Ավելի քան 20 միլիարդ դրամ՝ ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման համար

Ավելի քան 20 միլիարդ դրամ՝ ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման համար

2024 թվականին Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման համար կհատկացվի 20,2 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ (4:12:00 րոպեից)։

Նախագիծը քննարկվեց ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

«Ատոմակայանի մասով ունենք 2 պրոցես։ Ունենք ատոմակայանի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր, որն արդեն մի քանի տարի է՝ սկսվել է և շարունակվում է: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսված է 7 միլիարդ դրամ հաջորդ տարի մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար:

Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է, որպեսզի մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի համապատասխան լիցենզիաներով, թույլտվություններով մինչև 2036 թվականը: Եվ ահա հաջորդ տարի այդ նպատակի համար արդեն նախատեսվել է 20,2 միլիարդ դրամ», - ասաց Գնել Սանոսյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի երկարացնելու որոշումը գործադիրն ընդունեց սույն թվականի սեպտեմբերի 14-ին։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 160 միլիոն ԱՄՆ դոլար, որի համար կվերցվի վարկ ՀՀ պետական բյուջեից: Վարկի մարման համար նախատեսվում է ավելացնել վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը:

Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վրա նշված վարկի սպասարկման ազդեցությունն առաջին 2 տարում կկազմի 1,04 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի, ապա 3-րդ տարում աճողական կկազմի 1,96 դրամ/կՎտժ, որը հաջորդ տարիներին աստիճանաբար կնվազի՝ հասնելով մինչև 1,023 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի։ 

Նոյեմբեր 01, 2023 at 13:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր