ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ՝ ԵԹԵ ՈՒՐԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԱՊԱ ԴԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿՊԱՀԱՆՋԻ

ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ՝ ԵԹԵ ՈՒՐԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԱՊԱ ԴԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿՊԱՀԱՆՋԻ

Aysor.am

Եթե ուրանի պաշարները բավարար լինեն շահագործում սկսելու համար, ապա դա քաղաքական որոշում կպահանջի: «Aysor.am»-ին նման կարծիք հայտնեց «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանը:

Հայաստանի Սյունիքի մարզում մոտ ժամանակներս կարող են սկսվել ուրանի և ուղեկից օգտակար հանածոների երկրաբանական հետախուզման աշխատանքները:

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանը Aysor-ին հայտնեց, որ «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկից օգտակար հանածոների երկրաբանահետախուզման 2009 թ.» ծրագրի շրջանակներում իրենք նախատեսում են երկրաքիմիական և երկրաբանական ուսումնասիրություններ կատարել:

Հիշեցնենք, որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ հիմնադրվել է 2008 թ.` հայկական և ռուսական կողմերի հավասար մասնաբաժիններով:

«Ստանդարտ հետախուզում է, այնպիսին, ինչպիսին մետաղների` պղնձի, մոլիբդենի, որոնման ժամանակ է արվում: Վերցվում են նմուշներ, անալիզներ են արվում` որակական և քանակական կազմը պարզելու համար: Ուրանի կենսաերկրաբանական հետախուզումը հիմնականում ոչնչով չի տարբերվում պղնձի և մոլիբդենի հետախուզումից»,- ասաց Մ. Կիրակոսյանը:

Նրա խոսքերով, Հայաստանում ուրանի ռադիացիայի բնական ֆոնն արդեն բավականին բարձր է: Սյունիքում ուրանի պաշարների նախնական գնահատականեր չկան: Որոշ ընդհանուր տվյալներ կան խորհրդային շրջանից, երբ ավելի քան 35 տարի ուսումնասիրություններ են կատարվել տվյալ շրջանում` այդ թվում և ուրանի մասով: Մ. Կիրակոսյանի խոսքերով, այժմ եղած տեղեկությունները պետք է վերագնահատվեն, քանի որ գնահատման մեթոդները փոխվել են, ավելի կատարելագրծվել:

Նա հավելեց, որ նավթի արդյունահանումը շրջակա միջավայրին ավելի մեծ վնաս է պատճառում, քան ուրանի արդյունահանումը և շեշտեց, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե ուրանի հարստացման, այլ արդյունահանման և տեղափոխման մասին է:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը և «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն Սյունիքի մարզպետարանում երեկ կազմակերպել էին շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ` «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկից օգտակար հանածոների երկրաբանահետախուզման 2009 թ.» ծրագրի վերաբերյալ: Լսումներին մասնակցել են ՀՀ էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ուրանագետ Սերգեյ Գրիգորյանը, ով նաև ընկերության գլխավոր խորհրդատուն է:

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Հարություն Ավետիսյանը մեզ հայտնեց, որ ուրանի վերաբերյալ խնդիրներ շատ կան և լսումները կշարունակվեն 10 օր հետո Երևանում:

Հավելենք, որ մասնագետների կարծիքով, ուրանը հետազոտության փուլում վտանգավոր չէ, այն սկսում է ճառագայթել միայն հարստացումից հետո: Խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունների համաձայն` Հայաստանում ուրանի պաշարը կազմում է մոտ 30 հզ. տոննա։

Օգոստոս 14, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր