ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՊԱՆՑԻ Է, ԲԱՅՑ ՈՒՐԱՆԻՑ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ

ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՊԱՆՑԻ Է, ԲԱՅՑ ՈՒՐԱՆԻՑ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ

Սամվել Ավագյան, News.am

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր մի քանի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դեռ պարզ չէ` Հայաստանում ուրան կա՞, թե՞ ոչ: Մինչ այդ հայտարարվել էր, որ միայն Սյունիքի Լեռնաձոր գյուղի մերձակա տեղանքում ուրանի պաշարները կազմում են մոտ 30 հազ. տոննա:

Սակայն նախարար Մովսիսյանն ասաց, որ առայժմ հայտնաբերվել են միայն ուրանի երեւակումներ, իսկ պաշարների մասին ստույգ կարելի է խոսել միայն ուսումնասիրություններից հետո: Նախորդ ուսումնասիրությունները կատարվել են 50-ական թվականներին, որից հետո եզրակացվել է, որ հայտնաբերված պաշարները հզորությամբ եւ պարունակությամբ չէն համապատասխանում այն ժամանակվա տեխնոլոգիական չափանիշներին: Սակայն, ըստ Մովսիսյանի, նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս հուսալ, որ Հայաստանում եւս հնարավոր է ուրանի արդյունահանում: Աշխատանքներն իրականացնում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը», որի բաժնետերերն են Հայաստանի կառավարությունը եւ «Ռոսատոմը»:

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Լեռնաձորի (գտնվում է Կապանի եւ Քաջարանի միջեւ) մերձակայքում կիրականացվեն հորատումներ: Այն հարցին, թե արդյո՞ք նման հորատումները ռադիացիոն վտանգ չեն ստեղծի, նախարարը միանշանակ բացասական պատասխան տվեց: «Ես ինքս Սյունիքից եմ, կապանցի եմ, ծնվել եւ մեծացել եմ այնտեղ, 10-15 տարի է` ինչ տեղափոխվել եմ Երեւան: Առաջին հերթին ես եմ շահագրգռված, որ Սյունիքի բնակիչը չտուժի»,- ասաց Մովսիսյանը: Նրա համոզմամբ` եթե պաշարներ հայտնաբերվեն ու հանքը ճիշտ ձեւով շահագործվի, շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար վտանգներ չի լինի:

Սակայն Լեռնաձոր գյուղի բնակիչները հավաստիացնում են, որ 60-ական թվականներին կատարված առաջին իսկ հորատումից հետո սատկեցին գյուղի անասնագոմի բոլոր անասունները: Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուրան պարունակող ապարները պարտադիր պարունակում են նաեւ ռադոն, որն էլ հորանցք փորելիս ռադիացիոն վտանգ է ստեղծում: 

Մովսիսյանը բացառեց նաեւ, որ վտանգվում են ստորերկյա ջրերը: «Սյունիքը ստորերկյա ջրերից զերծ տարածք է: Ինչ խորությամբ էլ ծակեք` ջուր չեք գտնի»,- ասաց նախարարը:

Մովսիսյանի կարծիքով` առայժմ 50-50 է հավանականությունը, որ Հայաստանում ուրանի պաշարները բավարար կլինեն արդյունահանման համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ տվյալ տարածքում ռադիացիոն ֆոնը նորմայի սահմաններում է` չի գերազանցում 16 միլիռենտգենը:

ՊԱՐԶ Է, ՈՐ ՈՉԻՆՉ ՊԱՐԶ ՉԷ
Արամ Զաքարյան, Առավոտ


ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը ուրանի հանքերի մասին քննարկումներում նախընտրում է չխոսել վատի ու կասկածելիի մասին:

2009 թվականի նոյեմբերի 12-ին «Առավոտը» առաջին անգամ անդրադարձավ Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ սյունեցիների բողոքին: Դրանից հետո այլ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, բնապահպանական հ/կ-ները աղմուկ բարձրացրին, իսկ երեկ այս ամենի մասին պարզաբանումներ տվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նախարար Արմեն Մովսիսյանի համար հասկանալի չէ ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ բողոքն ու աղմուկը, քանի որ դեռ պարզ չէ՝ Սյունիքում ուրանի հանքերը կշահագործվե՞ն, թե՞ ոչ: «Այսօր միայն որոնողա-գնահատողական աշխատանքներ են իրականացվում: Հետո պետք է երկրաբանական աշխատանքներ կատարել, հորատումներ անել, ճշտել ուրան կա, թե չկա, եթե կա, ինչպիսի պաշարներ են, առկա պաշարների դեպքում կա՞ն այնպիսի տեխնոլոգիաներ, որ էֆեկտիվ են տվյալ պաշարների արդյունահանման համար: Իսկ լրատվամիջոցներն ու բնապահպանները մի քանի տարի առաջ են ընկել: Եթե իմանայինք, որ այսքան-այսքան պաշարներ ունենք, կմշակեինք, էլ ինչո՞ւ էինք ուսումնասիրում: Ոչ մեկը չգիտի, թե ինչ խորության վրա որքան ուրան կա, դրա համար էլ ուզում ենք պարզել, թե ինչքան ուրան կա: Գիտենք, որ ոսկի կա եւ հարակից մետաղներ, բայց պաշարները չգիտենք»,- հայտարարեց Արմեն Մովսիսյանը:

Ծնունդով սյունեցի նախարարը գիտի, որ խորհրդային տարիներին ուրանի հետախուզական աշխատանքները ցույց են տվել, թե կան երեւակումներ: «Պատասխանը մեկն է եղել, որ անհեռանկարային է դրանց օգտագործումը: Այն ժամանակ ուրանի գինը ցածր էր, ուրան օգտագործողները քիչ էին»,- ասաց նախարարը: Նույն նախարարության տարածած տեղեկանքում նշված է, որ այն ժամանակվա «ուսումնասիրությունների հեղինակները իրենց եզրակացություններում նշում էին հայտնաբերված գոտիների ուսումնասիրության հեռանկարը՝ հաշվի առնելով տնտեսապես եւ էկոլոգիապես հիմնավորված, նմանատիպ հանքավայրերի արդյունաբերական տեխնոլոգիաների յուրացումը»:

Նախարարը վստահ է ու վստահեցնում է, որ եթե Սյունիքում ուրանի հանքերը շահագործվեն, ապա միայն առանց մեզ վնաս տալու, այնպես, որ շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա ազդեցություններ չլինեն: «Բնապահպանների աղմուկը պոպուլիստական է: Շահագործման հավանականությունը 50/50 է: Եթե հաստատված պաշարներ լինեն ու դրանց շահագործումը տնտեսապես եւ տեխնոլոգիապես էֆեկտիվ լինի՝ մեկ օր առաջ ենք բարձրաձայնելու»,- ասաց նախարարը:

Արմեն Մովիսյանի պարզաբանումները լսելուց հետո հարցրինք՝ եթե ամեն ինչ այդքան անորոշ է, ինչո՞ւ էին Կապանում 2009 թվականի օգոստոսի 4-ի հանրային լսումների արդյունքները կեղծվում եւ հայտարարվում, թե Սյունիքում մեծ խանդավառությամբ են ընդունել ուրանի հնարավոր շահագործման ծրագիրը՝ ոգեւորվել են նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարով եւ դեմ չեն եղել: Իրականում դեմ են եղել: Այս մասին Արմեն Մովսիսյանը ոչինչ չասաց, պատասխանեց միայն, որ երբ ուրանի շահագործման մասին դեռ խոսակցություններ էին, առաջին արձագանքները այդպիսին էին՝ մարդիկ իսկապես ոգեւորված էին աշխատատեղերի ստեղծման հեռանկարով: «Մի հատ էդ բնապահպաններին կարո՞ղ եք մատների վրա հաշվել՝ քանիսն են սյունեցի: Սյունիքի դարդուցավից են խոսում...»,- նկատեց Արմեն Մովսիսյանը: «Ուրեմն, եթե դուք սյունեցի եք, պիտի Շիրակին վա՞տ նայեք» մեր այս հարցին ի պատասխան՝ Արմեն Մովսիսյանը պատասխանեց, թե ուզում էր ասել, որ ինքը Սյունիքի պրոբլեմները լավ գիտի ու լավ է պատկերացնում: Նախարարը չէր լսել մտահոգությունները, թե ուսումնասիրության նպատակով կատարվող հորատումներից հետո հորատանցքերը բաց են մնում ու ռադիոակտիվ ճառագայթման օջախ դառնում: Բայց խոստացավ նման բան լինելու դեպքում՝ զբաղվել հարցով:

Մինչ Երեւանում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը պարզաբանումներ էր տալիս, Կապանի ավագանին դիմել է ՀՀ Ազգային ժողով եւ կառավարություն ու հորդորել՝ չեղյալ հայտարարել Սյունիքում ուրան գտնելու նպատակով անցկացվող երկրաբանական-հետախուզության աշխատանքները:

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Գայանե Հովակիմյան, Հայաստանի Հանրապետություն


Ուրանը չգտած՝ նրանից բխող սպառնալիքների խնդիրն է օրակարգ մտնում

Ուրանի երեւակումներ Հայաստանում եղել են դեռեւս անցած դարի կեսերին։ Խորհրդային Հայաստանի իշխանությունները իրականացրել են ուրանի հանքավայրերի հայտնաբերման որոնողա—գնահատողական աշխատանքներ։ Սակայն այդ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ ուրանի առկա պաշարները հզորությամբ եւ պարունակությամբ չէին համապատասխանում այդ ժամանակի տեխնոլոգիական չափանիշներին։ Այդուհանդերձ, ուսումնասիրությունների հեղինակները իրենց եզրակացություններում նշում էին հայտնաբերված գոտիների ուսումնասիրության հեռանկարը՝ հաշվի առնելով տնտեսապես եւ էկոլոգիապես հիմնավորված նմանատիպ հանքավայրերի արդյունաբերական տեխնոլոգիաների յուրացումը։

60 տարի անց՝ 2008թ. հունիսին, ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջեւ համաձայնություն ձեռք բերվեց «Հայ—ռուսական լեռնահանքային կազմակերպություն» (ՀՌԼԿ) հիմնադրամ ստեղծելու մասին, որը պետք է զբաղվի երկրաբանական հետախուզությունների, ուրանի հանքաքարերի եւ ուղեկցող օգտակար հանածոների արդյունահանմամբ եւ վերամշակմամբ։
ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 23—ի որոշման համապատասխան, ինչպես նաեւ 88 հատուկ լիցենզիայի եւ «Օգտակար հանածոների մշակման նպատակով ընդերքի ուսումնասիրության N456 լիցենզիոն պայմանագրի» համապատասխան՝ «ՀՌԼԿ» ՓԲԸ—ն իրականացնում է երկրաբանա—հետախուզական աշխատանքներ Սյունիքի մարզում։

Հայ—ռուսական համատեղ ձեռնարկության կողմից անցած տարվանից իրականացվող ընդերքի ուսումնասիրման աշխատանքները վերջին շրջանում բողոքի մեծ ալիք են բարձրացրել հայաստանյան մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների շրջանում։ Նրանք հայտարարում են, որ ամեն ինչ անելու են՝ «աղետալի նախագիծը» ձախողելու համար։

Բնապահպանները համոզված են, որ առանց այդ էլ՝ տարբեր հանքանյութերի արդյունահանման եւ վերամշակման պատճառով բնապահպանական տեսանկյունից աղետալի վիճակում հայտնված մարզում, ուրանի արդյունահանումից հետո, իրավիճակն այլեւս շտկել հնարավոր չի լինի։ Ըստ նրանց՝ ուրանի արդյունահանումը անմիջական սպառնալիք է ստեղծում ինչպես տեղի, այնպես էլ ողջ երկրի բնակչության առողջության համար։

Ըստ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի՝ ուրանի արդյունահանումը կհրահրի գենետիկական խաթարումներ, քաղցկեղ, անոմալիաներ։ Բնապահպանների վստահեցմամբ՝ ուսումնասիրությունների ընթացքում իրականացվող հորատումները արդեն իսկ սպառնալիք են շրջակա միջավայրի եւ հարակից բնակավայրերի համար՝ խոսքը, մասնավորապես, Լեռնաձոր գյուղի մասին է։

Ուրանը պլյուս է՝  այլ ոչ թե մինուս

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բնապահպանների կողմից հնչեցվող այս անհանգստությունները միանգամայն անհիմն է համարում։ Ըստ նախարարի՝ այժմ միայն որոնողա—գնահատողական աշխատանքներ են իրականացվում, եւ մարդկանց կյանքին ուրանի պատճառած վնասակար հետեւանքների մասին  խոսելը ո՛չ տեղին է եւ ո՛չ էլ՝ ժամանակին։ Նախ՝ դեռ պարզ չէ, կա՞ ուրան որոնվող տարածքներում, թե՞ ոչ։ Պարզ չէ նաեւ՝ հայտնաբերման դեպքում ի՞նչ չափով այն կլինի եւ արդյոք տնտեսապես նպատակահարմար կլինի՞ այդ ուրանի արդյունահանումը։ «Դեռ ջուրը չտեսած՝ բոբիկանում ենք»,–նկատեց Ա. Մովսիսյանը։

«Ես ծնունդով Սյունիքից եմ, երկար տարիներ, մինչեւ վերջին 15 տարին, ապրել եմ այնտեղ եւ մտահոգված եմ ու շատ լավ տիրապետում եմ Սյունիքի մարզում գոյություն ունեցող խնդիրներին»,–նշեց նախարարը։ Նա հավաստիացրեց, որ ուրանի հետազոտական աշխատանքների հետ կապված որեւիցե խնդիր այս պահին գոյություն չունի. «Ես անձամբ եմ եղել տեղում եւ զրուցել տեղի բնակչության հետ։ Վստահեցնում եմ՝ դժգոհություններ չեն եղել»։ Լեռնաձորում եւ հարակից տարածքներում ռադիոակտիվ մակարդակը, համաձայն պարբերաբար իրականացվող չափումների, նորմայի սահմաններում է. վերջին չափումների համաձայն՝ ժամում 16 միլիռենտգեն։

Ընդհանուր առմամբ, դեռ երկու տարի էլ կպահանջվի որոնողա—գնահատման աշխատանքներն ավարտելու համար, որը, ի դեպ, 3 մլն դոլար արժե։ Եվ միայն դրանց ավարտից հետո կհստակեցվի՝ արդյոք ձեռնտո՞ւ է ուրանի արդյունահանումը կամ հնարավո՞ր է այդ հանքավայրերի շահագործումը։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն իր զարմանքը հայտնեց նաեւ մամուլում շրջանառվող 30 հազար տոննա ուրանի պաշարների առկայության լուրի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ եթե ուսումնասիրությունները ընթացքում են եւ շարունակվելու են մինչեւ 2012թ., ինչպե՞ս կարելի է խոսել ուրանի որոշակիացված պաշարների մասին։
Սեփական էներգետիկ պաշարներից հիմնականում զուրկ լինելով՝ Հայաստանը տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում ուրան ներկրելու համար։ Եվ, ըստ Ա. Մովսիսյանի, դա ուղղակի բախտավորություն կլինի մեզ նման երկրի համար, եթե ուրանի հանքավայրեր հայտնաբերվեն։

Նշենք, որ համաձայն լիցենզիոն համաձայնագրի՝ Սյունիքի մարզում այս տարի կշարունակվեն մանրակրկիտ երկրաքիմիական եւ ռադիոմետրական հանույթները, երկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական նյութերի հավաքագրումը եւ անալիզը, մասնագիտացված երկրաբանական հանույթը, երկրաքիմիական նմուշների նմուշարկումը եւ մշակումը, միներալապետրոգրաֆական ուսումնասիրությունները, ինչպես նաեւ տոպոգեոդեզիական աշխատանքները։ Նախատեսված է մակերեսային հողային աշխատանքներ (հետախուզաառուների եւ հետախուզահորերի անցում)։ Պլանավորված է նաեւ լաբորատոր ուսումնասիրությունների շարունակում։

2010 թ. կատարվող ուսումնասիրությունները թույլ կտան բացահայտել ուսումնասիրվող շրջանի երկրաբանական պատկերը եւ ստանալ տարածքի ռադիոմետրական քարտեզը։

Հունիս 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր