

Aysor.am
Սյունիքի մարզում ուրանի հանքավայրերի շահագործման խնդիրներին այսօր ՀՀ Ազգային ժողովում անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորը ներկայացրեց նաև Կապանի ու Լեռնաձոր գյուղի ավագանու հորդորը, որի համաձայն` պահանջվում է «դադարեցնել շահագործումը, քանի որ այն ոչ միայն վտանգում է շրջակա միջավայրը, այլև չի կարող բարենպաստ ազդեցություն ունենալ զբոսաշրջության զարգացման առումով»:
Ի պատասխան հարցադրմանը` ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նախ հստակեցրեց, որ Կառավարությունը դեռևս ուրանի շահագործման համար լիցենզիա չի տվել, այլ տրվել է ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն` պարզելու` կա՞ ուրան այդ տարածքում, այն համապատասխանու՞մ է շահագործմանը, թե՞ ոչ:
«Այդ ուսումնասիրությունների արդյունքների հրապարակման համար անհրաժեշտ է 3-5 տարի ժամանակ, այնպես որ դեռ վաղ է խոսելը շրջակա միջավայրի աղտոտվածության և այլնի մասին»,- նշեց Ա. Մովսիսյանն ու հակադարձեց. «Եթե ուրան լինի, ինչի՞ պիտի չշահագործենք»:
Ի պատասխան այն մտահոգությանը, թե ուրանի հանքավայրերի շահագործումը կխոչընդոտի զբոսաշրջության զարգացմանը, նախարարը մի օրինակ ներկայացրեց. «Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ հանքարդյունաբերությունն ամենևին էլ չի խանգարում զբոսաշրջությանը, օրինակ Ավստրալիան»:
Սեպտեմբեր 16, 2010
