էներգետիկ ընկերությունները՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում. առաջատարները ռուսական ընկերություններն են

էներգետիկ ընկերությունները՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում. առաջատարները ռուսական ընկերություններն են

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը: ԷկոԼուրն ուսումնասիրել է, թե ինչ դիրքեր են զբաղեցնում այդ ցանկում Հայաստանում գործող էներգետիկ ընկերությունները:

Նրանցից ամենախոշոր հարկատուն ցանկի 2-րդ հորիզոնականում գտնվող ռուսական «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է: Ընկերությունն 2022 թ-ի առաջին կիսամյակում ունեցել է 33 միլիարդ 58 միլիոն 796 հազար դրամի մուտքեր: Համեմատության համար նշենք, որ ամբողջ 2021 թ-ի ընթացքում ընկերությունն ընդհանուր առմամբ ունեցել է 47 միլիարդ 825 միլիոն 132 հազար դրամի մուտքեր:

Հաջորդ խոշոր էներգետիկ հարկատուն ռուսական  «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն է: Այս տարվա առաջին կիսամյակում  ՀԷՑ-ը 1000 խոշոր հարկատուների ցանկում 13-րդն է՝  6 միլիարդ 242 միլիոն 735 հազար դրամի մուտքերով, իսկ նախորդ տարի ընկերությունը 16-րդն էր՝ 8 միլիարդ 923 միլիոն 138 հազար դրամի մուտքերով:

Հաջորդը ցանկի 23-րդ հորիզոնականում գտնվող՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործող «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն է, որի մուտքերն այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 4 միլիարդ 24 միլիոն 194 հազար դրամ: Նախորդ տարի «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն ցանկի 34-րդ հորիզոնականում էր՝ 5 միլիարդ 217 միլիոն 417 հազար դրամ մուտքերով:

Ցանկի 57-րդ հորիզոնականում «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն է, որը շահագործում է Որոտանի հիդրոկասկադը: Այս տարի ընկերության մուտքերը կազմել են 2 միլիարդ 177 միլիոն 740 հազար դրամ: Նախորդ տարի ընկերությունը 78-րդն էր՝ 2 միլիարդ 686 միլիոն 350 հազար դրամի մուտքերով:

Ցանկի 175-րդ հորիզոնականում իտալական «Ռենկո» ընկերության դուստր ձեռնարկություն «Արմփաուեր» ՓԲԸ-ն է, որը Երևանում կառուցեց 250 Մվտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան: Այս տարի ընկերության մուտքերը դեռևս կազմել են 665 միլիոն 738 հազար դրամ: Նախորդ տարի ընկերությունը 181-րդն էր՝ 1 միլիարդ 245 միլիոն 226 հազար դրամի մուտքերով:

Հաջորդ խոշոր էներեգտիկ հարկատուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղն է, որը «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի հետ իրականացրել է հայկական ատոմային երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները: Ընկերությունն այս տարի ցանկում 195-րդն է՝ 616 միլիոն 349 հազար դրամի մուտքերով, իսկ նախորդ տարի 241-րդն էր՝ 904 միլիոն 277 հազար դրամ:

Հաջորդը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն է: Այս տարի ընկերությունը 200 հորիզոնականով զիջել է իր դիրքը խոշոր հարկատուների ցանկում՝ լինելով 244-րդը՝ ընդամենը 502 միլիոն 546 հազար դրամի մուտքերով: Նախորդ տարի ընկերությունը ցանկում 43-րդն էր՝ 4 միլիարդ 399 միլիոն 793 հազար դրամի մուտքերով:

Ցանկի 248-րդ հորիզոնականում Հայաստանում ամենամեծ փոքր ՀԷԿ-ը շահագործող «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն ՝ 493 միլիոն 485 հազար դրամի մուտքերով: Նախորդ տարի ընկերությունը 399-րդն էր՝ 585 միլիոն 758 հազար դրամի մուտքերով:

325-րդ էներեգտիկ խոշոր հարկատուն «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ն է՝ 375 միլիոն 710 հազար դրամի մուտքերով: Ռուսական «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին պատկանող ընկերությունը նախորդ տարի 332-րդն էր՝ 693 միլիոն 872 հազար դրամի մուտքերով:

Ցանկի 343-րդ հորիզոնականում «ԷլեկտրաԷներգետիկական Համակարգի Օպերատոր»  ՓԲԸ-ն է՝ ՀՀ-ի էներգահամակարգում միակ ընկերությունը, որը կարգավորում է էլեկտրաէներգիայի` ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտահանման և ներկրման ընթացքում, արտադրման, տեղափոխման և բաշխման գործառույթները: Այս տարի ընկերությունն ունեցել է 354 միլիոն 176 հազար դրամ մուտքեր, իսկ նախորդ տարի 679 միլիոն 776 հազար դրամ՝ լինելով 342-րդը:

640-րդը ցանկում «Ողջի 2» և «Ողջի 3» ՓՀԷԿ-երը շահագործող «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ն է՝ 193 միլիոն 614 հազար դրամ մուտքերով: Նախորդ տարի ընկերությունը 692-րդն էր՝ 321 միլիոն 478 հազար դրամ մուտքերով:

Օգոստոս 18, 2022 at 16:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր