Սկանդալ Ամուլսարի ծրագրի հասարակական լսումների ժամանակ

Սկանդալ Ամուլսարի ծրագրի հասարակական լսումների ժամանակ

ԷկոԼուր

Օգոստոսի 25-ին` ժամը 10:00-ին, Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում, Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հասարակական լսումները սկսվեցին սկանդալով: Նախագծի հեղինակները նոր էին սկսել ներկայացնել նախագիծը, երբ Գնդեվազի մի բնակիչ հարցրեց. «Ինչի՞ համար եք Գնդեվազում կազմակերպել այս լսումները, երբ Գնդեվազի բնակիչների ընդամենը 5 տոկոսն է այստեղ, մնացած մասնակիցները Գորայքից ու Սարավանից են»: Լսումներին ներկա գնդեվազցիները հայտարարեցին, որ իրենց պետք չէ այդ նախագիծը, որ իրենք գիտեն, որ ցիանիդը թույն է եւ ընկերությունն իրենց հաշվին ցանկանում է փող աշխատել, որ իրենք այդ ծրագրի իրագործման դեպքում չեն կարող գյուղատնտեսությամբ զբաղվել, կկորցնեն իրենց առողջությունը, իսկ հանքի շահագործումից հետո ընկերությունը կհեռանա եւ իրենց ոչինչ չի մնա եւ դուրս եկան լսումների դահլիճից: Գնդեվազի գյուղապետ Հարություն Մկրտչյանը դուրս եկավ բորբոքված բնակիչներին հանդարտեցնելու, սակայն իրավիճակն էլ ավելի սրվեց, սկսեց վիճաբանություն: Դրսում են նաեւ տեղի ոստիկանության աշխատակիցներ: Մինչ դրսում գնդեվազցիները վիճում էին, լսումները ներսում շարունակվում են:

Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագիծն իրականացնում է  «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս «Գեոթիմ» ՓԲԸ-ի: Ըստ  «Lydian International»-ի` Ամուլսարի ծրագրի գլխավոր ներդրողներն են` Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) է, որը տնօրինում է ընկերության բաժնետոմսերի 8.1 տոկոսը, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), որին պատկանում է բաժնետոմսերի 6.9 տոկոսը:

Նախատեսվում է Ամուլսարի ոսկու համքավայրը շահագործել 11 տարիների ընթացքում, եւ հանքաքարից ոսկին կորզել Գնդեվազից ընդամենը 1.2կմ հարավ կառուցվելիք կույտային տարրալվացման հարթակում ցիանիդի միջոցով:

Հիշեցնենք, որ Գնդեվազ համայնքի 210 բնակիչներ բողոքի նամակ են գրել IFC-ի Օմբուդսմենի գրասենյակին եւ EBRD-ին` պահանջելով դադարեցնել ծրագրի ֆինանսավորումը: Շարունակությունը հետեւում է:

Օգոստոս 25, 2014 at 11:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր