

News.am
Անդրադառնալով Սյունիքի մարզում ուրանի արդյունահանման խնդիրներին՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ միայն պաշարները ճշտելուց հետո կորոշեն՝ արդյունավե՞տ է հանքավայրի շահագործումը, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ դեռ 2 տարի է պետք հետախուզման եւ ուսումնասիրությունների համար։ Կապանի ավագանու եւ բնապահպանական կազմակերպությունների բացասական վերաբերմունքի հետ կապված՝ նախարարը կտրուկ հայտարարեց, որ հետախուզական աշխատանքները չեն դադարեցնի՝ «պետք է իմանանք՝ մեր երկրում ինչ ունենք, ինչ չունենք» պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ 2009թ. ապրիլին «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը» Հայաստանում 5 տարով ուրանի հանքավայրերի երկրաբանահետախուզական աշխատանքների լիցենզիա է ստացել: Ընկերության հիմնադիրներն են «Ռոսատոմը» եւ Հայաստանի կառավարությունը` հավասար մասնաբաժիններով: Աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի մերձակայքում։ Նախնական գնահատականներով՝ ուրանի պաշարները կարող են կազմել մոտ 30 հազ. տոննա։
ԿԱՊԱՆՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ՝ ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔԻՆ ՎԱՏ ԲԱՆ ԼԻՆԻ
Ինգա Մարտինյան, Հետք
«Այն, ինչ-որ կխանգարի, չենք անի, ինչ-որ չի խանգարի, չի փչացնի, վնաս չի տա, կանենք: Ես միայն ծնունդով չեմ Կապանից, ես շատ եմ կապված այդ քաղաքի հետ, հաճախակի եմ լինում, իմ ողջ բարեկամությունը այնտեղ է, ես թույլ չեմ տա, որ մի բան կատարվի, որը բացասական ազդեցություն ունենա քաղաքի վրա»,- ասում է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` անդրադառնալով Կապանում ուրանի հանքավայրի հայտնաբերման ուղղությամբ կատարվող ուսումնասիրություններին:
Նախարարի խոսքերով` այս պահին Կապանում ընթանում են ընդամենը որոնողահետախուզական աշխատանքներ, դեռևս պաշարների կամ առարկայական թվերի մասին խոսել հնարավոր չէ, միայն հետազոտություններից հետո կիմանանք` ուրան կա, թե չկա, և եթե կա, ապա ինչ քանակությամբ:
Դրանից հետո կորոշեն` տնտեսապես էֆեկտիվ է շահագործումը, թե ոչ, գնել ուրանը, թե շահագործել սեփականը: Իսկ մինչ այդ նախարարը նշեց, որ պետք է պարզել` մեր երկրում ինչ ունենք և ինչ չունենք: Արմեն Մովսիսյանը նշում է, որ երբ չգիտենք դեռ ուրան կա, թե չկա, խոսք լինել չի կարող տեխնոլոգիաների մասին: Որոնողահետախուզական աշխատանքների վերջնաժամկետը լրանում է երկու տարուց:
Նա անդրադարձավ նաև կապանցիների բողոքներին, ավագանու խնդրանքին կառավարությանը` ուրանը շահագործելու վերաբերյալ: Նախարարը մասնավորապես նշեց, որ երբ գա ժամանակը, իրենք կլսեն Կապանի ավագանուն էլ, հարևան գյուղերի ավագանուն էլ, բոլորին կլսեն.
«Եթե հիմնավոր կլինեն նրանց բերած փաստարկները, բնականաբար կլսենք, եթե հիմնավոր չլինեն, չենք լսի»: Իսկ թե ով պետք է որոշի հիմնավոր-չհիմնավոր լինելն, Արմեն Մովսիսյանն պատասխանեց` համապատասխան մասնագետները, հանձնաժողովները:
Հուլիս 15, 2010
