ՈՒՐԱՆ. ԶԱՐԿ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ, ՀԱՐՎԱԾ ԷԿՈԼՈԳԻԱՅԻՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Արմինե Ավագյան, «Արմենիանաու»-ի Կապանի թղթակից

Սունիքում ուրանի հանքավայրերի հետախուզական աշխատանքները, որ պիտի սկսվեն առաջիկայում եւ որոնց արդյունքում առանց այն էլ մի քանի հանքարդյունաբերական ձեռնարկություն ունեցող տարածաշրջանում կսկսվի նաեւ ուրանի արդյունահանումը, մտահոգություններ է առաջացրել բնակչության շրջանում:

Մասնավորապես, Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանը, որի ղեկավարած համայնքի տարածքում են գտնվում գյուղերը, որտեղ աշխատանքներ պիտի կատարվեն (Փուխրուտ, Լեռնաձոր, Կաթնառատ), ասում է, թե բնական է` ով որ մի փոքր գիտի, թե ուրանն ինչ է, գիտակցում է դրա վտանգավորությունը: Բայց իրենց դեռ պաշտոնապես ոչինչ չեն հայտնել, ինքն էլ ԶԼՄ-ներից է տեղեկացել, որ այս տարածքում պիտի ուրան որոնեն:

Նա գիտի, թե ենթադրյալ հանքերը որտեղ են, քանի որ խորհրդային տարիներին էլ այդ տարածքներում ուրանի հետախուզական աշխատանքներ են կատարվել, բնակիչները հիշում են, որ վրացական արշավախումբը հանքի մուտքը բետոնապատել ու արագ հեռացել է:

1968-ի ուժեղ երկրաշարժից հետո տարիներ շարունակ լեռնաձորցիները բնակվում էին փայտե տնակներում: Միայն վերջին տարիներին կառավարությունն սկսեց նրանց փոխհատուցում տալ, ու գյուղում լայն թափով տների շինարարարություն էր ընթանում: Բայց գյուղապետի փոխանցմամբ, ուրանի մասին լուրերն ազդել են բնակարանաշինության վրա. լսելով ուրանի մասին` մարդիկ անտրամադիր են ու անորոշության մեջ սպասում են, չգիտեն` տուն սարքե՞ն այստեղ, թե՞ ոչ: «2007-ին փոխհատուցում ստացածներից յոթ հոգուց չորսն է հիմա շինարարություն անում: Մարդիկ մտածում են` բա որ վաղը գան դուրս անեն կամ էլ ասում են` այստեղ տուն շինեմ, երեխաներիս համար հիվանդությո՞ւն բերեմ», – պատմում է Պետրոսյանը:

Ապրիլի 22-ին ՀՀ բնապահպանության նախարարության եւ Ռուսաստանի «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ միջեւ Հայաստանում ուրանի հանքավայրերի ուսումնասիրության ու շահագործման աշխատանքների կատարման համար համատեղ ձեռնարկություն հիմնելու վերաբերյալ պայմանագիր կնքվեց: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրել էր, որ երկրաբանահետախուզական աշխատանքները Սյունիքի մարզում նախատեսվում է սկսել սեպտեմբերից:

Արամ Հարությունյանը նաեւ ասել էր, որ հանքավայրերը չեն վնասի Շիկահողի արգելոցին (որի հարակից տարածքում հետախուզական աշխատանքների մասին եւս խոսք է գնում):
Ավելի վաղ ատոմային էներգիայի Ռուսաստանի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտարարել էր, թե կախված պաշարներից` Ռուսաստանը կարող է այս գործում մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդնել:

Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանը, որն ամենայն հավանականությամբ կղեկավարի երկրագիտական աշխատանքները, տեղեկացրեց, որ դրանց հայ եւ ռուս մասնագետներ կմասնակցեն:

Նա ասում է, թե ուրանի հանքավայրերը հիմնականում թաքնված են, երկրի խորքում են գտնվում, եւ դրանց շահագործումը փակ է կատարվում: Դա նշանակում է, որ երկրի մակերեսին հանք որպես այդպիսին չի լինելու, այլ գետնի տակ թունելներ կլինեն: «Վտանգը միայն շատ փոքր տարածքի վրա է. դա թունելի մուտքն է: Մնացածը գետնի տակ է լինելու, այնպես որ ռադիոակտիվությունից բնակչության վախն անհիմն է»:

Գրիգորյանն ինքը երկու հայտնագործության հեղինակ է, որոնք վերաբերում են ուրանի թաքնված հանքավայրերի որոնմանը եւ կիրառվում են աշխարհում: «Համաշխարհային հանրությունն արդեն ուրանի հանքավայրերն անվտանգ շահագործելու մեծ փորձ ունի: Շատ արդյունավետ միջոցներ կան, որպեսզի ճառագայթումը քիչ լինի եւ վտանգ չներկայացնի: Մարդիկ տասնյակ տարիներ աշխատում են ուրանի հանքավայրերում, Կանադայի կեսն այսօր ուրանի հանքավայրեր են… Այնքան մաքուր են հանում, որ խնդիր չունեն: Ճառագայթումն այն ժամանակ է վտանգավոր, երբ որ արդեն հարստացված է ուրանը, իսկ շահագործման ընթացքում վտանգ չկա», – նշում է ակադեմիկոսը:

Հարստացում Հայաստանում չի լինի, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել արդյունահանված ուրանը հարստացնել Ղազախստանի եւ Ռուսաստանի կողմից Անգարսկում հիմադրված ատոմային կենտրոնում:

Սերգեյ Կիրիենկոն տեղեկացրել էր, որ խորհրդային տարիներին կատարված հետախուզական աշխատանքների համաձայն` Հայաստանում մոտ 30 000 տ ուրանի պաշար կա, որը միջին մեծության հանք է համարվում, նա հավանական էր համարել, որ պաշարները 1.5-2 անգամ ավելին կարող են լինել:

Սերգեյ Գրիգորյանն ասում է, թե նախկին ուսումնասիրությունների տվյալները պաշարների մասին կանխագուշակություն են: (Ընդ որում, Երեւանում այդ կապակցությամբ տվյալներ չեն եղել, դրանք պահպանվել են միայն Մոսկվայում): «Հստակ հաշվարկ չկա, չունենք կոնկրետ հայտնաբերված հանքավայրեր, որոնք այսօր կարելի է օգտագործել: Եթե հայտնաբերենք ուրանի հանքավայրեր, այդ դեպքում կարելի է հաշվել պաշարները, դրանից հետո արդեն սկսել շահագործումը»:

Առհասարակ, գիտնականները նույնիսկ բացասական տեղեկատվության ստացումը դրական են համարում պետության համար, որովհետեւ որոշակի գնահատական է տրվում տեղանքին:

Ըստ գիտնականի մշակած մեթոդի` երկրաքիմիական նմուշարկում կարվի հողի մակերեսին, որն էկոլոգիապես անվտանգ է: Կվերցվի 50-100 գրամ հող` յուրաքանչյուր տեղամասում 400-500 նմուշ, եւ կուսումնասիրվի լաբորատորիայում: Ընթացքում կարող են հայտնաբերվել այլ տարրեր եւս, քանի որ ուրանը միշտ հանդես է գալիս ուղեկցող այլ մետաղների հետ, ինչն ըստ Ս. Գրիգորյանի` օգտակար կլինի մեր տնտեսության համար: «Այսինքն` ուսումնասիրման փուլում ոչ մի հորատում չի լինում, որեւէ վնաս չի հասցվում: Բացառված է, որ արգելոցը վնաս կրի, անգամ կարող ենք այդ նմուշարկման արդյունքում պարզել` կա՞ ուրանի հանքավայր արգելոցի տարածքում, միգուցե նրանց համար էլ օգտակար կլինի իմանալ, որ տարածքում կա ռադիոակտիվություն: Բայց, իհարկե, արգելոցում ոչինչ չի շահագործվի»:

Ակադեմիկոսի փոխանցմամբ ուսումնասիրություններն առնվազն երկու տարի կտեւեն:

Շիկահողի պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը ասում է, թե պատերազմի ծանր տարիներին իրենք իրենց հողը, այդ ձորը, հայրենիքը պահել են «թուրքի» դեմ. «Հիմա թույլ չենք տա մեր ձորը մտնեն, ուրան հանեն»: Նա էլ առայժմ միայն խոսակցություններ է լսել, պաշտոնապես իրեն ոչ ոք չի դիմել: «Նախնական հանձնարարականներով մարդիկ մոտեցան, ես ցույց եմ տվել, թե որն է արգելոցի տարածքը»: Նա հիշեցնում է, որ արգելոցի տարածքում մարդու ցանկացած միջամտություն արգելվում է, եւ ինքը թույլ չի տա` որեւէ մեկն այնտեղ թեկուզ փորձնական հետախուզություն անի:

«Իսկ ինչ վերաբերում է մյուս տարածքներին, որ հարակից են արգելոցին, որտեղ նախկինում էլ հետախուզական աշխատանքներ են կատարել, մեզ չի խանգարում»:

Հայաստանի նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նշել էր, որ ուրանի արդյունահանումը կխրախուսի Հայաստանի կառավարության` նոր ատոմակայանի կառուցման ծրագրի իրականացումը, քանի որ, եթե ունես սեփական հումքային ռեսուրսներ, պետք է գնաս այդ քայլին: (Ներկա ատոմակայանի աշխատանքը նախատեսվում է մինչեւ 2016-ը:) Իսկ դա լուրջ գործոն կլինի էներգառեսուրսների առումով Հայաստանի ինքնաբավ լինելու համար:

Իսկ ուրանի գինն աշխարհում աճում է, քանի որ տնտեսական հաշվարկներով ներկայումս աշխարհում առաջարկը բավարարում է ուրանի պահանջարկի ընդամենը 55 տոկոսը: Ներկայումս մեկ կգ ուրանն աշխարհում արժե մոտ 150 դոլար:

Մայիս 30, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր