

2022թ․ ապրիլի 16-ին ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկը կանգնեցվեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) համար։ Վերանորոգումը կտևի 73 օր, վերագործարկումը նախատեսվում է հունիսի 28-ին։ Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից։
Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում է իրականացնել ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում, թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում և տուրբագեներատորների միջին վերանորոգում:
ՊՆՎ-2022-ի ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները:
Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները:
Ապրիլ 16, 2022 at 14:54