

Աննա Նազարյան, «Ռադիոլուր»
ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ Առաջատար գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոնի եւ Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ այսօր Երեւանում կայացել է «Միջուկային էներգիա եւ Էներգետիկ անվտանգություն» թեմայով ՆԱՏՕ-ի չորրորդ գիտաժողովը, որին մասնակցում են մասնագետներ տարբեր երկրներից։
«Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները սկսելուց առաջ շատ կարեւոր է լսել մասնագետների կարծիքներն ու դիտարկումները»,- ասել է էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:
«Ռադիոլուր» - ին տված հարցազրույցում նա խոսել է ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարական աշխատանքներից:
Ատոմային նոր բլոկը պետք է կառուցվի ժամանակակից տեխնոլոգիաներով, վստահեցրեց էներգետիկայի փոխնախարարը։
Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման համար հայտարարված մրցությում մայիսի 13- ին հաղթող ճանաչվեց ավստրալական Worley Parsons ընկերությունը։ Որոշումն ընդունել է պետական գնումների գործակալության կազմած մրցութային հանձնաժողովը, որին նախագահը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն է։ Ավստրալական այս ընկերությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կազմակերպել նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ողջ գործընթացը՝ նախագծի նախապատրաստումից մինչեւ տեխնոլոգիական սարքավորման մատակարարումների պատվերների տեղաբաշխում։
Մրցույթում հաղթած ավստրալիական ընկերությունը ներկայացնում է մի քանի դուստր՝ ամերիկյան, ավստրալական, եվրոպական ընկերություններ եւ Արեգ Գալստյանի խոսքով՝ եթե ամեն ինչ հաջող լինի, ընկերությունը մեզ կմատուցի կառավորող ընկերության ծառայությունները եւ կօգնի ամբողջ գործընթացում` այդ թվում եւ ներդրողներ ընտրելու մրցույթի կազմակերպման ու ֆինանսական կազմակերպությունների ընտրության, ինչպես նաեւ կապալառուների հետ աշխատանքի կազմակերպման հարցում։
Փոխնախարարը մեզ հետ զրույցում վերահաստատեց, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումն իրականացվելու է բաց, թափանցիկ, եւ ցանկացած երկիր կարող է իր մասնակցությունն ունենալ շինարարական գործընթացում։ «Իհարկե՝ պայմաններ ենք դնելու»,- պարզաբանեց նա։
Իսկ որքանո՞վ անվտանգ կլինի ատոմակայանի նոր էներգաբլոկի շինաշխատանքներում մեր արեւմտյան հարեւանի՝ Թուրքիայի հնարավոր ներգրավումը, հարցրեցինք Ագրեգ Գալստյանին։
«Անգամ հարեւան երկրները, եթե ուզենան՝ կարող են մասնակցել այս բիզնեսին։ Ատոմակայանը էլեկտրաէներգիա է արտադրում»:
Ատոմակայանի նոր էներգաբլոկը կարժենա մոտավորապես հինգ մլրդ դոլար, նախապես տեղեկացրել էր Էներգետրկայի եւ բնական պաշարների նախարարը: Շինաշխատանքները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն մյուս տարվա վերջին կամ 2011 թվականի սկզբին: Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, թե նոր կառուցվող ատոմային էներգաբլոկի կյանքի տեւողությունը վաթսուն տարի է:
Հունիս 01, 2009
