

ԷկոԼուր
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված առկա է համակարգային խնդիր: Այս մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թ-ի տարեկան զեկույցում:
Զեկույցում մեջբերվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները, Ամուլսարի ծրագրի շուրջ հարուցված քրեական գործերը, անդրադառնում տեղի բնակիչների և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների բողոքներին:
Ներկայացնում ենք Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Պաշտպանի զեկույցն ամբողջությամբ.
«Բնապահպանների և քաղաքացիական հասարակության կողմից բազմիցս բարձրաձայնվել է Ամուլսար լեռան վրա կատարվող ոսկու հանքի շինարարական աշխատանքների և հետագայում հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության խնդիրը։ Խնդրի մասին բազմաթիվ բողոքներ են հասցեագրվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին 2018 թվականին: Պաշտպանին դիմել են ինչպես շրջակա տարածքների բնակիչները, այնպես էլ հանքի շահագործման համար թույլտվություն ստացած ընկերությունը և վերջինիս աշխատակիցները:
Բազմաթիվ բնապահպանների և փորձագետների կողմից բազմիցս բարձրացվել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կազմած «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիր փոփոխված նախագծի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում»» փաստաթղթին տրված դրական եզրակացությունն առոչինչ ճանաչելու և հանքավայրի շինարարական աշխատանքները կասեցնելու հարցը, այն պնդմամբ, որ պետական փորձաքննական եզրակացությունը տրվել է առանց փորձաքննության իրականացման, և որ Ամուլսարի հանքի շահագործումը կարող է հանգեցնել բազում էկոլոգիական վտանգների առաջացմանը https://www.ecolur.org/hy/news/mining/--/10594/:
Ամուլսարի հանքավայրի շահագործման համար ՀՀ բնապահպանության նախարար կողմից տրվել է դրական եզրակացություն հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությամբ դեռ 2016 թվականի ապրիլի 29-ին։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացվել են իրականացված ստուգումների արդյունքները։ Այսպես, 2018 թվականի հուլիսի 6-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի շահագործման փոփոխված նախագծի գլխավոր հատակագծում նշված «PL-4» կոնվիեր հարթակի շինարարական աշխատանքների ընթացքում «PL-12» ջարդիչ կայանի հարթակից կոնվիերի ուղղությամբ 1,5 կմ դեպի «PL-3» մանր հանքաքարի կույտի /բեռնատարների բեռնաթափման հարթակի/ հատվածում լեռնային զանգվածն ընկերության կողմից տեղադրվել է նշված հարթակի հարավ-արևմտյան հատվածում գտնվող գյուղատնտեսական նշանակության մոտավորապես 1,1 հա հողատարածքի վրա։ Ինչպես նաև Տեսչական մարմինը տեղեկացրել է, որ պարզվել է, որ ընկերությունը չունի սահմանային թույլատրելի արտանետումների նախագիծ, որի համաձայն սահմանված կլիներ՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար արտանետումների նորմատիվային սահմանված չափաքանակները և արտանետման թույլտվությունը։ Ստուգումների արդյունքում պարզվել է նաև, որ շինարարական աշխատանքների արդյունքում մթնոլորտ է արտանետել 60,566 տոննա փոշի, իսկ հասցված վնասը կազմել է 7 699 160 (յոթ միլիոն վեց հարյուր իննսունինը հազար հարյուր վաթսուն) դրամ, ինչպես նաև արձանագրվել է հողային աշխատանքների խախտում, համաձայն որի՝ ազդեցության գնահատականը կազմել է՝ 21 250 231 (քսանմեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար երկու հարյուր երեսունմեկ) դրամ։ Տեսչական մարմինը տեղեկացրել է նաև, որ ստուգումներով արձանագրվել է, որ ընկերության կողմից շինարարական աշխատանքների ընթացքում շինարարական հրապարակները չեն պատսպարվել, ընկերությունը չունի ավտոմեքենաների լվացման կայան, շինարարական հրապարակից դուրս եկող մեքենաների անվադողերը չեն լվացվել, շինարարական աշխատանքների ընթացքում սորուն նյութերը չեն տեղադրվել փակ տարածքներում և ծածկված չեն անթափանց թաղանթով։ Նշված խախտումները վերացնելու նպատակով տրվել է հանձնարարական։ Ըստ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից 2016 թվականին տրված պետական փորձաքննական ԲՓ-35 եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու առաջարկություն է ներկայացվել, որի համար հիմք են հետևյալ հանգամանքները. 1. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում ներգրավված մասնագետների կողմից, համաձայն վերջիններիս ներկայացված մասնագիտական եզրակացությունների (հաշվետվությունների), Ամուլսարի տարածքում առաջին անգամ հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված երկու տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից մեկն ամենայն հավանականությամբ Ոզնաթուփ մեխակին է (Acantholimon caryophylaceum Boiss.) և Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված 5 տեսակի կենդանիներ, որոնցից մեկը՝ ապոլոն տեսակի թիթեռը (Parnassius apollo)։
2. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ԼՎ-245 լեռնահատկացման ակտով տրամադրված տարածքները զրկել է հողային և բուսական ծածկույթից և լրիվ խախտել է կենսացենոզը, որը կարող է շղթայական բացասական ազդեցություն ունենալ Ամուլսարի բույսերի և կենդանիների բազմազանության, նրանց քանակի և կենսունակության վրա։ Նշվածով պայմանավորված ընկերության գործունեությունը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բույսերի և կենդանիների կարմիր գրքերում գրանցված վերը նշված տեսակների թվի կրճատմանը, ինչպես նաև այդ բույսերի աճելավայրերի և կենդանիների ապրելավայրերի վատթարացմանը։ Վերոնշյալ խնդրի շրջանակներում, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության՝ նախատեսվում է իրականացնել նաև միջազգային փորձաքննություն, մասնավորապես առկա են տվյալներ, որ մրցույթ է հայտարարված՝ միջազգային ընկերության ներգրավման նպատակով, ինչի արդյունքում կառավարությունն ավելի լիարժեք տեղեկատվություն կունենա շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների վրա Ամուլսարի ազդեցության վերաբերյալ http://www.mnp.am/am/post/3603: Հարկ է նաև նշել, որ Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է ընդունել, որով հավանություն է տվել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացրած կոլեկտիվ հանրագրում նշված «Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» առաջարկությանը։ Հանրագրում բնակիչները նշել էին նաև հետևյալի մասին, որ Ամուլսարում ոսկու արդյունահանմանը դրական եզրակացություններ տալով՝ մինչև 2016 թվական Ջերմուկը չի համարվել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016 թվականին ազդակիր հայտարարվելուց հետո էլ այնտեղ պատշաճ կարգով չեն կազմակերպվել հանրային լսումներ https://www.ecolur.org/hy/news/amulsar/-/10701/:
2018 թվականին Պաշտպանին բողոք են հասցեագրել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության 174 կին աշխատակիցները, որով բողոք ներկայացրած մարդիկ տեղեկացրել են, որ մի խումբ անձինք գրեթե երկու ամիս փակել են իրենց աշխատավայր տանող ճանապարհը, ինչի հետևանքով իրենք չեն կարողանում մուտք գործել աշխատավայր: Բողոք ներկայացրած անձանց պնդմամբ՝ Ամուլսարի հարակից համայնքներում, հատկապես` Ջերմուկում և Գնդևազում, վերոնշյալ անձանց կողմից ենթարկվում են հարձակումների, իրենց հասցեին հնչեցվում են սպառնալիքներ և գործադրվում են ճնշումներ: «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության ևս 192 աշխատակիցներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նույնաբովանդակ բողոք: Բացի այդ, նույն ընկերության տնօրենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել է բողոք այն մասին, որ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող տարածքներ տանող ճանապարհը մի խումբ անձանց կողմից ապօրինի փակելու կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժին: Ըստ բողոք ներկայացրած անձի՝ նշված հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր, և 2018 թվականի օգոստոսի 6-ին անհիմն որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքին կից ներկայացված փաստաթղթի ուսումնասիրմամբ պարզվել է նաև, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հիշյալ որոշման դեմ նշված ընկերության տնօրենի կողմից բողոք է ներկայացվել նաև ՀՀ գլխավոր դատախազություն: Այնուհետև, բողոքի ուսումնասիրության ընթացքում Պաշտպանի աշխատակազմ է մուտքագրվել նաև «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակիցների 46 մերձավոր ազգականների բողոքն այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 27-ին ընկերության աշխատակիցները փորձել են մուտք գործել աշխատավայր, սակայն ենթարկվել են ծեծի, ինչի հետևանքով մի քանի մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական հաստատություններ: Բողոք ներկայացրած անձանց պնդմամբ՝ հարձակում գործած անձինք եղել են զինված, թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ, իսկ միջադեպին ականատես Ոստիկանության բարձրաստիճան ծառայողները որևէ գործողություն չեն ձեռնարկել միջադեպը կանխելու ուղղությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կին աշխատակիցները, որոնց հասցեագրած բողոքի քննարկման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված գրությանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկություն է տրամադրվել, որ բողոքում նշված դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 28-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործը և նախաքննությունը կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Բողոքի քննարկման շրջանակներում ՀՀ ոստիկանությունից տեղեկություն է ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողների արարքների առթիվ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Ավելին, ըստ Դատախազության տվյալների՝ հաղորդումների առթիվ 2018 թվականի օգոստոսի 28-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն նախաքննություն կատարելու: Հիշյալ քրեական գործով ներգրավված է մեկ մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Բացի այդ, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողների գործողությունների /անգործության/ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործը՝ որով նախաքննությունը շարունակվում է, որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա: Քրեական գործերով նախաքննությունը շարունակվել է 2018 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ:
Վերոնշյալ տվյալներից կարելի է հետևություն անել, որ առկա է համակարգային խնդիր. մի կողմից անհրաժեշտ է հաշվի առնել հարակից համայնքների բնակիչների իրավունքները և իրականացնել իրավիճակի անկախ և համալիր գնահատում, մյուս կողմից էլ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել աշխատակիցների իրավունքների ոտնահարման և վերջիններիս ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ոտնձգությունների բացահայտման ուղղությամբ»:
Ապրիլ 12, 2019 at 16:45