Ջերմուկցիներն անհանգստացած են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման առնչությամբ

Ջերմուկցիներն անհանգստացած են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման առնչությամբ

ԷկոԼուր

2011թ. նոյեմբերի 28-ին Ջերմուկ առողջարանային քաղաքում տեղի ունեցած քննարկման ժամանակ ջերմուկցիները անհանգստություն հայտնեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ: Քննարկումը կազմակերպել էր հանքավայրը շահագործել նախապատրաստվող «Lydian International»-ի «Գեոթիմ» դուստր ընկերությունը: Հանդիպման սկզբում «Գեոթիմ»-ի տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրեց իրենց ընկերության գործունեությունը, գլխավոր բաժնետերերին` Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (EBRD)` ընդգծեց բնապահպանական եւ սոցիալական հարցերում այս ընկերությունների խիստ մոտեցումները: Ապա ընկերության օտարերկրացի փորձագետը բացատրեց հանքի շահագործման անվտանգ գործընթացը:

 Ընկերության ներկայացուցիչների ելույթներից հետո ջերմուկցի մի երիտասարդ ներկաներին առաջարկեց դիտել Ամուլսարի նախագծի ռիսկերի վերաբերյալ  «ԷկոԼուր»-ի նկարահանած «Ամուլսար` ոսկու տենդ» ֆիլմը, սակայն ընկերությունը կտրականապես մերժեց առաջարկը: «Բերեք ձեր պրոյեկտորը, կոմպյուտերը, միացրեք, ձեր կայքէջից քաշեք ու ցույց տվեք: Ձեր ֆիլմը ցնդաբանության հիման վրա է»,- ասաց Կովկասում «Lydian International» ընկերության տնօրեն Ներսես Կարամանուկյանը: «Եթե հանրային քննարկում է, բերեք լսենք իր ասածն էլ: Մի ժամ է ձեզ ենք լսում:  Չի կարելի ասել ցնդաբանություն է, մենք չենք որակել ձեր ոչ մի խոսքը»,- հակադարձեցին ջերմուկցիները: Ներսես Կարամանուկյանն առաջարկեց. «Եթե «էկոԼուր»-ի ֆիլմից բխող, մտահոգող հարցեր կան, խնդրեմ, տվեք մեր անկախ մասնագետին»:

Ջերմուկի բնակիչները խիստ անհանգստություն հայտնեցին, որ հանքի շահագործման ընթացքում տարածքում ռադիոակտիվ մակարդակը կմեծանա: Գեոթիմի բնապահպանական եւ սոցիալական հարցերով կառավարիչ Արմեն Ստեփանյանը վստահեցրեց, որ տարածքում ուրան չկա, քանի որ հազարավոր տեստեր են իրականացվել, հազարավոր չափումներ են արվել տարբեր խորությունների վրա, եւ ուրան չի հայտնաբերվել:

«Մենք գտնվում ենք սեյսմիկ տեսանկյունից միջինը 7-8 բալանոց երկրաշարժային գոտում, հաճախ են եղել, որ բնածին աղետները եւ տեխնածին աղետները զուգակցվել են եւ մեծ վթարներ են առաջացրել: Հիմա ինչքանով ենք մենք երաշխավորված, որ պայթեցման աշխատանքների ժամանակ բնածին եւ տեխնածին աղետները երբեք չեն զուգակցվի, չէ որ այդ ռիսկի գոտին կարող է մեծացնել ռադիոակտիվ նյութերի արտահոսքը: Իսկ արտահոսքի դեպքում Արփա –Սեւան թունելով Սեւանա լիճի, Հրազդան գետի արտահոսքի միջոցով ամբողջ Արարատյան դաշտի հողերը կաղտոտվեն: Այսինքն, դա նշանակում է, որ սննդամթերքը ամբողջ հանրապետությունում պիտանի չի լինի օգտագործման համար»,- անհանգստություն հայտնեց Ջեմուկի բնակչուհին: Ի պատասխան «Գեոթիմ»-ի տնօրեն Հայկ Ալոյանն ասաց. «Պայթեցման աշխատանքները ոչ մի կապ չունեն: Եթե հաշվի առնենք, որ Երեւան քաղաքում երկու-երեք շենքեր իրար կողքի են եւ նոր շենքի ֆունդամենտի համար իրականացվում են պայթեցման աշխատանքներ: Բոլոր պայթեցման աշխատանքները վերահսկելի են: Այսինքն, կարող ենք համապատասխան պայթուցկը ավելացնենք կամ պակասեցնենք, ունենանք իրենց  էֆեկտը: Ոչ մի կապ չունի դա սեյսմիկայի հետ, եւ ոչ մի կապ չունի ընդհանրապես ուրանի, ռադիացիայի եւ այլ արտահոսքերի հետ»: Ներսես Կարամանուկյանը նշեց, որ իրենք միջազգային բնապահպանական նորմերին են հետեւում, որ դառնալու են Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը, որը բյուջե է լցնելու եւ, որ իրենք չեն պատրաստվում Հայաստանը լքել: «Եթե որեւէ բացասական բան է լինելու, մենք` բոլորս, պատասխան ենք տալու»,- ասաց Ն. Կարամանուկյանը: «Ես գտնում եմ, որ Ջերմուկի ջուրը որպես կապույտ ոսկի ավելի մեծ տնտեսական շահույթ կբերի, քան մետաղական ոսկին: Սա մեր ապագան է, ես չգիտեմ, թե ձեր ապագան որտեղ է: Ես էստեղ ծնվել եմ, ես էստեղ ապրում եմ, դուք գալու եք ու գնալու եք: Ես նայում եմ իմ սերունդների համար»,- հակադարձեց Ջերմուկի բնակչուհին:

Մեկ այլ ջերմուկցի էլ նշեց, որ առաջին անգամ են առնչվում այս հարցի հետ եւ հարցրեց. «Ի՞նչ արդյունք կունենա հանրության կարծիքը ձեր հետագա ծրագրերի վրա, չէ որ դուք արդեն ներդրել եք գումարներ, կատարել եք աշխատանքներ: Արդյոք հնարավոր է, որ կանգնի ձեր գործունեությունը, թե հանրության կարծիքը ոչ մի կերպ չի կարող ազդել ձեր աշխատանքների վրա»:

Գեոթիմի ներկայացուցիչները պատասխանեցին. «Բոլոր փաստացի, գիտական հիմնավորումով տվյալները 100%-ով հաշվի կառնվեն, բայց եթե դա բանսարկությունների, ասեկոսեների մակարդակի վրա է, ապա…»:  «Մենք մեր հայրենիքի, հայրենի հողի նկատմամաբ բանսարկությամբ չենք զբաղվում: Մենք մեր սերունդների առաջ պատասխանատվություն ենք կրում: Միգուցե դա գումար է, որ մտնում է պետական բյուջե, եւ այդ ձեւով ազդում է որոշ մարդկանց գրպանների վրա: Մեզ վրա որքան է անդրադառնում, չգիտեմ, բայց բնապահպանությունը պահանջում է, որ մենք մեր սերունդներին առողջ բնություն ժառանգենք: Ինչ բանսարկության մասին է խոսքը: Մենք թշնամի՞ ենք մեր հողին կամ մեր գրպանին, չեմ հասկանում», բարկացավ բնակչուհին:  Այնուհետեւ կրքերն ավելի թեժացան, երբ ջերմուկցիներից մեկը հարցրեց, թե արդյոք հանքը կշահագործվի, երբ ջերմուկցիների 80%-ը դեմ է եւ հետո էլ անդրադարձավ 2007թ. ռուսական Горный Журнал-ում տպագրված հոդվածին, որտեղ նշվում է, որ Ամուլսարում 76 տոննա ուրան կա: «ԷկոԼուրին ասեք, իրենք լավ տեղյակ են»,- պատասխանեց Ներսես Կարմանուկյանը: Հայկ Ալոյանը ասաց. «Հոդվածի մեջ նշվել է ամբողջ Սովետական Միության մեջ եղած ինֆորմացիան: Այդ ինֆորմացիան ստացվել է, համպատասխան նմուշներն անալիզ արվել են, ու ես 2007 թվին է, 8, 9 10, 11 թվին ասում եմ, որ ուրանի հանքավայր Ամուլսարի գլխին չկա: Դա վերցված է սովետական ինֆորմացիան, որը մշակվել է ու դրվել է մասնագիտական ժուռնալի մեջ, որը հանրության հետ ոչ մի կապ չունի»:

Նշենք, որ Գեոթիմի պաշտոնական կայքում տեղադրված  «Ջերմուկ քաղաքում և Կեչուտ գյուղական համայնքում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների վերհանմանն ուղղված քանակական եւ որակական հետազոտությունների արդյունքների ներկայացում» անվանմամբ փաստաթղթում (http://www.geoteam.am/media/documents/Newsletters/Scoping%20Study/Social%20baseline/SocialBaselineStudy-Jermuk,Kechut_ARM.pdf) նշված է, որ ջերմուկցիների  72,2%-ը տեղյակ է եղել ընկերության գործունեությունից, բնակչության կեսից ավելին դրական են գնահատել ընկերության գործունեությունը, իսկ 41,9%-ը չեզոք դիրք է գրավել:  



Դեկտեմբեր 14, 2011 at 14:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր