Թուրքիան հետևողականորեն հանդես է գալիս Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման կոչերով՝ միաժամանակ Միջերկրական ծովի ափին՝ Թուրքիայի հարավում, Մերսին նահանգում կառուցելով աշխարհի խոշորագույն ատոմակայաններից մեկը՝ «Աքքույու»-ն: «Աքքույու» ԱԷԿ-ը հիմնված է «Նովովորոնեժ ԱԷԿ-2» նախագծի վրա հիմնված ատոմակայանի սերիական նախագծման վրա։
«Աքքույու» ԱԷԿ-ը ներառում է չորս էներգաբլոկ՝ ռուսական արտադրության ВВЭР-1200 ռեակտորներով՝ 4800 մեգավատ ընդհանուր հզորությամբ։ Նախագծի մշակող և շինարարությունն իրականացնող «Աքքույու Նուկլեար» ընկերության բաժնետոմսերի մեծ մասը «Ռուսատոմ Էներգո Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ինն է։ Նախագծում ներգրավված են նաև միջուկային ոլորտը սպասարկող ռուսական այլ ընկերություններ՝ «Ատոմներգոպրոկտ» ԲԲԸ-ն, «Ատոմստրոյէքսպորտ» ԲԲԸ-ն, «Ռոսէներգոատոմ կոնցեռն» ԲԲԸ-ն, «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը։
Աշխատանքային գրաֆիկի համաձայն՝ 2017 թվականի հունիսին Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող մարմինը էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տվել 49 տարի ժամկետով։ 2017 թվականի դեկտեմբերին «Աքքույու Նուկլեար» ԲԲԸ-ի և թուրքական պետական «EÜAŞ» էներգետիկ ընկերության միջև ստորագրվել է էլեկտրաէներգիայի գնման պայմանագիր։
2018 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցավ «առաջին բետոնի» թափման արարողությունը՝ սկիզբ դնելով «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման լայնամասշտաբ շինարարական աշխատանքներին։ 2019 թվականի դեկտեմբերին «Աքքույու Նուկլեար» ԲԲԸ-ն համաձայնագիր ստորագրեց թուրքական «TEİAŞ» էլեկտրահաղորդման կորպորացիայի հետ՝ ատոմակայանը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու վերաբերյալ։
2020 թվականի ապրիլին սկսվեցին թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի շենքի հիմքի բետոնապատման աշխատանքները։ 2021 թվականի մարտին «առաջին բետոնը» թափվեց թիվ 3 էներգաբլոկի օբյեկտներում։ 2022 թվականի հուլիսին սկսվեց թիվ 4 էներգաբլոկի կառուցումը։ 2023 թվականի ապրիլին ԱԷԿ-ի տեղամաս առաքվեց միջուկային վառելիքի առաջին խմբաքանակը:
Հիշեցնենք, որ «Greenpeace» միջազգային բնապահպանական կազմակերպության ակտիվիստները դեմ էին «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցմանը։ «Թուրքիան չպետք է միջուկային ռեակտորներ կառուցի թեկուզ միայն այն պատճառով, որ երկիրը դեռ չունի դրա համար անհրաժեշտ օրենսդրությունը: Բացի այդ, նախագծի սեյսմիկ գնահատումն ընդհանրապես համարժեք չէ։ Թուրքական իշխանությունները շարունակում են անտեսել ռադիոակտիվ թափոնների և ծախսված վառելիքի հետ կապված լրջագույն խնդիրները։ Դրանք կտեղափոխվեն Ստամբուլով և Բոսֆորով, ինչը չափազանց վտանգավոր է»,- ասել է «Greenpeace-Միջերկրական ծով»-ի տնօրեն Յան Բերանեկը:
«Երբ Ռուսաստանը սկսեց այս նախագիծը, Թուրքիայում միջուկային ենթակառուցվածք չկար։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը վարվեց այնպես, ինչպես ուզում էր։ Չկա անկախ մոնիթորինգ, չկա ֆինանսական հաշվետվություն։ Սա մեծ ռիսկ է հասարակության համար։ Օրինակ, մենք կասկածում ենք կայանի սեյսմիկ անվտանգությանը, բայց ոչ մի տեղեկություն չենք ստանում։ Որպես թուրքական հասարակական կազմակերպություն՝ մենք գործ ունենք ոչ թե Թուրքիայի էներգետիկայի նախարարության, այլ ռուսական ընկերության հետ», - ասել է «Էկոսֆեր» ասոցիացիայի ղեկավար Օզգյուր Գյուրբուզը:
Սույն թվականի փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո հենց «Ռոսատոմ»-ը վստահեցնում էր, որ օբյեկտը չի տուժել։ «Աքքույու»-ն թուրքական էլեկտրակայան չէ։ Սեփականատերը Ռուսաստանն է։ Ռուսաստանը թուրքական հողի վրա գործարան է կառուցում, նույնիսկ վառելիքը գալիս է Ռուսաստանից։ Թուրքիան ռիսկի է դիմում, Ռուսաստանը ստանում է փողը», - նշել է Օզգյուր Գյուրբուզը։
Թուրքիան պետք է Ռուսաստանից 15 տարվա ընթացքում ֆիքսված գնով գնի առաջին երկու ռեակտորների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի 70%-ը և մյուս երկուսի արտադրած էլեկտրաէներգիայի 30%-ը։
Հիշեցնենք, որ դեռ 2021 թվականի հոկտեմբերի թուրքական տեղական լրատվամիջոցները հաղորդեցին «Աքքույու» ԱԷԿ-ում տեղի ունեցած միջադեպի մասին:
«Մերսինում ատոմակայանի կառուցումը աղետ է դարձել Թուրքիայի և Մերսինի համար»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Մահիր Բաշարիրը։
«Հիմա տրանսֆորմատորում է հրդեհ․․․այս ատոմակայանով դինամիտ են դնում Մերսինում՝ Միջերկրական ծովի տակ»,- նշել է նա։
Պատգամավորը նաև նշել է, որ թուրքերն ատոմակայանը կառուցում են ռուսների հետ համագործակցությամբ, մինչդեռ դեռ չեն որոշել՝ ինչ անել միջուկային թափոնների հետ։
Լուսանկարը՝ rosatom.ru
Հոկտեմբեր 03, 2023 at 16:49