

ԷկոԼուր
Կառավարությունը պետք է չեղյալ համարի 2011թ. ապրիլի 28-ի 627-ն որոշումը, որով Սյունիքի մարզի 6 համայնքներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար հողեր են վերցվել: Այս կարծիքին են բնապահպանական հասարակական կազմակերպությունները, հասարակական եւ երիտասարդական նախաձեռնությունները, «Ժառանգություն» կուսակցությունը, առանձին մարդիկ: Իշխանությունը դեռ համարժեք արձագանք չի տվել Քաջարան գյուղի համար ակտիվության ժայթքմանը եւ փաստացիորեն լուծում չի առաջարկում: Այդ մասին է վկայում Քաջարան գյուղի վերաբերյալ ԶՊՄԿ-ի հետ կառավարաության պաշտոնական խմբի` բանակցությունների մասին պաշտոնական հայտարարությունը: Սակայն ակտիվությունը եւ Քաջարանի պաշտպանությամբ հանդես եկող նորանոր մարդկանց եւ խմբերի համախմբվելը վկայում է այն մասին, որ այս ակտիվությունը կանգնեցնելը հեշտ չի լինի: Ստորեւ կարդացեք Քաջարանի խնդրի վերաբերյալ վերջին օրերի մամուլի հրապարակումները:
Գյուղացիները չեն ցանկանում այնտեղից հեռանալ, սակայն ստեղծվում է մի այնպիսի իրավիճակ, որ մարդիկ ստպված են լինելու. Զ. Փոստանջյան
Tert.am
ՀՀ Սյունիքի մարզի վարչական սահմաններում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու որոշման մասին կառավարությունը պարտավոր էր լայն հանրությանը ավելի շուտ տեղեկացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Մարդիկ կային, որ ընդհանրապես տեղյակ չէին այս որոշումից: Հետևաբար այն անօրինական է: Իսկ ինչո՞ւ է տրվում հենց պղնձամոլիբդենային կոմբինատին: Որովհետև մրցույթ չէր հայտարարվել, կառավարությունն ինքն է որոշել, թե ում տա այդ հողերը»,-ասաց նա:
Փոստանջյանը տեղեկացրեց, որ ինքը վերջերս է վերադարձել Քաջարանից և մի բան է հասկացել: «Գյուղացիները չեն ցանկանում այնտեղից հեռանալ, սակայն ստեղծվում է մի այնպիսի իրավիճակ, որ մարդիկ ստպված են լինելու»,- ասաց նա:
Քաջարանում կա՞ն մարդիկ, որ կողմ են գյուղից տեղափոխվելու տարբերակին
Մերի Սողոմոնյան, Առավոտ
Տիկին Նինան արմատներով Քաջարան գյուղից է, Լեռնաձոր գյուղ է հարս գնացել, բայց այստեղ է իր պապական տունը, գալիս է եւ իր հողը ցանում, ստացված բարիքներով իր ու ընտանիքի կարիքները հոգում: «Իմ հորական տունը էստեղ ա, իրանք էստեղ են ամփոփված: Տարվա 8 ամիսը էստեղ եմ լինում, հողերն եմ մշակում, ես թոռ ունեմ, երեխեք ունեմ, էս հողամասի բերքով եմ իմ տունը պահում: 2 ուսանող պահել եմ այ էս գյուղի շնորհիվ, այգուս լոբին մինչեւ Մոսկվա էլ ա հասել: Առանց էս ամեն ինչի չենք կարա ապրենք: Հիմա գյուղ են ուզում քանդեն, գերեզմաններ են ուզում տեղափոխեն, դա հեշտ բան չի, սա մեր գյուղն ա, վաղը ես թոշակառու դառնամ գալու եմ էստեղ ապրեմ, ես տուն ունեմ էստեղ», – մեր զրույցում ասաց Նինա Անդրեասյանը:
Գալուստ Զաքարյանն էլ 1949 թվականից՝ ծնված օրվանից Քաջարան գյուղում է ապրում: Ընտանիքի հետ հող են մշակում, անասուն պահում: Գալուստը նաեւ Քաջարանի կոմբինատում է աշխատում, սակայն դժգոհում է վարձատրությունից: «Գյուղում անասուն ենք պահում, այգին էլ ենք մշակում, ներկա պահին իմ 3 երեխեքն էլ են հետս: Ամուսնացած են, իրենք էլ երեխաներ ունեն, ապրում ենք ու սնվում ենք գյուղի բարիքներով: Մենք պայքարում ենք, որ մեր հողը մնա, առանց մի թիզ տալու, ինչի՞ համար պիտի տանք իրենց, մի քանի կլանային խմբի համա՞ր» , – հարցնում է զրուցակիցս:
Սվետլանա Գեւորգյանը տարիներ ի վեր Կապանում է ապրում, բայց գյուղի համար ճակատագրական այս օրերին, երբ մայրաքաղաքից պաշտոնյաներ են գալիս, գյուղի ապագան է որոշվում, գյուղ է այցելում, համագյուղացիների կողքին կանգնում: «Արմատներով Քաջարանից եմ, ծնողներս ու ամուսինս այստեղից են, այսօր նրանք չկան, բայց գերեզմաններն այստեղ են: Պապս եղել է գյուղի տերտերը: Ես ճիշտ չեմ գտնում, որ գյուղը քանդեն, ինչի՞ պիտի այն քանդեն, մեր ո՞ր մեղքն է, որ գյուղում օգտակար հանածո են հայտնաբերել: Թող եղած պաշարներն օգտագործեն, մի քանի տարի հետո ինչ կլինի-կլինի: Յուրաքանչյուր մարդ իր գյուղն ունի, էս գյուղի անունով է, ի վերջո, Քաջարանի կոկմբինատն այդպես կոչվում, եթե գյուղը վերանա կոմբինատը ինչպե՞ս է կոչվելու», – ասում է Սվետլանա Գեւորգյանը:
Գյուղի բնակիչների հավաստմամբ, գյուղը հատկապես մարդաշատ է դառնում գարնան ու ամռան ամիսներին` այգիների մշակման սեզոնին, իսկ տարվա մնացած ամիսներին շատերն ապրում են Քաջարանում, Կապանում կամ այլ վայրերում:
Մեր ունեցած տեղեկություններով, գյուղում կան մարդիկ, ովքեր դեմ չեն փոխհատուցում ստանալու եւ գյուղից տեղափոխվելու տարբերակին: Բայց նախընտրում են այս մասին առանձնապես չբարձրաձայնել: Դեռեւս մեկ կամ մեկուկես տարի առաջ ոմանք նույնիսկ պլանավորել էին տները վաճառել կամ ուղղակի տեղափոխվել քաղաք, բայց երբ սկսվեց գյուղի հետ կապված այդ գործընթացը՝ որոշ բնակիչներ ոչ միայն չվաճառեցին իրենց ունեցվածքները, այլ նաեւ սեփականաշնորհեցին իրենց պատկանող գույքը, որն մինչեւ օրս չէին գրանցել իրենց անուններով:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կապանի տարածքային ստորաբաժանումից տեղեկացանք, որ ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի որոշումից հետո մինչեւ օրս՝ դեկտեմբերի 20-ը սեփականաշնորհման 16 գործարք է եղել, որից մեկը նվիրատվություն:
Ըստ կադաստրի Կապանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանի, վերջին տարիների ընթացքում Քաջարան գյուղում ընդհանուր առմամբ կատարվել է անշարժ գույքի մոտ 130 գործարք: «Ինչ վերաբերում է գերակա շահ ճանաչված հողատարածքներին, ապա այն Քաջարան գյուղին չէր վերաբերում, դրանք գյուղից դուրս տարածքներ են, որտեղ չկան սեփական հաղամասեր: Գյուղը գերակա շահ չի ճանաչված», – պարզաբանում է պարոն Աղախանյանը:
Քաջարան գյուղը` երկու հանքավայրերի միջև
Մերի Ալեքսանյան, www.hra.am
Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչները արդեն 8 ամիս է պայքարում են ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման դեմ: Այդ որոշմամբ` Սյունիքի մարզում գյուղատնտեսական նշանակության 181,7 հա հողատարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ, փոխվել է հողերի նպատակային նշանակությունը՝ դառնալով արդյունաբերական, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության:
Պետության կարիքների համար օտարված տարածքից 27 հա պատկանում է Քաջարան գյուղին: Տարածքը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ին` հանքանյութ արդյունահանելու համար: Քաջարանի գյուղապետը պետք է իր գրավոր համաձայնությունը տա, սակայն նա հրաժարվում է ստորագրել փաստաթղթի տակ, ինչի պատճառով արդեն հրաժարական է ներկայացրել:
«Ինձ կանչել էին մարզպետարան, բոլոր կողմերից իշխանությունները շատ խիստ ձևով ճնշումներ էին գործադրում, որպեսզի ես ստորագրեմ պայմանագիրը: Ասում էին` պայմանագիրը պիտի պարտադիր ստորագրվի: Ես էլ պայմանագիրը չեմ ստորագրել, ոչ էլ կյանքում կստորագրեի”,- ասում է գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:
Նա ևս մեկ անգամ հայտարարում է, որ չի հրաժարվելու Քաջարանի համար պայքարից: «Ես, որպես գյուղացի, իմ դիրքորոշումն ունեմ` բոլորի հետ միասին պաշտպան կանգնել գյուղին, իմ գերեզմաններին, իմ հայրենիքին, իմ հողին: Պատրաստ եմ մինչև վերջ արյուն թափել»,- www.hra.am –ին ասաց Քաջարանի գյուղապետը:
Ըստ Կառավարության որոշման՝ հանրային շահը գերակա է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը «ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն»:
«Ծրագրի իրականացումը կապահովի ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների էական աճ, մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը և լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար»,- նշված է որոշման մեջ:
Այս հիմնավորմամբ Կառավարությունը որոշել է գյուղին պատկանող սեփականությունը օտարել, սակայն գյուղացիներն ասում են, որ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել:
Քաջարանի բնակիչ Էդգար Պողոսյանն նշում է, որ իրենք երկու անգամ ստորագրահավաք են կազմակերպել և դիմել համապատասխան պետական մարմիններին: Սակայն միակ պատասխանը, որ ստացել են Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, իրենց կարծիքով` լուրջ հիմնավորումներ չի տալիս:
«Միակ հիմնավորումը 100 աշխատատեղ ստեղծելն ու հարկային մուտքերը պետբյուջե մի քանի տասնյակ միլիոնով ավելացնելն է: Իսկ որոշման մասին ո՛չ տեղյակ են պահել, ո՛չ քննարկում է եղել համայնքի բնակչության հետ. ոչ մի բան: Իրենք գերակա հանրային շահի չարաբաստիկ որոշումն են կայացրել: Հիմա մեր պայքարը դրանում է, որ մեր կարծիքը հաշվի առնեն, գան տեղում մանրակրկիտ ձևով, հստակ լեզվով խոսեն, լսեն մեր կարծիքը, պահանջները»,- www.hra.am –ին ասաց Պողոսյանը:
Էդգար Պողոսյանի խոսքերով` Քաջարանի գյուղացիների մտավախությունն այն է, որ գյուղը կհայտնվի երկու հանքավայրերի արանքում. «Գյուղի աջակողմյան հատվածում շահագործվող հանք կա, հիմա էլ որ անցնեն ձախ կողմը, այդ գյուղում մնալն արդեն անիմաստ է: Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ճանապարհի հարցն ինչպես պետք է լուծվի»:
Մյուս վտանգը քաջարանցիները տեսնում են ոչ հեռավոր ապագայում: «Այն հատվածում, որ իրենք վերցրել են, այդքան մեծ քանակությամբ պաշարներ չկան: Հիմնական պաշարը գյուղի տարածքում է հենց: Մեր մտավախությունն այն է, որ սա պարզապես պատրվակ է հետևից մտնելու և աստիճանաբար ձգվելու դեպի գյուղը: Թիկունքից հարվածելու այս մոտեցումը մեր կառավարությանը բնորոշ վարքագիծ է»,- կարծում է Պողոսյանը:
Դեկտեմբերի 1-ին Քաջարան գյուղի բնակիչները բաց նամակ-դիմում են ուղղել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ գլխավոր բաժնետեր «Քրոնիմետ» ընկերությանը՝ պահանջելով չեղյալ համարել Կառավարության որոշումը, մասնակից չդառնալ հնամենի գյուղի տեղահանման ծրագրին:
«Համայնքի բնակչությունը պատրաստ է արյան գնով պաշտպանելու իր սրբությունները»,- ասված է դիմումի մեջ, որի տակ ստորագրել են 23 քաջարանցիներ: Նրանց խոսքերով՝ իրենք չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրը, և փոխհատուցման մասին որևիցե խոսակցություն չի կարող ստիպել փոխել իրենց մտադրությունը:
Դիմումի մեջ քաջարանցիները հորդորում են նաև խնամքով վերաբերվել բնական ռեսուրսների շահագործմանը, «քանզի նրանք անսպառ չեն, իսկ հետագա սերունդներին այդ ռեսուրսներից զրկելն առնվազն հանցագործություն է»:
Ըստ դիմումի՝ ԶՊՄԿ-ում աշխատող քաջարանցիներին սպառնում են աշխատանքից ազատել՝ հայրենի գյուղի պաշտպանության խնդրում ակտիվություն դրսևորելու համար:
«Համայնքի բնակչությունը պահանջում է սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսելու փոխարեն ապահովել ձեռնարկության աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև հարգել սեփականության մեր իրավունքը»,- «Քրոնիմետին» են դիմում Քաջարանի բնակիչները:
Քաջարանն ունի մոտ 300 բնակիչ, որոնք ապրում են սոցիալական վատ պայմաններում: Արդյունաբերական խոշոր ձեռնարկության հարևանությամբ գտնվող բնակավայրը, ի տարբերություն մյուս գյուղերի (Արծվանիկ, Սևաքար, Աճանան և Չափնի, որոնց մի մասը նույնպես հանրային գերակա շահի համար օտարվել է), իր բարձր դիրքի շնորհիվ կարողացել է համեմատաբար ավելի զերծ մնալ արդյունաբերության վնասակար հետևանքներից:
«Արծվանիկ գյուղում էլ հողեր չկան, միայն պոչամբարներն են: Մեր երկրի ընդերքից ինչ–որ իրենց պետք է եղել, հանել են, վերցրել են, մեզ էլ որպես «նվեր» թողել են թունավորված հողը»,- ասում է «Էկոլուր» բնապահպանական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը: Նրա խոսքերով՝ լաբորատոր ուսումնասիրությունն արծվանիկցի երեխաների մազերի մեջ մկնդեղի, սնդիկի և այլ ծանր մետաղների պարունակություն է հայտնաբերել:
Քաջարանի բնակիչների համառ պայքարի շնորհիվ և Սյունիքի մարզպետարանի միջամտությամբ` որոշվեց հանքի սահմանը Քաջարանի գերեզմանոցից 150-200 մետր հեռացնել, սակայն դա չի գոհացնում քաջարանցիներին:
Մեկանգամյա պայթեցման համար, ըստ Ինգա Զառաֆյանի, օգտագործվելու է 10 տոննա պայթուցիկ նյութ: Պայթեցման հետևանքով օդ բարձրացած փոշին իր մեջ պարունակող վտանգավոր նյութերով աղտոտելու է շրջակա միջավայրը՝ օդը, ջուրը, հողը, հետևաբար նաև գյուղատնտեսական բերքը, որը քաջարանցիների եկամտի գլխավոր աղբյուրն է:
«Եթե հանքը բացվի, ամեն ինչ կծածկվի փոշով: Մենք` բոլորս, ստիպված կլինենք հեռանալ։ Մենք դառնում ենք հարկադրաբար տեղահանվողներ: Բայց մեր հողը չենք տա, և պատրաստ ենք արյամբ պաշտպանել այն»,- քաջարանցիներն այսպիսի հայտարարություններ են հնչեցրել դեկտեմբերի 1-ին Կապանի Օրհուս կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ:
«Իմ կարծիքով` պետությունը կայացրել է անժամանակ որոշում: Միգուցե դրա ժամանակը գա, բայց այսօր, իմ խորին համոզմամբ, մեր կառավարությունը հնարավորություն չունի մի ամբողջ համայք տեղափոխել մեկ ուրիշ բնակավայր` մեր հուշակոթողով, եկեղեցիով»,-կարծիում է Քաջարան գյուղի բնակիչ Էդգար Պողոսյանը:
Նրա խոսքերով` առայժմ կառավարությունը փոխհատուցման մասին լռում է, իսկ «ոմբինատի ադմինիստրացիան ասեկոսեներ է տարածում, որ «այդտեղ գյուղ չկա», «իրենք վաղուց փոխհատուցել են», «կառավարությունը մեկ է, վերցնելու է»:
Քաջարանցիները կշնորհավորեն կառավարության «վերջին» Նոր տարին
Հռիփսիմե Ջեբեջյան, Առավոտ
Առաջիկա կառավարության նիստի օրը «Ժառանգության» ներկայացուցիչները բնապահպանների եւ քաջարանցիների ստվար բանակով շրջափակելու են կառավարության շենքը եւ պահանջելու կառավարության 627-Ն որոշումը ճանաչել անվավեր: Այսօր դա որոշվեց «Քաղաքացիական ազգային նախաձեռնության» կազմակերպած քննարկման ժամանակ. մասնակիցների խոսքերով՝ «դրանով կշնորհավորեն նաեւ կառավարության վերջին Նոր տարին»:
Քննարկման մասնակիցներն այսօրվանից ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ Քաջարանը «հանրային գերակա շահ» ճանաչելու որոշման: «Ժառանգության» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ «Մեր կառավարությունն ասում է հանրային շահ ու տարածքը տալիս է սրճարանի: Երբ ասում ենք՝ սրճարանը ի՞նչ կապ ունի հանրության հետ, ասում են՝ ո՞նց, բա հանրությունը չի՞ նստելու էդ սրճարանում»:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատմում էր, որ երբ ինքն այցելել է Քաջարան՝ իմացել է, որ տեղի հողերի մեծ մասը համայնքին է պատկանում, բնակիչները սեփական հողատարածքներ քիչ ունեն, ուստի դրա դիմաց ինչպիսի ճոխ փոխհատուցում էլ որ ստանան՝ ողջ համայնքը կորցնելու են:
Սյունիքի մարզպետի՝ Քաջարանի գյուղացիների հանդիպման տեսանյութում Սուրեն Խաչատրյանն իր ենթակա Խաչիկին հորդորում է, որ արխիվից հանի ու բնապահպաններին ցույց տա այն փաստաթուղթը, ըստ որի՝ 30 տարի առաջ քաջարանցիներն արդեն ստացել են փոխհատուցում: Քննարկման մասնակիցները խնդրեցին իրավաբաններին պարզաբանել՝ 30 տարի առաջ կնքված փաստաթուղթը կարո՞ղ է հիմք դառնալ, որ ներկայիս բնակիչներին վտարեն: Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ «Նման փաստաթուղթ չկա, եթե լիներ՝ մարզպետը կյանքում չեր գնա գյուղացիների հետ հանդիպման ու նրանց համոզելու: Բայց մյուս կողմից էլ՝ կառավարությունը ինչ փաստաթուղթ ուզես՝ կարող է սարքել ու ցույց տալ»:
«Գյուղակործանման» ծրագիր՝ կառավարության որոշման տեսքով
Մարինե Մարտիրոսյան www.168.am
Դեկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության հանձնախմբի` Սյունիքի մարզի Քաջարան գյուղ կատարած այցից, իսկ ավելի ճիշտ` ցուցադրական շոուից հետո, իրավիճակը շարունակում է առկախ մնալ Քաջարանում (հիշեցնենք, որ խոսքը ՀՀ Կառավարության այս տարվա ապրիլի 28-ի որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին է: Այս հողերը հանձնվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին):
Քաջարանի նախկին գյուղապետ Ռաֆիկ Աթայանի խոսքով` հանձնախմբի գալ-գնալուց հետո որեւէ բան չի փոխվել, եւ բնակիչները դարձյալ կանգնել են տեղահանման խնդրի առաջ: Թերեւս գյուղում փոխվել է միայն մեկ հանգամանք` գյուղի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Դե երեքշաբթի մարզպետն ինձ կանչեց իր մոտ, ասեց` գնա աշխատանքի, ես էլ ասացի` պայքարելու եմ` մինչեւ էդ չարաբաստիկ որոշումն անվավեր չճանաչվի»,- ասաց նախկին գյուղապետը` նկատելով, որ ինքն իր ներկայացրած հրաժարականի դիմումը ետ չի վերցրել: Ռ. Աթայանի ասելով` Կառավարության հանձնախմբի հետ բանակցությունների ընթացքում ինքը հարցեր է բարձրացրել, ասել, որ «գյուղի տեղահանման որոշում են կայացրել»: «Ես ինչ ասում եմ, իրականությանը բռնում ա: Իրանք էլ համաձայնեցին իմ ասածների հետ: Պարոն Բախշյանը (ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Արտաշես Բախշյանի մասին է խոսքը.- Մ.Մ.) գյուղացիներին ասաց, որ գյուղապետը ճիշտ է խոսում, բայց դեռ վերջնական որոշում չեն կայացրել: Ես էլ իրանց ասեցի` սկզբից գալիս են տեղը նայում, հետո որոշում կայացնում»,- նշեց Ռ. Աթայանը: Վերջինս հերքեց այն տեղեկատվությունը, թե իբր ԶՊՄԿ-ն ժամանակավորապես ձեռք չի տա գյուղի հողերին: «Եթե գյուղը գերեզմանի տակից սկսում են փորել, բա էդ ի՞նչ ա նշանակում: Իրանք ասում են, է՜, բայց եկեք իրականությունը տեսեք: Բա ի՞նչ են անում, որ չեն խաբում»,- նշեց նախկին գյուղապետը` կրկին հավելելով, որ իրենք շարունակելու են իրենց անզիջում պայքարը:
«Քրոնիմետ մայնինգի» նամակը
Օրեր առաջ «Էկոլուր» հ/կ-ի կայքում տեղադրվել է ԶՊՄԿ-ի 60 տոկոսի բաժնետեր գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ԲԸ-ի պատասխանը` «Էկոլուրի» բաց նամակին: Հիշեցնենք, որ Քաջարանի գյուղացիները եւս նամակ էին գրել գերմանական ընկերությանը, որտեղ նշել են հետեւյալը. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ծննդավայրում առկա է 25-50 տարվա պաշար: Հորդորում ենք Ձեզ խնամքով վերաբերվել բնական ռեսուրսների շահագործմանը, քանզի դրանք անսպառ չեն, իսկ հետագա սերունդներին այդ ռեսուրսներից զրկելն առնվազն հանցագործություն է»: Ի պատասխան նամակների` գերմանական ընկերությունը սկսել է գովաբանել կոմբինատին ու դրա տված «օգուտները»: «Ստանձնած պարտավորությունների շրջանակում ԶՊՄԿ-ն եւ «Քրոնիմետն» իրականացրել են ավելի քան 400մլն ԱՄՆ դոլարի հավակնոտ ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում ընդլայնվել են ձեռնարկության արտադրական ծավալներն ու հզորությունները, զգալիորեն աճել են պետական եւ համայնքային հարկային մուտքերը: Ավելին, ձեռնարկության զարգացումը ուղեկցվել է ուղղակի եւ հավելյալ աշխատատեղերի շարունակական ընդլայնմամբ: ԶՊՄԿ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, ապահովելով ավելի քան 3100 ուղղակի աշխատատեղ, իսկ ենթակապալառու կազմակերպությունների միջոցով ստեղծված աշխատատեղերի քանակն անցնում է 10.000-ից»,- ասվում է «Քրոնիմետին» պատասխան-նամակում: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ Կառավարության` այս տարվա ապրիլի 28-ին ընդունած որոշմանը, այլ կերպ ասած` Հայաստանին «օգուտներ» բերող կոմբինատին բացառիկ «լավություն» անելու քայլին, ապա «Քրոնիմետի» նամակում նշվում է. «Այս դեպքում գերակա պետական շահը պայմանավորված է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի բացհանքի ընդլայնման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ: Ընդլայնման այս ծրագիրն ուղղակիորեն կնպաստի արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների աճին` դրանով իսկ խթանելով Հայաստանի տնտեսական կայունությունը եւ դիվերսիֆիկացիան, ամրապնդելով արտահանման ներուժը, ապահովելով աշխատատեղեր եւ եկամուտ քաղաքացիների համար, ինչպես նաեւ թույլ կտա շարունակաբար բարձրացնել երկրի համաշխարհային վարկանիշը»: Գերմանական ընկերությունը նաեւ երաշխավորել է, թե հայաստանյան դուստր ընկերությունը գործում է «բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակում, մտահոգաբար է վերաբերվում տեղական բնակչության պահանջներին` հաշվի առնելով նրանց շահերը»: «Քաջարանցիներից ոչ մեկը համաձայն չէ այդ որոշման հետ, եւ բոլորը միաձայն պահանջում են Կառավարությունից անվավեր ճանաչել այն: Կարծում ենք, որ խախտվել է այդ բնակիչների սահմանադրական իրավունքը: Իսկ այդ դեպքում ամենաճիշտ քայլն այդ իրավիճակից դուրս գալու` այն է, որ Կառավարության վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչվի: Մենք չունենք այնպիսի օրենք, որ իրավունք կտա ուղղակիորեն դուրս վռնդել բնակչին իր բնակավայրից»,- նշեց «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա` իրենք դեռ ահազանգ չեն ստացել Սյունիքի մարզի մյուս գյուղական համայնքներից, որոնց հողերի որոշ հատվածը ճանաչվել է որպես գերակա հանրային շահ: Ի. Զարաֆյանի խոսքով` առաջիկա տարիներին նախատեսված է, որ ԶՊՄԿ-ն պետք է տա մոտ 20մլն տ հանքանյութ, ապա` մինչեւ 35 մլն տոննա հանքանյութ: «Իսկ Արծվանիկի պոչամբարն ուղղակի հնարավորություն չի ունենա այդպիսի քանակությամբ պոչերն ընդունել: Դա անպայման պետք է բարձրանա, հետեւաբար, պոչամբարն ընդլայնելու խնդիր կառաջանա»,- նկատեց «Էկոլուր» հ/կ-ի նախագահը` ընդգծելով. որ այդ քայլով Արծվանիկ գյուղը «շարքից» դուրս կգա, եւ ամբողջ տարածքը ոչնչացման վտանգի տակ է դրվում: Ի. Զարաֆյանի ասելով` Կառավարության վերոգրյալ որոշումն ուղղակիորեն կյանքի է կոչում ԶՊՄԿ-ն ընդլայնելու ծրագիրը:
Պոչամբարի լայնացում` գյուղերի հաշվին
Սյունիքի մարզի Չափնիի գյուղապետ Արշավիր Հակոբյանը նշեց, որ ինքը տեղյակ է Կառավարության 627-Ն որոշումից, բայց իրենք այլ ելք չունեն: Գյուղի հողերի 92 հա-ն ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: «Սովետի տարիներին 13հա-ն տրվում էր կոմբինատին, հետո էդ պայմանագիրն էլի թարմացվեց: Մենք լսել ենք էդ որոշման մասին, բայց կառավարությունից ոչ մի նամակ չենք ստացել»,- մեզ հետ զրույցում նշեց Չափնիի գյուղապետը` նշելով, որ որոշման մասին իրենք իմացել են այն գյուղացիներից, որոնք մարզպետարանից նամակներ են ստացել: «Էդ գյուղացիների հողերն էլ էին մտնում 92 հա-ի մեջ,- ընդգծեց Ա. Հակոբյանը` ավելացնելով,- Մենք էլ Ձեզ պես լսել ենք: Կոնկրետ ոչ մի բան չեն ասել»: Իսկ Արծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանի փոխանցմամբ` ինքը եւս տեղյակ է կառավարության նշյալ որոշումից, եւ գիտի, որ գյուղի հողերի 270 հա-ն ճանաչվել է գերակա հանրային շահ: Հարցին, թե` այդ հողերը ԶՊՄԿ-ն օգտագործելու է պոչամբարը լայնացնելու նպատակո՞վ, Արծվանիկի գյուղապետը պատասխանեց. «Հա, բա էլ ուրիշ ինչի՞ համար: Պոչամբարի խնդիրը էսօրվանից չի սկսել: Մեր գյուղի հողերը 1970-ական թթ. էին տվել կոմբինատին: Էն ժամանակ Մինիստրների խորհրդի որոշումն էր, էսօր էլ` կառավարության որոշումը: Էս հողերը հանքաշինության համար չեն օգտագործում, այլ սա իրենց համար պահեստի նման մի բան ա, իրենց ատխոդներն են թափում: Դա ինձնից կախված չի: Ես ի՞նչ կարող եմ անել»։ Արծվանիկի գյուղապետը շեշտեց, թե ինքը կատարում է միայն Կառավարության որոշումը: Երկու գյուղապետերը նշեցին, որ Քաջարան գյուղի դեպքը տարբերվում է, եւ բնական է, որ այդ գյուղի բնակիչները պայքարում են: Իսկ իրենք, ինչպես շեշտեցին, կառավարությունից որեւէ պաշտոնական հաղորդագրություն դեռ չեն ստացել, բայցեւ չեն էլ կարող ընդդիմանալ կառավարության որոշմանը: Այս պարագայում ավելորդ է խոսել կառավարության` «գյուղակործանման» ծրագրի մասին, որի անդամները գյուղերում շրջում են միայն այն ժամանակ, երբ PR-ի պակաս են զգում:
«Էկոաղետը գումարով չի չափվում»
Էլինա Չիլինգարյան, www.azatutyun.am
Բնապահպան ակտիվիստները դեկտեմբերի 21-ին հրավիրած ասուլիսում իրենց վրդովմունքն արտահայտեցին կառավարության «չարաբաստիկ» որոշմամբ Քաջարանում համայնքների սեփականության հանդիսացող շուրջ 180 հեկտար հողատարածքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելը:
Այս տարվա գարնանը կառավարության համապատասխան որոշմամբ, հիշեցնենք, այդ հողատարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ, ինչը նաեւ պատճառ հանդիսացավ, որ հրաժարական ներկայացնի Քաջարանի գյուղապետը:
«Արդյո՞ք ուզում ենք, որ սրանից 200-300 տարի հետո աշխարհի քարտեզի վրա Հայաստանը լինի որպես Հայաստանի պոչամբար», - ասուլիսում հարց հնչեցրեց բնապահպան ակտիվիստներից Ռուզաննա Գրիգորյանը:
Կառավարության որոշմամբ օտարվելիք վարելահողերի հետ կապված` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում վստահեցրել էր, որ կոմբինատը ամեն ինչի համար շուկայական գներով կփոխհատուցի:
Բնապահպանները, սակայն, պնդում են, որ համարժեք փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող, քանի որ «էկոաղետը գումարով չի չափվում»:
«Կառավարության որոշումը չի հստակեցնում տեղահանման մանրամասները եւ փոխհատուցման մանրամասները: Միայն օտարման մանրամասներն է հստակեցնում», - նշեց Գրիգորյանը:
Բնապահպանները վերջերս եղել են Քաջարանում, հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետի հետ: Վերջինս «բավականին կոպիտ է խոսել», բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի փոխանցմամբ` սպառնալիքներ է հնչեցրել. - «Սթափ պահեք ձեզ թե չի ձեր հետ մի բան կպատահի, ալա-բուլա ես երեւում, ագրեսիվ ես, ճպուռի մեկը` մարզպետի արտահայտած խոսքերն էին»:
Հանքավայրի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը, որի պատվիրակության հետ հանդիպմանը չորս տարի առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցող Սերժ Սարգսյանը ասել էր, որ Հայաստանի կառավարությունն իր առաջիկա 5 տարիների ծրագրում հանքարդյունաբերության ոլորտը դիտարկելու է զարգացման առաջնահերթությունների շարքում, եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ կառավարության համագործակցությունը կարող է հաջող օրինակ լինել:
Հայ կանաչներն այս հարցով հանդիպել են Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտին: Ի դեպ, հանքավայրը շահագործել պատրաստվող «Քրոնիմետ» ընկերության հիմնադիր նախագահը Գերմանիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Գյունթեր Պիլարսին է:
Բնապահպանները հեգնում են, թե Սյունիքում իրականացվում է «Գնա տնից» ծրագիրը:
Ակտիվիստները նախատեսում են ստորագրահավաք կազմակերպել եւ մինչեւ հունվարի 1-ը, երբ կառավարության որոշումը մտնելու է ուժի մեջ, կանխել էկոլոգիական աղետը:
«Ես անձամբ չեմ ստորագրի մի բան, որի համար իմ տղան գլուխը կախի»
Ժաննա Սարգսյան, Հետք
Գյուղ այցելած բնապահպաններին վստահեցրեց Արծվանիկի գյուղապետը
Երեք տարի է, Անուշավան Հարությունյանը Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքի ղեկավարն է: Դեռևս պետական տնտեսության ժամանակ, երբ պոչամբարի վերևի հատվածում ֆերմաներ էին, 10 տարի նա եղել է խոշոր եղջերավոր անասունների ֆերմայի վարիչը: «10 տարի՝ առավոտ, կեսօրին, իրիկունը, պոչամբարի մեջ էի: Անասուններին էլ ջուրը էդտեղից էինք տալիս, ուրիշ տեղ ջուր չկար»,- ասում է գյուղապետը:
Ա. Հարությունյանը կարծում է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումները չեն խաթարում կենսապայմանները: Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարում ձուկ ու բադ կա: Անմիջապես կողքին վարելահողեր են: Եկող-գնացողն էլ լուսանկարվում է շքեղ «փիրուզի» ֆոնին: «Ես էստեղ թունավոր, անպետք հող չեմ տեսել: Պոչամբարը գյուղից 1,5 կմ հեռու է: Ես հենց մեջին եմ աշխատել. վնաս չեմ տեսել»,- ասում է Ա. Հարությունյանը:
Չնայած սրան՝ գյուղապետը գիտի, որ պոչամբարի ձուկն ու բադն ուտելի չեն, որ այնտեղի ջուրը պիտանի չէ ոռոգման համար: Սակայն, դեռևս թունավոր բաղադրիչների վնասակարության պաշտոնական ուսումնասիրություն և գնահատում չի կատարվել:
«Էն ժամանակ պետական տնտեսություն էր, սրա մասին մտածող, գնացող-եկող չկար, բայց հիմա թող մի մասնագետ գա, ասի՝ վնաս ա, ես էլ դրա տակին ստորագրեմ: Ես ոչ կոմբինատի տնօրեն եմ, ոչ բժիշկ եմ, ոչ մասնագետ: Ես պոչամբարը չեմ ստեղծել: Ինձ որ հարցնեին, ես չէի թույլատրի, որ պոչամբար լիներ»,- շարունակում է գյուղապետը:
Դեռևս 1973 թվին Հայաստանի մինիստրների խորհրդի որոշումով համայնքից վերցվել է 240 հա տարածք և տրվել Քաջարանի կոմբինատին: Գյուղ են եկել համապատասխան մասնագետներ և եզրակացություն տվել, որ պոչամբարը չի վնասում շրջակա միջավայրին ու առողջությանը:
2006թ. ևս 102 հա է վերցվել համայնքից և կցվել կոմբինատի պոչամբարին: Այժմ էլ Կառավարության 627-Ն որոշմամբ Արծվանիկից օտարվում է ևս 277 հա տարածք՝ որպես հանրային գերակա շահ, և տրվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ որպես պոչամբարի տարածք:
Գյուղում խլրտումներ են սկսվել: Գյուղապետը երկու անգամ քննարկումներ է կազմակերպել և լսել գյուղացիների բողոքը: Երրորդին ներկա է եղել և Սյունիքի մարզպետը:
Արծվանիկում 210 ընտանիք է ապրում՝ 730 բնակիչ, սակայն աշխատանք չկա: 4 հոգի գյուղապետարանում է աշխատում, 4-ը՝ մանկապարտեզում, 2-ը՝ պոլիկլինիկայում:
Հողերը 4-րդ և 5-րդ կարգի են: Ավելի բերրի են ներքևի հողերը, որոնք ճանաչվել են գերակա շահ: Ընդ որում, դրանցից 94,67 հեկտարը գյուղացիների սեփականությունն է:
«Կառավարության որոշում է. ես կարամ դեմ գնամ դրան,- ասում է Անուշավան Հարությունյանը:- Բայց էլի հավաքվելու ենք, տեսնենք՝ ինչ կարելի ա անել: Ես անձամբ չեմ ստորագրի մի բան, որի համար իմ տղան գլուխը կախի»:
Դեկտեմբեր 26, 2011 at 16:14
