

ԷկոԼուր
«Lydian International» ընկերությունը 2015թ-ին պլանավորում է ապահովել Ամուլսարի ծրագրի ամբողջական ֆինանսավորումը և անցնել հանքի շինարարության փուլին: Այս մասին ասել է «Lydian International»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը, տեղեկացնում է «Գեոթիմ» ՓԲԸ-ը:
Սույն թվականի մարտի 1-ից 4-ը Տորոնտոյում տեղի ունեցած հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովի ժամանակ «Lydian International» ընկերությունը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը:
«Ամուլսարի ծրագրի շնորհիվ բազմաթիվ պոտենցիալ ներդրողներ տեղեկացել են Հայաստանի մասին՝ որպես ներդրումային առումով գրավիչ երկիր: Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք շարունակելու ներկայացնել ծրագիրը և Հայաստանը նման առանցքային միջոցառման շրջանակներում, ինչպիսին Տորոնտոյի համաժողովն է (PDAC): Տնտեսական անկայունության ներկա պայմաններում ներդրումներ ներգրավելը մարտահրավեր է: Համաժողովի ընթացքում մենք Ամուլսարի ծրագրի պրեզենտացիա ունեցանք և ուրախ ենք, որ ծրագրի և Հայաստանի հանդեպ ներդրողների հետաքրքրությունը պահպանվում է: … Մենք ծրագրում ենք կառուցել համաշխարհային կարգի հանք Հայաստանում, որը շահավետ կլինի ամբողջ երկրի, համայնքների և ներդրողների համար»,- ասել է «Lydian International»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:
Համաժողովի շրջանակներում «Lydian International» ընկերության ղեկավարությունը հանդիպել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ:
Հիշեցնենք, որ «Lydian International» ընկերությունը` ի դեմս իր «Գեոթիմ» դուստր ընկերության պատրաստվում է շահագործել ՀՀ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանագծին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը: «Lydian International»-ի բաժնետերերից են Համաշխարհային բանկի կազմի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD):
Մարտ 11, 2015 at 15:02
