ՄԵԾԱՄՈՐԻ ԱԷԿ-Ը ԲԱԽՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ

ՄԵԾԱՄՈՐԻ ԱԷԿ-Ը ԲԱԽՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ

Արմինֆո

Մեծամորի ԱԷԿ-ում չեն մեկնաբանում կայանում ստեղծված ֆինանսական խնդիրների վերաբերյալ «Հայկական ժամանակ» թերթի հաղորդագրությունը:

ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը հաստատել է, որ միջուկային վառելիքի գների աճի կապակցությամբ կայանը բախվել է որոշ ֆինանսական դժվարությունների: Նրա ասելով` ՀԱԷԿ որոշ ծառայություններ աշխատում են վնասով, մյուսները`օգուտով:

Թերթի հաղորդման համաձայն, այն սակագինը, որով այսօր գնվում է ատոմակայանում արտադրված էլեկտրաէներգիան, չի ծածկում ՀԱԷԿ-ի ծախսերը: Այդպիսով, ՀԱԷԿ-ից էլեկտրաէներգիան գնվում է ինքնարժեքից ցածր գնով, ինչը պայմանավորված է միջուկային վառելիքի թանկացմամբ: Ատոմակայանի ղեկավարությունն արդեն բավական ժամանակ փորձում է ավելի բարձր սակագնի շուրջ համաձայնության գալ իշխանությունների հետ, սակայն վերջիններս ՀԱԷԿ-ին ստիպում են բարձր տոկոսով վարկ վերցնել իշխանությունների տանիքի տակ գործող հայաստանյան բանկերից մեկից և դրանով ծածկել վնասները: Ընդ որում թերթը նշում է, որ այս տեղեկությունների հերքում կամ հաստատում չի հաջողվել ստանալ ատոմակայանի ղեկավարությունից:

Ավելացնենք, որ գործակալության տվյալներով, ՀԱԷԿ-ը զգալի կրեդիտորական պարտքեր է կուտակել, այդ թվում`նաև ԱրմԻնֆո ԼԳ հանդեպ: Գործակալությունը կես տարուց ավելի չի կարողանում ստանալ տեղեկատվական սպասարկման դիմաց իրեն հասանելիք գումարը` բախվելով ֆինանսական ծառայության համառ, անհիմն դիմադրությանը: Միևնույն ժամանակ, ՀԱԷԿ-ի ֆինանսական տնօրինության հետ շփման և նամակագրության գործընթացում ստեղծվում է միանշանակ տպավորություն կայանում ֆինանսական կառավարմանն առնչվող լուրջ խնդիրների առկայության մասին: Այդ իմաստով միայն տարակուսանք է հարուցում այն, թե այդ դեպքում ինչու է կայանը հանձնվել ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հավատարմագրային ֆինանսական կառավարմանը, եթե նա ի վիճակի չէ արդյունավետ կերպով ղեկավարել ֆինանսական հոսքերը: Առավել ևս, հաստատապես հայտնի է, որ համաձայն գործող օրենսդրության, «Հայաաստանի էլեկտրական ցանցերը» ողջ100 տոկոսով վճարում է կայանից ձեռք բերվող էլեկտրաէներգիայի դիմաց:

Նոյեմբեր 19, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր