ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԴԵՄ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԴԵՄ

ԷկոԼուր

«Մեր միակ պահանջն այն է, որպեսզի ուրանի հանքը չբացեն եւ դադարեցնեն ուրանի հետ կապված ցանկացած գործողություն»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտարարեց Կապանի զոհված եւ վիրավորված ազատամարտիկների պաշտպանության «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը:  Նա հայտնեց, որ կոմիտեն պատրաստում է Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա եւ Հայաստանի բարձր պետական մարմիններին ուղղված հայտարարություն:«Դա միայն մեր խնդիրը չէ: Սյունիքի մարզը Հայաստանի սիրտն է, եթե չլինի Սյունիքը, Հայաստանն էլ չի լինի»,- հայտարարեց նա:

Նշենք, որ նախօրեին «Էկոլուր»-ի մոնիտորինգային խումբը հանդիպեց Լեռնաձոր համայնքի հետ, որի տարածքում «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն»-ը զբաղվում է ուրանի պաշարների հետազոտություններով: 

Լեռնաձորի մեջ մտնող 9 փոքր համայնքներից 4 համայնքներ՝ ներառյալ Լեռնաձոր գյուղը, գտնվում են հետազոտությունների գոտում: Հանքի մուտքը, որը 60-ական թվականներին բացվել է Գրոմովի ուրանային էկսպեդիցիայի արդյունքում,   ներկայումս փակ է: Մուտքը գտնվում է Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանի տնից 300 մետր հեռավորության վրա: «Ես տարիներ շարունակ տուն եմ կառուցում, որպեսզի իմ թոռներն այստեղ մնան եւ ապրեն: Այժմ, չգիտեմ՝ արժի ավարտել շինարարությունը, թե՞ ոչ: Կցանկապատեմ պատշգամբը, որ երեխաները չընկնեն եւ վերջ»,- ասում է Ստեփան Պետրոսյանը:  

Հնաբնակները հիշում են, թե ինչպես Գրոմովի էկսպեդիցիայի ժամանակ դիտարկվեցին նորածին հորթերի մահվան դեպքեր: «Եթե այդպես է, ապա մարդկանց համար էլ է դա վտանգավոր…. Թող նախագծի ղեկավարներն իրենց երեխաների հետ գան այստեղ եւ ապրեն…Այդ ժամանակ, գուցե, մենք էլ հավատանք, որ ուրանային նախագիծն անվտանգ է….»,- իրենց մտահոգությունների մասին խոսեցին Լեռնաձորի բնակիչները  նոյեմբերի 1-ին «Էկոլուր»-ի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Լեռնաձորի բնակիչները որոշեցին ուրանային նախագծի դեմ ստորագրահավաք սկսել եւ հասնել նրան, որ պետությունը երաշխավորի իրենց իրավունքների պաշտպանությունը:

Նոյեմբեր 12, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր