ՈՐՏԵՂ Է ՊԱՀՎՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԸ

ՈՐՏԵՂ Է ՊԱՀՎՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԸ

Գ.Սարգսյան, Հայոց Աշխարհ

 «Միջուկային եւ ճառագայթային անվտանգության վիճակը Հայաստանում» թեմայի շուրջ «Արմատ» մամուլի ակումբը լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ:
 
-Վերջերս մամուլում շատ հրապարակումներ եղան՝ կապված Հայաստանի հարավային շրջանում ուրանի ուսումնասիրությունների հետ,- ասաց Ա.Մարտիրոսյանը։ - Անցած շաբաթ մեր մասնագետները միջուկային եւ ճառագայթային անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետների հետ կատարել են չափումներ Սյունիքի այն տարածքներում, որտեղ կատարվում են ուրանի ուսումնասիրություններ։
  
Պետք է ձեզ հայտնեմ, որ բնական ֆոնն այդ տարածքներում, համեմատած Երեւանի հետ, բարձր է։ Դա բնական է, որովհետեւ բարձր լեռնային տեղ է, որքան տեղանքը ծովի մակերեւույթից բարձր է, այնքան այդ տեղերում բնական ֆոնը բարձր է։ Նույնն է վիճակը նաեւ այդ հատվածում՝ Քաջարան, Կապան, Լեռնաձոր։ Չափումները ցույց տվեցին, որ ոչ մի շեղում այն տեղերում, որտեղ կա հորատանցք, բնական ֆոնի համեմատ գործնականում չկա։ Աննշան շեղումներ կան, որոնք ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա արդեն դառնում են տեղին հատուկ բնական ֆոնի չափ։
  
Կոմիտեի նախագահի տեղեկացմամբ, իրենք ճառագայթային ֆոնի ուսումնասիրությունները կատարել են երկրի մակերեւույթին, հողի, ինչպես նաեւ մակերեւութային ջրերի նմուշներն արդեն վերցված են։
  
-Դրանք,- շարունակեց Ա.Մարտիրոսյանը,- ներկայումս գտնվում են մեզ մոտ, մենք դրանք կհանձնենք ատոմակայանին, որտեղ կա հնարավորություն կատարելու սպեկտրալ անալիզներ։ Մոտակա օրերին հայտնի կլինի նաեւ տեղի հողում, օդում, ջրում ռադիոիզոտոպների պարունակությունը, ինչպես նաեւ ընդհանուր ակտիվությունը։ Ստորգետնյա ջրերի նմուշներ վերցնելու հնարավորություն դեռեւս չունենք, բայց դա նաեւ մեր հետագայի խնդիրներից մեկն է։ Մենք պետք է իրականացնենք նաեւ շրջակա միջավայրի ամբողջական մոնիտորինգ՝ ե’ւ ստորերկրյա, ե’ւ մակերեւութային ջրերի, ե’ւ հողի, ինչպես նաեւ օդի։
  
Ինչպես հայտնեց «Արմատի» հյուրը, Հայաստանում ոչ միայն միջուկային անվտանգությունը, այլեւ միջուկային ապահովությունը (պահպանությունը), որն առնչվում է ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության հետ, գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության ստանդարտներով, Վիեննայի միջուկային անվտանգության մասին կոնվենցիայով պահանջվող մակարդակի վրա։
  
-Հայաստանում գտնվող բոլոր միջուկային նյութերը՝ սկսած ատոմակայանի միջուկային վառելիքից մինչեւ տարբեր կազմակերպություններում եղած աննշան քանակի (ընդամենը մի քանի միկրոգրամի) միջուկային նյութերը, մեր, ինչպես նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ-ի) հսկողության ներքո են,- հավաստեց կոմիտեի նախագահը։ -Ինչպես է այդ միջուկային հարստացված նյութը (ուրանը) հայտնվել Հայաստանում թե Վրաստանում, ասել չեմ կարող, որովհետեւ չկան հստակ տեղեկություններ։
  
Նշենք, որ ավելի վաղ Արտյոմ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը մամուլին տեղեկացրել էր, որ Հայաստանը ընդհանրապես տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորություններ չի ունեցել եւ չունի՝ արտադրելու 87% հարստացված եւ ատոմային զենքի ստեղծման համար պիտանի ուրան, ինչը Վրաստան տեղափոխելու վերաբերյալ հայտնել են վրացական իշխանությունները։
  
-Հայաստանի ատոմակայանում օգտագործվող վառելիքը երեք տեսակի հարստացման է՝ 1,6, 2,4 եւ 3,6%-ի, դա առավելագույն հարստացման ուրանն է, որը Հայաստանում կա,- ասաց «Արմատի» հյուրը։
  
Վերջինիս հավաստմամբ, ՀԱԷԿ-ի միջուկային նյութերի պահեստարանում ուրանը գտնվում է վառելիքային հավաքածոյի մեջ, որի քաշը 250 կգ է, եւ նա, ով կփորձի մոտենալ, այդ վառելիքից ուրան հանել, կստանա այնքան մեծ ռադիոակտիվ ճառագայթում, որ հավանաբար այդտեղից այլեւս չի կարողանա դուրս գալ, հենց տեղում էլ կմնա։ ՀԱԷԿ-ի օգտագործած միջուկային վառելիքը մինչեւ 1987 թվականը տեղափոխվել է Ռուսաստան հատուկ գնացքներով, իսկ 1987 թվականից հետո աշխատած միջուկային վառելիքը ՀԱԷԿ-ի գլխավոր մասնաշենքից տեղափոխվում է հատուկ այդ նպատակով կառուցված չոր պահեստարան, որը գտնվում է ատոմակայանի հարթակում։
  
-Աշխատած միջուկային վառելիքը չի տեղափոխվում Ռուսաստան, որովհետեւ, ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից երկաթգիծը չի գործում, Հայաստանը շրջափակման մեջ է,- ասաց կոմիտեի նախագահը։ -Վրաստանով տանելն առայժմ անհնար է, որովհետեւ վնասված են երկաթգծերը Վրաստան-Աբխազիա հատվածում, Վրաստանի եւ Աբխազիայի հարաբերությունները դեռեւս կարգավորված չեն, եւ այդ պատճառով տեղափոխել հնարավոր չէ։
  
Եթե թարմ վառելիքը հնարավոր է տեղափոխել ինքնաթիռով, որովհետեւ այն ունի ոչ մեծ ակտիվություն, աշխատած միջուկային վառելիքը ունենալով շատ մեծ ակտիվություն, հնարավոր չէ տեղափոխել ինքնաթիռով։ Դրա համար անհրաժեշտ են հատուկ վագոններ, որտեղ ապահովվում է թե’ միջուկային վառելիքի ֆիզիկական պաշտպանվածությունը, թե’ հովացումը եւ անհրաժեշտ ջերմանջատումը։
  
«Արմատի» հյուրի հավաստմամբ, հետագայում ՀԱԷԿ-ի չոր պահեստարանների (կառուցված են երկու հերթով) նաեւ երրորդ հերթն է կառուցվելու, այնուհետեւ կառուցվելու են հետագա հերթերը, մոդուլները։
  
-Գործնականում,- շարունակեց Աշոտ Մարտիրոսյանը,- չոր պահեստարանում բավարար տեղ կա, որպեսզի ատոմակայանը մինչեւ նախագծային ռեսուրսը, նույնիսկ դրանից ավելի աշխատի։

ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԱՎԱՍՏՄԱՄԲ` ՇԵՂՈՒՄՆԵՐՆ ԱՆՆՇԱՆ ԵՆ
Քրիստինե Աղալարյան, Հետք


Անցած շաբաթ ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի մասնագետները կատարել են չափումներ Սյունիքի այն տարածքներում, որտեղ կատարվում են ուրանի ուսումնասիրությունները: Չափումները ցույց են տվել, որ այն տեղերում, որտեղ կա հորատանցք, բնական ֆոնի համեմատ ոչ մի շեղում գործնականում չկա:

Աննշան շեղումներ են նկատվել ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ, որը, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի, հատուկ է այդ տեղանքին, քանի որ Հայաստանի հարավային շրջաններում, այդ թվում Կապանի, Լեռնաձորի և Քաջարանի տարածքներում բնական ֆոնը Երևանի հետ համեմատած բավականին բարձր է, այսինքն` որքան տեղանքը ծովի մակերևույթից բարձր է, այդքան բնական ֆոնն էլ է բարձր:

Չափումները դեռևս կատարվել են երկրի մակերևույթին: Հողի և ջրի նմուշներ ևս վերցրել են, որոնք պետք է հանձնվեն ատոմակայան, որտեղ հնարավորություն կա անալիզներ կատարելու համար: Մոտակա օրերին կլինեն նաև այդ տարածքների հողում, օդում և ջրում եղած ռադիոիզոտոպների պարունակության և ընդհանուր ակտիվացման մասին արդյունքները:

Աշոտ Մարտիրոսյանն ասում է, որ ստորջրյա նմուշներ դեռևս հնարավորություն չունեն վերցնելու, բայց հետագայում պետք է իրականացնեն նաև շրջակա միջավայրի ամբողջական մոնիտորինգ:

87% ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՈՒՐԱՆ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ՉԿԱ
Քրիստինե Աղալարյան, Հետք


Վրաստանի իշխանությունների կողմից հայտնաբերված հարստացված միջուկային այդ նյութը Հայաստանում չի եղել և չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Այդ դեպքում ինչպես է միջուկային հարստացված նյութը հայտնվել Վրաստանում` Աշոտ Մարտիրոսյանը չկարողացավ ասել. «Ինչպես է հայտվել կամ միգուցե չի էլ հայտնվել, մենք ոչ մի տեղեկություն չունենք»:

Մաքսակետերում համապատասխան սարքավորումներ վաղուց են տեղադրված, որը, սակայն, չի հայտնաբերել հարստացված ուրանի այն ծավալը, որը, ըստ վրացական կողմի, ներմուծվել է Հայաստանից: Աշոտ Մարտիրոսյանը նշում է, որ իրենք հստակ տեղեկություններ չունեն, թե իսկապես հարստացված ուրանը Հայաստանով է անցել, թե ոչ:
Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերված Նովոսիբիրսկի ծագում ունեցող ուրանը 87 % հարստացման է եղել:  Իսկ Աշոտ Մարտիրոսյանն ասում է, որ հայկական ատոմակայանում օգտագործվող վառելիքը հարստացման երեք տեսակի է` 1.6 % , 2,4 %, 3,6 %: 87 % հարստացված ուրան Հայաստանում չի եղել: Միևնույն ժամանակ Ա. Մարտիրոսյանը չժխտեց, որ հայկական ատոմակայանում օգտագործվում է ռուսական վառելիք` հենց Նովոսիբիրսկի ծագման, ավելի կոնկրետ` Տվեր գործարանի:

Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա այս դեպքը Հայաստանի միջազգային վարկանիշի վրա, Աշոտ Մարտիրոսյանը նշեց. «Քանի որ միջուկային նյութը Հայաստանում չի եղել, Հայաստանում նման միջուկային նյութ չկա, կարծում եմ, որ դա բացարձակապես ոչ մի նշանակություն չունի և չի կարող ունենալ Հայաստանի միջազգային հեղինակության վրա»:

Ավելին, բանախոսը նշեց, որ Հայաստանը կատարում է կոնվենցիաներով ու համաձայնագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները, և մինչև հիմա չի եղել որևէ շեղում այդ պահանջներից:
Լրագրողների այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, արդյոք, ուրանը դուրս բերվեր ատոմակայանից, բանախոսը միանշանակ ժխտեց: Նա բացատրեց, որ ատոմակայանի պահեստարաններում ուրանը գտնվում է վառելիքային հավաքածուի մեջ, որի քաշը 250 կգ է, և այդ վառելիքից ուրան հանելը տեսականորեն անհնար է, քանի որ ուրան հանողը կստանա այնքան մեծ ռադիոակտիվ ճառագայթում, որ հավանաբար այդտեղից այլևս չկարողանա դուրս գալ:

Եթե մինչև 1987 թվականը աշխատած միջուկային վառելիքը հատուկ գնացքներով տեղափոխվել էր Ռուսաստան, 87-ից հետո այդ վառելիքն ատոմակայանի գլխավոր մասնաշենքից տեղափոխվում է հատուկ այդ նպատակով կառուցված չոր պահեստարան, որը գտնվում է ատոմակայանի տարածքում: Թափոնները բաժանվում են ըստ ակտիվության` ցածր, միջին և բարձր, ինչպես նաև հեղուկ, պինդ ու գազային:

Ցածր ակտիվության թափոնները փակվում են ցածր ակտիվության պահեստարանում, որը գտնվում է ատոմակայանի տարածքում` 500 մետր հեռավորությամբ, միջին ակտիվությանը` ատոմակայանի անմիջական տարածքում է, իսկ բարձր ակտիվության թափոնները պահվում են ատոմակայանի ռեակտորային սրահում:

Աշխատած միջուկային վառելիքը թույլ չի տրվում տեղափոխել Ռուսաստան, որովհետև Ադրբեջանի կողմից երկաթգիծը չի գործում, Վրաստանով տանելն առայժմ անհնար է` վնասված են Վրաստան-Աբխազիա երկաթգծերը:

Թարմ միջուկային վառելիքը հնարավոր է տեղափոխել ինքնաթիռով, որովհետև ունի աննշան ակտիվություն, աշխատած միջուկային վառելիքը, ունենալով շատ մեծ ակտիվություն, հնարավոր չէ տեղափոխել ինքնաթիռով, դրա համար անհրաժեշտ են հատուկ ֆուրգոններ, որտեղ ապահովվեն թե միջուկային վառելիքի ֆիզիկական պաշտպանություն, թե հովացումը, թե անհրաժեշտ ջերմաստիճանը:

«Հետքի» հարցին, թե հնարավոր է Հայաստանը կարողանա ուրան հարստացնել, Աշոտ Մարտիրոսյանը բացառեց` նշելով, որ Հայաստանում որևէ կառույց ուրան հարստացնել չի կարող, քանի որ դա հսկայական կոմպլեքսներ են, որոնք իրենց մեջ ներառում են սկսած ուրանի հանքի արդյունահանումից, անջատումն ամբողջ հանքաքարից, ավելորդ էլեմենտներից, մետաղական մասերից, վերջացրած այլ հանգամանքներով, օրինակ` այդ գործընթացը պահանջում է հսկայական տարածքներ, սարքավորումներ և միլիոնավոր դոլարներ:

«Տեսականորեն հնարավոր է, իսկ գործնականորեն չէ, որովհետև Հայաստանը նման ծրագիր չունի»,- հավելեց Ա. Մարտիրոսյանը:

Նոյեմբեր 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր