ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ

ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ

Շուշանիկ Միրզոյան, «Ազատամտություն»
 
Հայաստանում ուրանի հանքավայրի գոյության և դրա հարստացման հնարավորության մասին սկսել են խոսել դեռևս մի քանի տարի առաջ, երբ մեր իշխանությունները նախ փորձեցին հանքավայրի հետախուզումն ու շահագործումը կազմակերպել սեփական ուժերով, ապա նախագծում ընգրկեցին ռուսական կողմին: Ներկայում այդ աշխատանքներն իրականացվում են «Ատոմրեդմետզոլոտո» ընկերության հետ: 2009 թ. ապրիլի 23-ին հանրապետության կառավարությունը «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությանը» Հայաստանի տարածքում ուրանի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման իրավունք տվեց, որով, միաժամանակ, այդ ընկերությունը պարտավորվեց 5 տարվա ընթացքում 3 մլն դոլարի ներդրում կատարել: «Ուրանի արդյունահանումը կսկսվի միայն դրա պաշարների հաստատումից հետո,երբ կհստակեցվեն ծավալները: Ներկայում այդ հարցի շուրջ կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել»,- մոտ մեկ ամիս առաջ մամուլի ասուլիսում ասել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Ասուլիսում նշված հանքավայրը գտնվում է Սյունիքի Լեռնաձոր համայնքից ոչ հեռու: Այստեղ արդյունաբերական ուրանի պաշարների առկայության մասին առաջին հրապարակումները եղան այս տարվա օգտոստոսին, երբ հանքավայրի տարածքում 25 մետր խորությունից 10 գրամ հանքաքարի փորձանմուշ վերցվեց: Չնայած տեղի բնակիչների բազում բողոքներին, աշխատանքները չդադարեցվեցին: Ավելին, արդյունահանող ընկերության ղեկավարությունը հայտարարեց, թե հանքավայրում երկրաբանական հետախուզումը որևէ կերպ չի տարբերվում, ասենք, պղնձի կամ մոլիբդենի հանքավայրերում կատարվող աշխատանքներից:

Օրերս պարզվեց, որ դեպքերը նոր զարգացում են ստանում. Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի բացումը խոչընդոտելու նպատակով բողոքի ակցիա է նախապատրաստվում: Նախաձեռնողը Կապանի տարածաշրջանի «Ազատամարտ» կոմիտեն է: «Սա ոչ միայն մեր՝ սյունեցիների խնդիրն է: Սյունիքը Հայաստանի սիրտն է: Եթե չլինի մարզը, չի լինի Հայաստանը»,- հայկական լրատվամիջոցներից մեկին հայտնել է կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը՝ նշելով, որ մարզի բնակիչները դեմ են ուրանին առնչվող ցանկացած տնտեսական գործունեության: Ավելին, ըստ ակցիայի կազմակերպիչների, մարզի բնակիչներն ուրանի հանքավայրի մշակման հետևանքների դառը փորձ ունեն. դեռևս 1960-ական թվականներին Լեռնաձոր համայնքում ուրանի հանքավայրի ուսումնասիրություններ էր կատարել ռուսաստանյան մի արշավախումբ: Աշխատանքների ընթացքում տարածքի բնակավայրերում ծնելիության նվազում, ինչպես նաև տարաբնույթ հիվանդությունների թվի աճ էր նկատվել: Համաձայն «Էկոլուր» լրատվական գործակալության հրապարակման, այժմ Լեռնաձոր համայնքում ներառված 5 բնակավայրերի գյուղացիները ուրանի հանքավայրի մշակման ծրագրի դեմ ստորագրահավաք են սկսել և մտադիր են իրենց իրավունքների պաշտպանության պետական երաշխիքներ ստանալ: «Եթե հանքավայրի մշակումը այդքան անվտանգ է, թող այդ ծրագրի հեղինակները՝ ընտանիքներով գան ու այստեղ բնակվեն»,- ասել են գյուղացիները:

Նոյեմբեր 26, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր