

Ատոմային էներգետիկայի զարգացմանն ու Հայաստանի քաղաքականությանը նվիրված նոր ուսումնասիրության մեջ «ԷկոԼուրը» ներկայացրել է կլիմայական համատեքստում ատոմային էներգետիկայի զարգացման ժամանակակից միտումները և խաղաղ ատոմի օգտագործման քաղաքականության հարցում Հայաստանի նոր մոտեցումները։ Ուսումնասիրության հեղինակներն են քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը և կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանը։
Ուսումնասիրության հիմնական եզրակացությունն այն է, որ ատոմային էներգետիկան չի համարվում բարենպաստ (ընդունված տերմինէ «friendly»)՝ կլիմայի համար՝ հակառակ աշխարհում ընդունված մոտեցմանը, որը հիմնված է ածխածնային արտանետումների ցուցանիշների վրա։
Այս մոտեցման դեպքում հաշվի չեն առնվում ատոմային էներգետիկայի առանձնահատկությունները կլիմայական այլ նպատակային ցուցանիշների տեսանկյունից, օրինակ՝ դրա ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, ինչպես նաև համապատասխանությունը կլիմայական հարմարվողականության և մեղմման ծրագրերի նպատակներին ու խնդիրներին, որոնք ամրագրված են ազգային NDC-ներում և ռազմավարություններում։
Հեղինակների համոզմամբ՝ ատոմային էներգետիկան կլիմայական քաղաքականության համատեքստում պետք է գնահատվի կլիմայական նպատակային ցուցանիշների հիման վրա և համապատասխանի հիմնական՝ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ» սկզբունքին։
Ուսումնասիրության մեջ ներկայացված են ատոմային էներգետիկայի ոլորտին վերաբերող միջազգային համաձայնագրերն ու Հայաստանի ազգային օրենսդրությունը։ Առանձին անդրադարձ է կատարվում «Հայաստանի Հանրապետության, մի կողմից, և Եվրոպական միության ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և դրանց անդամ պետությունների, մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) ստանձնած պարտավորություններին։
Հայկական ատոմային էլեկտրակայանին (ՀԱԷԿ) վերաբերող տեղեկատվության շրջանակում ուշադրություն է դարձվում անվտանգության, միջուկային թափոնների, ջրամատակարարման խնդիրներին, ինչպես նաև ատոմակայանից 5-10 կիլոմետր հեռավորության վրա բնակվող մարդկանց սոցիալական խնդիրներին։
Ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվում նաև գործող ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցերին։
Ուսումնասիրությունը ներառում է նաև միջազգային կլիմայական CAN EECCA ցանցի հայաստանյան խմբի անդամների դիրքորոշումը ատոմային էներգետիկայի վերաբերյալ։
«Հաշվի առնելով վերջին համաշխարհային միտումները՝ անհրաժեշտ է ձևավորել ատոմային էներգետիկայի քաղաքականության վերաբերյալ հանրային գնահատական, որը պետք է ուղղված լինի հավասարակշռված մոտեցմանը և կանաչ անցման գնահատումներին։
Այս տեսանկյունից մենք՝ որպես CAN EECCA ցանցի անդամներ, առաջարկում ենք էներգետիկ բաղադրիչը կլիմայական քաղաքականություններում դիտարկել առանց «կլիմայականորեն բարենպաստ» բնորոշումների։ Միակ բացասական չափանիշը պետք է բացառապես վերաբերի հանածո վառելիքին, որի ազդեցությունը կլիմայի վրա հայտնի է և լրացուցիչ ուսումնասիրություններ չի պահանջում։
Մենք կարծում ենք, որ ատոմային էներգետիկան ունի իր առանձնահատկությունները, որոնք բնորոշ չեն էներգիայի մյուս տեսակներին, և այդ պատճառով այն չպետք է գնահատվի ավանդական ցուցանիշներով, այդ թվում՝ կլիմայական ցուցանիշներով։ Սակայն հաշվի առնելով, որ քաղաքական նկատառումներով ատոմային էներգետիկան 12 ներառվել է կլիմայականորեն բարենպաստ էներգետիկ ոլորտների ցանկում, անհրաժեշտ ենք համարում սահմանել այնպիսի պահանջներ, որոնք ունեն կլիմայական ուղղվածություն՝ կլիմայական պարտավորությունների, բնական ռեսուրսների վրա ազդեցության, հարմարվողականության և մեղմման ծրագրերի, ինչպես նաև ազգային NDC-ների հետ ներդաշնակեցման վերաբերյալ։
Մենք անհրաժեշտ ենք համարում բարձրացնել ատոմային էներգետիկայի ոլորտում որոշումների թափանցիկությունը, հատկապես՝ բնակչության պաշտպանության, ճառագայթային անվտանգության, ատոմակայանների ազդեցության գոտում գտնվող խոցելի բնակչության սոցիալական կարիքների վերաբերյալ հարցերում։ Անհրաժեշտ ենք համարում քննարկման ներկայացնել ռադիոակտիվ թափոնների և դրանց անվտանգության ապահովման միջոցառումները, ինչպես նաև հակաահաբեկչական և ռազմական գործողությունների վերաբերյալ քաղաքական որոշումները», - նշված է ուսումնասիրության մեջ։
Օգոստոս 14, 2026 at 13:50
