ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ՞ Է ԶՈՀԱԲԵՐԵԼ ՀԱՆՈՒՆ ԹԵԿՈՒԶ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ

ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ՞ Է ԶՈՀԱԲԵՐԵԼ ՀԱՆՈՒՆ ԹԵԿՈՒԶ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ

Արթուր Հովհաննիսյան, Ազգ

Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող ուրանի հանքավայրի տարածքում շարունակվող որոնողական-հետախուզական աշխատանքների կապակցությամբ Կապանի քաղաքապետարանում օրերս կազմակերպվել էր քննարկում:

- Պարբերաբար այսպիսի հանդիպումներ կազմակերպելու ենք, առաջին հերթին դուք կլսեք, ինֆորմացիան կստանաք, կխոսենք, եւ ձեր մտահոգությունները կփորձենք փարատել,- դիմելով քննարկմանը մասնակցող տեղի համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, հասարակական կազմակերպությունների նախագահներին ու ներկայացուցիչներին, ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արեգ Գալստյանը:

Անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն, գրեթե չհայտնվեց, իսկ մտահոգությունները, փարատվելու փոխարեն, թերեւս ավելի խորացան:

Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ, ավագանու անդամ Խորեն Հարությունյանը նախարարության եւ ընկերության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով Կապանի առանց այն էլ վատ էկոլոգիական իրավիճակի վրա, ի թիվս որոնողական-հետախուզական աշխատանքների դադարեցում պահանջող այլոց, ասաց` այդ աշխատանքները պետք է դադարեցնել, մեզ պետք չէ իմանալ, թե ինչ կա: Այս խոսքից անմիջապես դահլիճում թնդաց ներկա գտնվող մի քանի տասնյակ մարդկանց` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, տեղի համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների, կատարվող ու կատարվելիք աշխատանքներին դեմ տեղի բնակիչների ծափահարությունը:

- Ես հարգում եմ ձեր դիրքորոշումը, միանշանակ ընդունում եմ ձեր մտավախությունները, մտահոգությունները եւ ձեր խոսքն այն մասին, որ այս տարածաշրջանում ունենք բավականին մեծ քանակության արդեն աշխատող հանքեր, եւ էկոլոգիայի տեսանկյունից այստեղ մենք, իրոք, շատ բան ունենք անելու,- ասաց Ա. Գալստյանը:

Թեեւ նախարարի տեղակալը խոստովանեց, որ «Միանշանակ՝ յուրաքանչյուր հանք բերում է պրոբլեմներ բնակչության համար...», սակայն քիչ անց հարցրեց. «Այ, դուք ասում եք՝ պետք չէ մեզ, չե՞ք ուզում իմանալ որտեղ եք ապրում»:

- Հավատացեք, որ ոչ,- պատասխանեց Խ. Հարությունյանը:

- Ես Կապանում եմ ապրում, Կապանի համար կռվել եմ, արյուն եմ թափել: Պետք չէ իմանալ ամեն ինչը, որովհետեւ հետագայում չի բացառվում ուրանի հանքավայրի շահագործումը, մինչդեռ «ուրան» ասելով ես եւ շատերը հասկանում ենք մի հատ չոր գանգ, վրան խաչ, ու տակը գրված՝ մահացու է:

Դրանից հետո եւ քանիցս Ա. Գալստյանը հորդորեց «էմոցիաներով» (հույզերով) չխոսել, «Եկեք էմոցիաները դնենք մի կողմ», «թե չէ եթե էմոցիաներով խոսվի, դա միտինգ կլինի»: Հանդիպման մասնակիցներից մեկ-երկուսը պարզապես հիշեցրին, որ «էմոցիաները» մարդու համար են, եւ ուղղակի հնարավոր չէ առանց հույզերի խոսել, երբ վաղը, մյուս օրը իրենց եւ իրենց ընտանիքների անվտանգության համար կարող են հարկադրված լինել թողնել տունը եւ լքել հայրենի բնակավայրը: Քննարկմանը մասնակցող ու Լեռնաձորում ուրանի հանքավայրի շահագործմանը դեմ մարդիկ հարցնում էին՝ մի՞թե կարելի է մարդկանց առողջությունը, անվտանգությունը զոհաբերել հանուն թեկուզ ինչ-որ միլիարդների:

- Եթե բնակչությունը դեմ է, ուրեմն որոշումը կընդունվի՝ ոչ, տեղական իշխանությունների հետ համատեղ, ի վերջո, վերջնական թույլտվությունը դուք եք տալիս, չէՙ չէ,- ասաց նախարարի տեղակալը:

Սակայն, միաժամանակ նա կարծես փորձում էր տարհամոզել նաեւ որոնողական-հետախուզական աշխատանքներին դեմ մարդկանց, որոնց մտահոգությունը միանգամայն տրամաբանական է՝ այդ աշխատանքների բավարար արդյունքների դեպքում, հիշյալ ընկերությունը եւ իշխանությունները ջանք չեն խնայելու ուրանի հանքավայրի շահագործման ուղղությամբ:

- Ես, համենայն դեպս, եթե ապրում եմ ինչ-որ մի տարածքում, գոնե իմանամ այստեղ աղտոտվածության աստիճանն ինչպիսին է, ֆոնն ինչպիսին է, չիմանա՞մ,-փորձելով նաեւ այդ կերպ հիմնավորել որոնողական-հետախուզական աշխատանքների անհրաժեշտությունը, ասաց Ա. Գալստյանը: -Ես այդտեղ, հնարավոր է, ինչ-որ բույս եմ քաղում, ուտում, չայ եմ սարքում, հնարավոր է, չէ՞», բա չիմանա՞մ այդ բանը:
Չնայած տրված հարցին, նախարարի տեղակալը պարզապես անտեսեց այն իրողությունը, որ վերոնշյալ հարցերի պատասխանն իմանալու համար ճառագայթային ֆոնի, աղտոտվածության վերգետնյա գործիքային չափումները, հողի եւ ջրի նմուշների անալիզները լիովին բավարար են, այսինք՝ՙ այդ մասին իմանալու համար բնավ կարիք չկա հորատումների ու ստորգետնյա հետազոտությունների:

Թերեւս նախապես իմանալով քննարկման մասնակիցների տրամադրվածության մասին, հուլիսի 2-ի հիշյալ միջոցառումը կազմակերպվել էր ոչ թե որպես հասարակական լսում, այլեւ իբրեւ հանդիպում-քննարկում, քանի որ հասարակական լսումների պարագայում պարտադիր է արձանագրության կազմումը, իսկ հասարակության ներկայացուցիչների մերժողական դիրքորոշումն արտահայտող արձանագրությունը, բնականաբար, ձեռնտու չէ ծրագրի իրագործմամբ շահագրգռված կողմին: Ընդգծենք, որ Կապանի Օրհուս կենտրոնում 2009 թ. օգոստոսի 4-ին կազմակերպված հասարակական լսումների արդյունքներն, ըստ էության, կեղծվել են՝ կազմելով տեղի համայնքների ներկայացուցիչների, մասնավորապես՝ Լեռնաձորի գյուղապետի իրական դիրքորոշումը չարտահայտող, ճիշտ հակառակ բովանդակության արձանագրություն:

Ընդգծելով, որ անցյալ ժամանակաընթացքում ժողովուրդը շատ բան է տեսել, շատ խաբեություններ ու ստեր, քաղաքական կուսակցությունները եւ մեր պետությունը դեռ պատշաճ ձեւավորված չեն, հետեւաբար այս պայմաններում չի կարելի ուրանի հանքավայր շահագործել ու ժողովրդի ճակատագրի հետ խաղալ, հուլիսի 2-ի քննարկման մասնակիցներից մեկը դիմելով Ա. Գալստյանին, ասաց. «Գնացեք, կառավարությանն ասեք, որ ժողովուրդը չի վստահում»:

Նախարարի տեղակալն այդ մասին կասի՞ կառավարությանը...

Հուլիս 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր