Սևանի հանձնաժողովի` Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հարցման մերժումը խախտում է Հայաստանի օրենսդրությունը

Սևանի հանձնաժողովի` Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հարցման մերժումը խախտում է Հայաստանի օրենսդրությունը

ԷկոԼուր

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը էկոԼուրին մերժեց տրամադրել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի 2014թ. դրական եզրակացության տեքստը: Մերժման հիմնավորումը չի համապատասխանում ԷկոԼուրի հարցման էությանը և խախտում է Հայաստանի օրենսդրությունը:

ԷկոԼուրը 2014թ-ի հոկտեմբերի 16-ին նամակով դիմել էր հանձնաժողով` խնդրելով տրամադրել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի 2014թ. եզրակացության տեքստը:

Ի պատասխան հանձնաժողովի անդամ Յուրի Ջավադյանը 2015թ. հունվարի 19-ի նամակում գրում է. «ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովի կողմից «ՀՀ Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր» նախագիծը քննության է առել 24.09.2014թ. նիստում, և դ7/14-փ արձանագրությունով ամրագրվել են երկու կետից բաղկացած առաջարկությունները:

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Սյունիքի մարզի Գորայք գյուղապետարանում 27.09.2014թ. կազմակերպված նախագծի և ՇՄԱԳ-ի հաշվետվության լսումներում «Գեոթիմ» ՓԲԸ կողմից ամրագրվեց, որ հանձնաժողովի կողմից արված առաջարկությունների հիման վրա նախագծում կատարվել են համապատասխան լրամշակումներ:

Նախագծի լսումներում Ձեր կողմից բացակայությունը, գնահատելով որպես դրական մոտեցում նախագծային լուծումների նկատմամբ, 16.10.2014թ. նամակին պատասխան չի տրվել:

Անհրաժեշտության դեպքում առաջարկվում է նախագծի վերաբերյալ հետաքրքրող հարցերի շուրջ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել ՀՀ բնապահպանության նախարարության փորձագիտական ՊՈԱԿ-ին, որտեղ գտնվում են նախագծային և համաձայնեցման բոլոր փաստաթղթերը»:

ԷկոԼուրի հարցմանը Յուրի Ջավադյանը պատասխանեց մի քանի ամիս անց` խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հետևյալ դրույթները` հոդված 9-ի 7-րդ կետի 1-ին ենթակետ. «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում»: Խախտված է նաև նույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին ենթակետը. «Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը»:

Ջավադյանի մերժումը խախտում է Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայի 4-րդ` «Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության մատչելիություն» հոդվածը:

Նամակում մերժման հիմնավորումը. «Նախագծի լսումներում Ձեր կողմից բացակայությունը, գնահատելով որպես դրական մոտեցում նախագծային լուծումների նկատմամբ, 16.10.2014թ. նամակին պատասխան չի տրվել»,  չի համապատասխանում իրականությանը և հասարակաության նկատմամբ «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգ»-ում ամրագրված պահանջներին: Կարգի 29-րդ կետում նշված է. «Հանրության կարծիքը համարվում է դրական, եթե քննարկումներին ոչ մեկը չի ներկայանում կամ դիտողություններ կամ առաջարկություններ չի ներկայացվում»:

Նշենք, որ ԷկոԼուրի թիմը մասնակցել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում 25.08.2014թ. տեղի ունեցած հասարակական լսումներին և ուղարկել իր բացասական կարծիքը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին, որը հնչեցվել է 27.09.2014թ. Գորայքում տեղի ունեցած Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումների ընթացքում «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանի կողմից:

Այս գործընթացը լիովին համապատասխանում է  «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգ»-ի 29-րդ կետի պահանջներին:

Հայտնի է, որ 2012թ-ին «Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական կարծիք հայտնեց Ամուլսարի ծրագրի վերաբերյալ և առանց որևէ խոչընդոտի տրամադրեց կարծիքի տեքստը ԷկոԼուրին: Այդ ժամանակ հանձնաժողովը ղեկավարվում էր երջանակահիշատակ Վլադիմիր Մովսիսյանի կողմից, ով ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Քանի դեռ ես ողջ եմ, Ամուլսարը  չի լինի»:

Ամուլսարի ոսկու հանքը չպետք է շահագործվի. Վլադիմիր Մովսիսյան

Փետրվար 06, 2015 at 13:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր