

Արշալույս Մգդեսյան, Ռեգնում տեղեկատվական գործակալություն
Հայակական Ջերմուկ առողջարանային քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա տեղակայված է Ամուլսարի ոսկու հանքավայրը, որտեղ արդեն երկրորդ տարին է` երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում բրիտանական «Lydian International» ընկերությունը իր «Գեոթիմ» դուստր ձեռնարկության միջոցով:
Ամուլսարի հանքավայրը, նախնական տվյալների համաձայն, պարունակում է մոտ 2,5 միլիոն ունցիա (ավելի քան 75 տոննա) «չարաղետ մետաղ»: Սա դեռ վերջը չէ, քանի որ հանքը կարող է ավելի ընդլայնվել: Այսպես կոչված «Ամուլսարի նախագիծը», ինչպես պնդում են էկոլոգները, մաքուր ոսկու տեսքով բարիքից բացի կարող է շրջակա միջավայրի աղտոտման առումով տարածաշրջանին հսկայական վնաս հասցնել եւ խախտել ինչպես Ջերմուկի տարածքի, այնպես էլ Սեւանա լճի էկոհամակարգը: Այս առումով բացի էկոլոգներից լուրջ անհանգստություններ ունի նաեւ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, որոնց մասին նա ասաց «Ռեգնում» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում:
«Քաղաքային իշխանությունները Ամուլսարի հանքավայրում երկրաբանահետախուզական հորատումներ իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկման փուլում են գտնվում»,- ընդգծեց Հովհաննիսյանը` հավելելով, որ ներկա պահին հիմնական խնդիրը Ջերմուկի էկոլոգիայի համար նախագծի իրականացման անվտանգության երաշխիքներն են: Նա նկատեց, որ կան որոշակի մտահոգություններ հանքավայրում ուրանի պարունակության առումով, որը հանքի շահագործման ընթացքում կարող է «ազատվել»:
«Հայտնի է, որ ոսկու հանքաշերտերում ոսկին միշտ ուղեկցվում է ուրանային միացություններով: Ինքնին սարի անունը` Ամուլսար, (չբեր սար) այդ մասին է վկայում: Ինձ հայտնել են, որ այդ տարածքը պիտանի չէ նույնիսկ արոտավայրերի համար, քանի որ նախիրն այնտեղ չի արածում: Այսինքն, սարի ընդերքում կարող են լինել ուրանի պաշարներ եւ այլ` ոչ անվտանգ տարրեր»,- ընդգծեց նա:
«Ամուլսարի նախագիծը» սպառնում է Սեւանա լճի՞ն
Ջերմուկի քաղաքապետը նաեւ ասաց, որ կոմբինատը եւ նրա պոչամբարը նախատեսվում է տեղակայել Սպանդարյանի ջրամբարի կողքին: Վերջինից ջուրը հոսում է Արփա գետ, հետո Կեչուտի ջրամբար, որտեղից «Արփա-Սեւան» թունելով թափվում է Սեւանա լիճ:
«Այդպիսով, գոյություն ունի ռիսկ, որ այդ դեպքում ջուրը կարող է հասնել Սեւանա լիճ»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ իրենք արդեն խնդրանքով դիմել են կառավարությանը եւ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի էկոլոգիայի մասով իրականացվի անաչառ փորձաքննություն:
«Սկզբի համար ընկերությունը պետք է մեզ ներկայացնի հանքավայրում իրականացվող հետախուզական աշխատանքների ամբողջական արդյունքները, որպեսզի մենք կարողանանք փաստերի հիման վրա խնդիրը քննարկել»,- ամփոփեց նա:
Հանքավայրի շահագործման համար «Գեոթիմ» ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ օգտագործելու է ցիանիդի լուծույթ: Բացի այդ, պայթեցման աշխատանքների ժամանակ, ինչպես նշում են էկոլոգները, առաջանում է փոշի, որը նստում է շրջակա տարածքներում, ինչը նույնպես վտանգավոր է:
«Հանքավայրի շահագործման արդյունքում առաջանում է կապար, եւ մենք այդ տարածաշրջանում մահացության բարձր ցուցանիշ կունենանք: Բացի այդ, գոյացած ցիանիդների արդյունքում մենք մեծ խնդիրներ կունենանք շնչուղիների հետ կապված. այդ մանր փոշին տեղափոխվում է 30 կմ, նստում է բույսերի վրա, անցնում է կենդանական շղթային եւ, ի վերջո, հասնում է մեզ»,- սույն թվականի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած «Ամուլսար` ոսկու տենդ» ֆիլմի շնորհանդեսի ընթացքում ասաց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը:
Սակայն «Գեոթիմ» ընկերությունը հանքի շահագործման դեպքում էկոլոգիայի համար որեւէ վտանգ չի տեսնում եւ պնդում է, որ հանքավայրում ուրանի պաշարներն աննշան են: Ընկերության բնապահպանական եւ սոցիալական հարցերով մենեջեր Արմեն Ստեփանյանը այդ ֆիլմի ցուցադրության ժամանակ ընդգծեց, որ հետախուզական աշխատանքների ընթացքում ուրան հայտնաբերվել է աննշան տոկոսներով: «Հանքանյութի նմուշներն ուղարկվել են Չեխիա, ստուգվել են ռադիոակտիվ տարրերի առկայության առումով եւ համապատասխանում են ամենախիստ պահանջներին»,- ասաց Ստեփանյանը:
Ջերմուկը կդադարի՞ գոյություն ունենալ որպես առողջարանային կենտրոն
Չնայած Ստեփանյանի հավաստիացումներին` բաց են մնում տեղի բնակչության, տեղի էկոլոգիայի վրա հանքավայրի շահագործման հնարավոր ազդեցության հարցերը, եւ այն հարցը, թե ինչպես այդ ամենը կանդրադառնա Ջերմուկի` որպես առողջարանային կենտրոնի վարկանիշի վրա: Սա նույնպես հետաքրքիր է, քանի որ Հայաստանի նախագահի մակարդակով ուշադրություն է դարձվում Ջերմուկի` որպես առողջարանային կենտրոնի զարգացմանը:
Հատկանշական է, որ մի կողմից ամենաբարձր մակարդակով ուշադրություն է դարձվում Ջերմուկի վրա, եւ ջանքեր են գործադրվում այն առողջարանային կենտրոնի վերածելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից պետական մակարդակով առաջ է ընթանում «Ամուլսարի նախագիծը», որը կարող է խեղդել դեռ սաղմային վիճակում գտնվող կառավարության «առողջարանային» ծրագրերը: Տվյալ դեպքում միանգամից նստել երկու աթոռների վրա, այլ կերպ ասած, զարագացնել զբոսաշրջությունը եւ հանքարդյունաբերությունը հեշտ գործ չէ:
Նույնիսկ առողջարանային կենտրոնի մոտ մետաղական հանքի շահագործման փաստը (նույնիսկ եթե այդ նախագծից որեւէ վնաս չլինի բնությանը) զբոսաշրջության տեսանկյունից էականորեն կնվազեցնի այդ գոտու գրավչությունը եւ, ինքնաբերաբար, կհանգեցնի զբոսաշրջիկների թվի կրճատման:
Նշենք, որ Հայաստանի հարավ արեւելքում` Վայոց Ձորի եւ Սյունիքի սահմանին գտնվող Ամուլսարի հանքավայրի նախնական ուսումնասիրությունն իրականացվել է դեռ 2006թ., իսկ շահագործումն այստեղ դեռ չի սկսվել: Մինչ այժմ ընդունված էր կարծել, որ Ամուլսարի «հանքերակը» իր մեծությամբ երկրորդն է Հայաստանում Սոտքի հանքավայրից հետո, որը պարունակում է 80-ից ոչ պակաս տոննա ոսկի, բայց հիմա այդ տվյալները կարող են վերանայվել:
Նոյեմբեր 25, 2011 at 14:37
