Արևիկ համայնքի ՀԱԷԿ-ի ազդակիր կարգավիճակ ստանալու հարցը օրակարգային է

Արևիկ համայնքի ՀԱԷԿ-ի ազդակիր կարգավիճակ ստանալու հարցը օրակարգային է

Այգեգործությամբ և բանջարաբուծությամբ զբաղվող Արևիկ համայնքի բնակիչները բերքի սպառման խնդրի առաջ են կանգնած: Արևիկ համայնքը գտնվում է Արմավիրի մարզում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) 5-10 կմ ազդեցության գոտում: Ըստ բնակիչների՝ մթերքի արտահանման խնդիրներ կան. «Կան մարդիկ, որ ստանում են 50 տոննա խաղող: Բայց ինչպե՞ս այդքանը փոքր շուկայում սպառել: Արտահանման հարցն է»,- ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին գյուղացիները:

ՀԱԷԿ-ի հարևանությամբ գտնվելու պատճառով է համայնքում աճեցված պտուղ-բանջարեղենը շուկաներում դժվարությամբ իրացվում: «Մթերքը տանում ենք շուկա, ասում են՝ չենք ուզում, ճառագայթված է…. Ասում են՝ ռադիացիայով վարակված պտուղ է... Մենք գյուղատնտեսական վարկ ունենք, որ պետք է վճարենք, բայց չենք կարողանում ապրանքը վաճառել, չգիտենք՝ ինչ անել»,- տարակուսեցին բնակիչները:

Նրանք ցանկանում են, որ իրենց գյուղմթերքը հետազոտվի, և եթե պարզի, որ դրանք վտանգավոր են՝ իրենց ուղղորդեն ճառագայթումը նվազ կլանող մթերքներ աճեցնել: «Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչ կա այդ մթերքի մեջ»,- նշեցին բնակիչները: 

Տեղացիները նշեցին, որ ճառագայթային վտանգի դեպքում անհրաժեշտ թաքստոցներ ունեն: Նույնիսկ նորակառույց բնակելի տուն ունեն, որի նկուղը հարմարեցված է որպես ապաստարան: Տարհանման դեպքում պետք է դեպի Թալին ուղևորվեն:

Համայնքի և ՀԱԷԿ-ի ղեկավարության միջև երկխոսություն չի եղել: «ՀԱԷԿ-ի կողմից գյուղի համար աջակցություն պետք է լինի: Մենք հոսանքի խնդիր չպետք է ունենանք»,- նշեցին բնակիչները:   

Համայնքի բնակչությունն ու համայնքապետարանի աշխատակիցները կարծում են, որ համայնքի մասնակցությունը ՀԱԷԿ-ի հետ կապված տարբեր գործընթացներում կարևոր է, և ազդակիր համայնքի կարգավիճակի հարցը պետք է դառնա օրակարգային:

Օգոստոս 10, 2021 at 13:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր