ՆԱԽԱՐԱՐԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԽՈՒՃԱՊԻ ՉՄԱՏՆՎԵԼ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԽՈՒՃԱՊԻ ՉՄԱՏՆՎԵԼ

Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն
 
Աշխատանքային այցով Սյունիքում էր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Այցելության նպատակն էր ծանոթանալ մարզի հանքաարդյունաբերական խոշոր ձեռնարկությունների գործունեությանը,  ձեռք բերված արդյունքներին, գալիք տարվա ծրագրերին։ Մինչ այդ գործնական հանդիպումներ են տեղի ունեցել Ագարակում, Քաջարանում եւ Կապանում։ Այս մասին, նաեւ քաղաքի էլեկտրամատակարարման, եւ ամենակարեւորը ուրանի թեմայի շուրջ «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ում նախարարը զրուցեց լրագրողների հետ։ Երեկվա ցույցը, ինչպես նաեւ հակաուրանյան շարժումը նախարարը որոշ քաղաքական գործիչների ձեռքի գործն է համարում։ «Որոշ քաղաքական գործիչներ իրենց PR են անում: Ուրանը կամ ցանկացած մետաղ շահագործելու համար պետք է իմանալ ինչ պաշարներ կան, արդյունաբերական նշանակություն ունեն թե ոչ, ներդրումներ արժեն, թե ոչ, ինչ միացություններ են: Նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,-ասաց նախարարը։

Ճիշտ է` խորհրդային տարիներին որոշ հետազոտություններ արվել են, սակայն դրանք ընդամենը ուրանի երեւակումներ են եղել,  կառավարությունում հստակ տեղեկատվություն չունեն պաշար կա, թե  ոչ։ Նվազագույնը 2 տարի է անհրաժեշտ, պարզելու ուրանի առկայությունը։ Դրանից հետո եւս 5 տարի՝ որոշելու ինչ տեխնոլոգիաներ կկիրառվեն ուրանը արդյունահանելու  համար։ Այն հարցին, ինչպես կվարվեն ուրանի պաշարները հայտնաբերելուց հետո, Արմեն Մովսիսյանի պատասխանը միանշանակ է. «Առաջին հերթին էկոլոգիական տեսանկյունից ենք նայելու։ Հետո էլ ոչ մի երկիր այնպիսի քայլ չի անի, որ որ բերի կործանման նույնը եւ մենք»,-ասաց Ա. Մովսիսյանը։ Նախարարը  հորդորում  է խուճապի  չմատնվել, ժողովուրդը ամեն  դեպքում  չի  տուժելու։ 

Նոյեմբեր 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր