

Tert.am
Սյունիքի մարզկենտրոն Կապանում այսօր հանարահավաք կանցկացվի՝ ընդդեմ Լեռնաձոր համայնքում ընթացող ուրանի պաշարների որոնողական աշխատանքների։ Ակցիայի կազմակերպիչներն ու խնդրով մտահոգ անձինք դեմ են ուրանի պաշարների հայտնաբերմանն ուղղված երկրաբանահետախուզական աշխատանքներին՝ բողոքելով, թե ուրանի հանքերի շահագործումը վնասում է շրջակա միջավայրն ու մարդկանց առոջությունը։
«Չեմ կարծում, որ այսօր իմաստ ունի խոսել ուրանի շահագործման մասին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ անդրադառնալով բողոքի ակցիայի վերաբերյալ հարցին։
Ըստ նախարարի՝ այսօր ուրանի շահագործման մասին խոսք անգամ չկա։ «Մենք ընդամենը խոսում ենք ուսումնասիրությունների մասին։ Նախ պետք է հասկանալ՝ էդ ուրանը կա, թե չկա։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հլա մի հատ հասկանանք՝ կա էդ ուրանը, չկա, ինչ ծավալների կհասնի, դա արդյունաբերական նշանակություն ունի, թե ոչ։ Միայն ուրանի ուսումնասիրություն չի կատարվում։ Դրան զուգահետ մնացած մետաղների ուսումնասիրություն էլ է կատարվում»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ բողոքի ակցիայի կազմակերպիչները ոչ թե Սյունիքից, այլ Երևանից են։ «Էն մարդիկ, ովքեր Սյունիքում հրահրել են էդ գործընթացը, այնտեղի բնակիչներ չեն»,- ասաց նա։
Նշենք, որ հոկտեմբերի վերջին Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների համար նախատեսված սարքավորումն այրվել էր, ինչ համար մեղադրվում էր տեղի բնակչությունը։
Նոյեմբեր 11, 2010
