ԿԱՊԱՆՈՒՄ ԴԵՄ ԵՆ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ

ԿԱՊԱՆՈՒՄ ԴԵՄ ԵՆ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ

Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ
  
Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում շարունակվում են Հայաստանի կառավարության 2008թ. թիվ 234-Ն որոշմամբ նախատեսված ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքները։ Հանքավայրը կամ ուրանի երեւակումը Լեռնաձոր գյուղի անմիջական հարեւանությամբ գտնվող բլուրներում է, իսկ Լեռնաձորը Կապան քաղաքի եւ Քաջարանի միջեւ է, Քաջարանից ընդամենը մոտ 2 կմ հեռավորության վրա։ Ընդհանուր առմամբ, տվյալ տարածքին շատ մոտ 4 բնակավայր կա։
  
Այժմ եւ այս տարվա ընթացքում ուրանի հանքավայրի տարածքում (լիցենզիան տրված է 15 քառ. կմ տարածքում հետազոտությունների համար) կատարվող աշխատանքների կապակցությամբ Կապանի քաղաքապետարանում հուլիսի 2-ին տեղի ունեցավ քննարկում։
  
Բացի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ, Հայաստանի ուրանային ծրագրով զբաղվող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արեգ Գալստյանից, հանդիպմանը մասնակցելու համար եկել էին նաեւ նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը, ՓԲԸ գլխավոր տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանը, որոնք գրեթե չխոսեցին, ինչպես նաեւ այդ ընկերության գլխավոր երկրաբան Սամվել Դայանը։ Վերջինիս տեղեկացմամբ, ինչպես 2009թ., այս տարի եւս, սակայն ավելի մանրակրկիտ, շարունակվում են երկրաքիմիական եւ երկրաբանական նմուշարկումները, երկրաֆիզիկական եւ երկրաբանական հետազոտությունները։
  
-Դրանից հետո եթե արդյունքները բավարարեն, մենք կանցնենք կարճ հորատումների,- ասաց Ս.Դայանը։
  
Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ կարճ հորատումների մասին է խոսքը, երբ ավելի վաղ ընկերության գիտական խորհրդատու, ԳԱԱ ակադեմիկոս, երկրաբան Սերգեյ Գրիգորյանից տեղեկացել էինք, որ այս տարվա 2-րդ կիսամյակում հետազոտական հորատումները կարող են հասնել 200-250 մ խորության։ Համենայն դեպս, նույնիսկ կարճ հորատումները տեղի բնակչությանը եւ մի շարք ՀԿ-ների անհանգստացնում են։ Տարեցները հիշում են դեռ խորհրդային տարիներին Գրոմովի եւ Կոլցովի ուրանային առաջին արշավախմբի աշխատանքների հետ կապված տխուր դասերը։
  
Սյունիքի մարզի Փխրուտ համայնքի բնակիչ, տվյալ հանքի տարածքում խորհրդային տարիներին որոնողական-հետախուզական աշխատանքներին մասնակցած Գեդեոնի տեղեկացմամբ, այդ կողմերում 30 մ խորության հասած հորատանցքից շատ տհաճ հոտ է եկել, հանձնաժողով է ժամանել, նայել, փակել են։
  
Այնուհետեւ ուրիշ տեղ՝ Լեռնաձորի սովխոզի տարածքում է հորատանցք բացվել, ինչից հետո անհասկանալի պատճառով, զանգվածաբար սատկել են Լեռնաձորի սովխոզի նոր ծնված հորթերը։ Գրեթե ամբողջ Հայաստանից եկած անասնաբույժները գլուխ չեն հանել, թե որն է պատճառը։ Միայն հետո Երեւանից եկած գլխավոր բժիշկը (հավանաբար գլխավոր անասնաբույժը կամ գլխավոր սանիտարական բժիշկը) իմանալով այդ հորատանցքի մասին ինչ-որ տեղեկություններ, գնալով ու տեսնելով այն, կարգադրել է շուտափույթ բետոն անել ու փակել հորատանցքը։
  
Թերեւս նաեւ այս պատճառով է, որ տեղի բնակչությանը, Կապանի (եւ ոչ միայն) ավագանու անդամներին, քննարկմանը մասնակցող ՀԿ-ների ղեկավարներին ու ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանին այդպես էլ հանգստություն չներշնչեցին Ա.Գալստյանի եւ Ս.Դայանի այն հավաստիացումները, որ առայժմ կատարվում են միայն որոնողական-հետախուզական աշխատանքներ, որոնք անվտանգ են։
  
Ամեն դեպքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մի կողմից տեղի ՀԿ-ների, Կապան եւ Լեռնաձոր համայնքների ներկայացուցիչների, մյուս կողմից՝ Ա.Գալստյանի եւ Ս.Դայանի միջեւ։ Ըստ այդմ, համայնքների եւ ՀԿ-ների ներկայացուցիչները հետազոտական հորատումներից առաջ եւ հետո հրավիրվելու են ռադիոակտիվ ճառագայթման, ռադիոլոգիական ֆոնի չափումներին, ավելին՝ կազմվելու է ռադիոլոգիական ֆոնի մանրակրկիտ քարտեզ։
  
Ա.Գալստյանը, կարծես փորձում էր ներկա ընդդիմախոսներին համոզել, որ այժմ կատարվող որոնողական-հետախուզական աշխատանքները դեռ չեն նշանակում հանքավայրի շահագործում, դա բնավ պարտադիր չէ, պարզապես անհրաժեշտ է, որ մեր երկիրն իմանա, թե որտեղ ինչ բնական պաշարներ ունի։ Սակայն, կարծում ենք, բոլորին էլ պարզ է, որ այդ աշխատանքները սոսկ դրա համար չեն կատարվում, դրա համար չէ, որ մասնակցում ու մեծ գումարներ է ներդրել ռուսական կողմը, եւ բավարար պաշարների հայտնաբերման ու տնտեսապես թեկուզ փոքր-ինչ ձեռնտու լինելու պարագայում, հանքավայրի շահագործումը սկսվելու է։
  
Ընդգծենք, որ տեղի քաղաքացիական հասարակության եւ համայնքների բոլոր ներկայացուցիչները, ովքեր ելույթ ունեցան, միանշանակ անհանգստացած ու մի շարք փաստարկներ բերելով, դեմ էին ուրանային ծրագրի իրագործմանը։
  
Կապանի ավագանին ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքների կապակցությամբ ս.թ. հուլիսի 1-ին ընդունել է հանրապետության նախագահին, ԱԺ-ին եւ կառավարությանն ուղղված մի ուղերձ, որում մասնավորապես նշված է.
  
«Հնարավոր բազմաթիվ էկոլոգիական անկանխատեսելի հետեւանքները, ռադիոակտիվ ճառագայթման անխուսափելիությունը, Ողջի գետի ավազանի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով կհանգեցնեն Սյունիքի մարզի հարավային սահմանամերձ շրջանների բնակիչների արտագաղթին` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
  
Խնդրում ենք ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ կառավարությանը կրկին անդրադառնալ ուրանի հանքավայրերի շահագործման ծրագրերին` դրանք կասեցնելու եւ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը չեղյալ համարելու նպատակով»:
  
Շարունակելի

ԿԱՊԱՆՈՒՄ ԴԵՄ ԵՆ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ
Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ

 
  Սկիզբը՝ նախորդիվ
  
Լեռնաձոր համայնքի տարածքում գտնվող ուրանի հանքավայրի կապակցությամբ Կապանի Օրհուս կենտրոնում 2009թ. օգոստոսի 4-ին կազմակերպված հասարակական լսումների արդյունքում կազմվել է արձանագրություն, ուր մասնավորապես նշված է. «Լեռնաձոր համայնքի լիազոր ներկայացուցիչը գոհունակությամբ նշեց, որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կլինի մինիմալ, եւ գուցե կստեղծվեն որոշ աշխատատեղեր բնակչությանն ընդգրկելու համար»։
  
Այս կապակցությամբ Լեռնաձոր համայնքի ղեկավար ՍՏԵՓԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ընդգծում է, որ այս գործն առաջին քայլից սկսվել է ստի վրա, ինքն իրականում այդպիսի բան չի նշել։
  
-Լեռնաձոր համայնքում, նաեւ հարակից գյուղերում մենք աշխատատեղերի պրոբլեմ չունենք, ունենք Քաջարանի կոմբինատ, որը լուծել է բոլոր հարցերը,- Կապանի քաղաքապետարանում օրերս կազմակերպված եւ ուրանի հանքավայրին առնչվող քննարկումների ընթացքում ասաց Լեռնաձորի գյուղապետը։ -Համայնքի բնակչությունը, ինչպես նաեւ ես ինքս միանգամայն դեմ ենք։ Ճիշտ է, մենք չենք խանգարում հետազոտական աշխատանքներին, բայց շահագործման ժամանակ ընդհանրապես դեմ ենք լինելու, եւ միանշանակ է՝ մեր ոչ մի գյուղացի «այո» չի ասի։
  
Մեզ հետ զրույցում Ս. Պետրոսյանը բացատրեց այն հիմնական պատճառը, թե ինչու է գյուղի բնակչությունը միակամ դեմ այդտեղ ուրանային ծրագրի իրագործմանը։
  
-Ոչ ոք չի ուզենա, որ իր տան մոտ ուրանի հանքավայր բացեն կամ շահագործեն,- ասաց նա։ -Մարդիկ 40-50 միլիոն փող են ծախսել, տուն են սարքել, որ ապրեն, բայց մարդ կա, որ դեռ անավարտ տան կառուցումը չի շարունակում, որովհետեւ անորոշության մեջ է։ Եթե որոշեն ուրանի հանքավայրը շահագործել, ոչ միայն Լեռնաձորը, այլեւ շրջապատի մյուս բնակավայրերն էլ կդատարկվեն։
  
Սյունիքի մարզի մի շարք հասարակական կազմակերպություններ եւ Կապանի Օրհուս կենտրոնն արդեն դիմում են հղել Քաջարանի քաղաքային համայնքի եւ Լեռնաձոր համայնքի ղեկավարությանը՝ առաջարկելով ավագանու արտահերթ նիստ հրավիրել եւ վերջնականապես «ոչ» ասել ուրանի հանքավայրի ոչ միայն հնարավոր շահագործմանը, այլեւ այժմ ընթացող երկրաբանահետախուզական աշխատանքներին։ Միաժամանակ ՀԿ-ները կոչ են արել նաեւ միանալ Կապանի ազգաբնակչության շրջանում սկսված հակաուրանային ստորագրահավաքին, որին, ինչպես տեղեկացվեց, արդեն միացել է ավելի քան 7000 մարդ։
 
Տեղի տալով քննարկման մասնակիցների համառ հարցադրումներին, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արեգ Գալստյանը խոստովանեց՝ իհարկե, նպատակն այն է, որ ուրանը գտնվի եւ ուրանը շահագործվի, եթե դա տնտեսապես ձեռնտու լինի։
  
Խորհրդային տարիներին հիշյալ հանքավայրը չի շահագործվել, նախնական գնահատումներով, հանքաքարի պաշարների ոչ մեծ լինելու, հանքաքարի մեջ ուրանի ոչ մեծ պարունակության, հետեւաբար տնտեսապես ոչ ձեռնտու լինելու պատճառով։ Սակայն ժամանակները փոխվել են, գիտությունը եւ տեխնիկան զարգացել են, ասպարեզ է եկել ուրանի հանքավայրը դարձյալ փակ եղանակով շահագործելու, բայց տնտեսապես ավելի շահավետ համարվող նոր տեխնոլոգիա, միաժամանակ համաշխարհային շուկայում բարձրացել եւ, ինչպես կանխատեսվում է, առաջիկայում էլ ավելի են բարձրանալու ուրանի գները։
  
Իսկ ի՞նչ տեխնոլոգիայի մասին է խոսքը։ Հիշյալ ընկերության գիտական խորհրդատու, ԳԱԱ ակադեմիկոս, երկրաբան ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ տարբեր առիթներով քանիցս խոսել է տարալվացման եղանակով ուրանի արդյունահանման մասին, որին վերոնշյալ քննարկման ընթացքում հպանցիկ անդրադարձավ նաեւ Ա. Գալստյանը։ Արդյունահանման այդ եղանակի սկզբունքը հակիրճ հետեւյալն է. հատուկ սարքերով ու բարձր ճնշմամբ հորատանցքերից ընդերք, ուրանի հանքամարմնի մեջ է մղվում դրանից ուրանը կորզող հեղուկի (սովորաբար ծծմբական թթվի) հսկայական զանգված, ինչից հետո ուրանն արդեն իր մեջ լուծած հեղուկն այլ հորանցքերից պոմպերով դուրս է քաշվում։ Այսինքն՝ նշված եղանակի դեպքում հանքաքարն ընդերքից դուրս չի հանվում։
  
Գրեթե կասկած չկա, որ Լեռնաձորի ուրանի հանքավայրի շահագործման պարագայում արդյունահանման հենց այս եղանակն է ընտրվելու առնվազն երկու-երեք պատճառով. նախ Կապանից դեպի Ռուսաստան, որտեղ նախատեսված է հանքանյութի մշակումը, երկաթուղի չկա, իսկ հարյուրավոր բեռնատարներով հազարավոր տոննաների հասնող ուրանի հանքաքարի տեղափոխումը նման հսկայական տարածություն (բարձման-բեռնաթափման դժվարությունների մասին էլ չենք խոսում)՝ անհնար է, տնտեսապես ձեռնտու չէ եւ խիստ վտանգավոր է։ Մեկ այլ խնդիր է նաեւ նման տեղափոխման համար Վրաստանի եւ, ընդհանրապես, ցանկացած տարանցիկ երկրի թույլտվությունը ստանալը։
  
Եթե նույնիսկ ընդունենք, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումն ապագայում իրականություն կդառնա, ապա տարալվացման եղանակով արդյունահանման ընտրությունն ավելի հավանական է նաեւ այն պատճառով, որ այդ եղանակով ուրանի կորզումը կիրառվում է կորզվելիք մետաղի ցածր պարունակություն ունեցող հանքավայրերում (արտադրական ծախսերը նվազեցնելու նպատակով), իսկ Լեռնաձորի հանքավայրը, ինչպես նշեցինք, նախնական գնահատումներով հենց այդպիսին է համարվում։
  
Տարալվացման եղանակով ուրանի արդյունահանումն իր դրական կողմերով հանդերձ, էկոլոգների հավաստմամբ, ունի նաեւ մի շարք բացասական կողմեր, որոնցից այժմ կնշենք ընդամենը մեկը՝ ստորերկրյա ջրերի աղտոտման մեծ վտանգը։
  
Ընդգծենք, որ իր մեջ ռադիոակտիվ ուրանը լուծած քիմիական այդ ուժեղ թթուն տվյալ վայրում կարող է դուրս գալ նաեւ մակերես, վարակել ու թունավորել նաեւ հենց Լեռնաձոր գյուղով հոսող Ողջի գետը, որի ջրերից իրենց այգիներն ու բանջարանոցները ջրելու համար օգտվում են նաեւ այլ բնակավայրերի բնակիչներ։

Հուլիս 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր