակիչները հավաքել են 210 ստորագրություն մյուս գլխավոր բաժնետեր՝ Համաշխարհային բանկի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)  Օմբուդսմենի գրասենյակին ուղղված բողոքի նամակի համար՝ պահանջելով չֆինասավորել Ամուլսարի ծրագիրը։

Հիշեցնենք, որ IFC-ն եւ EBRD-ն Ջերսի Նորմանդյան կղզիներ օֆշորային գոտում գրանցված «Lydian International» ընկերության կանոնադրական կապիտալի տնօրինողներն են։ «Lydian International»-ը «Գեոթիմ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերն է։

Օգոստոս 30, 2014 at 14:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր