Արգիչի գետի ջրի բաշխման խնդրի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը ԷկոԼուրին

Արգիչի գետի ջրի բաշխման խնդրի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը ԷկոԼուրին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է ԷկոԼուրի նամակին՝ կապված Արգիչի գետի ջրի բաշխման խնդրի հետ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանի № 2/10.1.5/7575 նամակում նշված է. «Ի պատասխան Ձեր 2020 թվականի հունիսի 24-ի գրության՝ «ԷկոԼուր» տեղեկատվական և «Մարտունու կանանց  համայնքային  խորհուրդ» ՀԿ-ներին  Գեղարքունիքի մարզի Ն.Գետաշեն համայնքի բնակիչների կողմից համայնքի հողատարածքների ոռոգման խնդրի և «Արգիչի» ՓՀԷԿ-ի կողմից ջրառ իրականացնելու հետևանքով ստեղծված իրավիճակի մասին ահազանգի առնչությամբ, հայտնում եմ.

շրջակա միջավայրի նախարարության կողմից Գեղարքունիքի մարզի Ն.Գետաշենի համայնքապետարանին հողատարածքների  ոռոգման նպատակով տրամադրվել են ջրօգտագործման թույլտվություններ /այսուհետ՝ ՋԹ/, դրանք են.

1. ՋԹ N000206՝ տրամադրված 2014 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 12-ը երկարաձգված գործողության ժամկետով 3 խորքային հորից, 170.0 հա, 118.7 լ/վ ջրածավալով,

2. ՋԹ N000276՝ տրամադրված 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը գործողության ժամկետով, 1 խորքային հորից 66.6 հա, 55.0 լ/վ ջրածավալով։

Ն. Գետաշեն համայնքի հողատարածքների ոռոգման նպատակով  ՋԹ-ներ են տրամադրվել նաև համայնքի տարածքը սպասարկող «Մարտունի» ՋՕԸ-ին:

Համաձայն 2010 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 11-ը երկարաձգված գործողության ժամկետով «Մարտունի» ՋՕԸ-ին  տրամադրված N000127 ՋԹ-ի՝ Արգիչի գետից, Ջրվեժի ջրանցքի  գլխամասից  Ն.Գետաշեն համայնքի 348 հա հողատարածքի  ոռոգման համար  տրամադրվել է 228.0 լ/վ ջրաքանակ, ինչպես նաև Ն.Գետաշեն, Վ.Գետաշեն, Գեղհովիտ և Մադինա համայնքներին N 000130 ՋԹ-ով՝ Արգիչի գետից, Գետաշենի ջրանցքի գլխամասից ձևակերպվել են ջրաքանակներ, որից Ն.Գետաշեն համայնքի 90.0 հա հողատարածքի ոռոգման նպատակով՝ 59.0 լ/վ ջրածավալ։

Ներկայումս «Գեղարքունիք» ՋՕԸ-ն Ն.Գետաշեն համայնքի 360.0 հա հողատարածքի ոռոգման համար ներկայացրել է ՋԹ ստացման հայտ՝ Արգիչի գետից, Ն.Գետաշենի ջրհան կայանով, Գետաշենի ջրանցքից, Ջրվեժի առու ջրանցքից և Ն.Դեմերի ջրհան կայանով՝ 163.0 լ/վ գումարային ջրածավալով։

Հայտնում եմ, որ ՋՕԸ-ի կողմից ներկայացված ՋԹ-ի ստացման հայտը գտնվում է գնահատման փուլում:

2020 թվականի հունիս ամսվա ընթացքում, ինչպես նաև հուլիս ամսին «Գեղարքունիք» ՋՕԸ-ի կողմից Ն.Գետաշեն համայնքում իրականացվել է ոռոգում համայնքի տարածքում գտնվող  խորքային հորերի և ջրհան կայանի միջոցով՝ 11300.0 հազար խմ, իսկ հուլիսին՝ մոտ 15000.0 հազար խմ ջրածավալով: ՋՕԸ-ի կողմից  իրականացվում է ջրառ նաև Արգիչի գետից: 

Ինչ վերաբերում է «Հիդրո կոորպորացիա» ՓԲԸ-ի «Արգիչի» ՓՀԷԿ-ի կողմից Արգիչի գետից ոռոգման սեզոնին ջրառ իրականացնելու արդյունքում  համայնքի հողատարածքների ոռոգման համար խնդիրներ առաջանալուն, հայտնում եմ.

ս.թ. հուլիսի 3-ին շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրության պահին «Արգիչի»  ՓՀԷԿ-ի տարածքում Արգիչի գետով հոսում էր մոտ 200-250 լ/վ ջուր, իսկ ՓՀԷԿ-ից Արգիչի գետ ջրահեռացումը կազմում էր 700-800 լ/վ ջուր: ՓՀԷԿ-ի մոտ գտնվող ջրհան կայանը չէր գործում, և «Արգիչի» ՓՀԷԿ-ը՝ համաձայն N 000031 ՋԹ-ի, Արգիչի գետից օգոստոս ամսին ջրառ չի իրականացնում:

Ձեր կողմից ներկայացված այն տեսակետը, թե իբրև «Արգիչի» ՓՀԷԿ-ին ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու գործընթացն անցկացվել է խախտումներով, չի ապահովվել հասարակայնության իրազեկում, տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N217-Ն որոշմամբ սահմանված Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգի  համաձայն «Արգիչի» ՓՀԷԿ-ի քննարկվող ջրօգտագործման թույլտվությունը լիազոր մարմնի կողմից ներկայացվել է հասարակայնությանը ծանուցման՝ նախագծային փուլում, ինչի վերաբերյալ  սահմանված ժամկետում որևէ դիտողություն ու առաջարկություն չի ներկայացվել։ 

Հայտնում եմ, որ «Արգիչի» ՓՀԷԿ-ին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունն իրավաչափ է, և ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն  իրականացվել է՝ ապահովելով ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N218-Ն որոշման պահանջների համաձայն բոլոր էական փաստական և իրավական հիմքերը։

Ն.Գետաշեն համայնքի հողատարածքների ոռոգման խնդիրը լուծելու համար ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N218-Ն որոշման պահանջների համաձայն, համայնքը կարող է դիմել շրջակա միջավայրի  նախարարություն նոր ջրօգտագործման թույլտվության ստացման հայտով՝ հայտին կից  ներկայացնելով սույն որոշմամբ պահանջվող փաստաթղթերը:

Տեղեկացնում եմ, որ համայնքի կողմից ՋԹ հայտ ստանալուց հետո նոր ջրօգտագործման թույլտվության հայտի գնահատումը կիրականացվի հիմք ընդունելով ՀՀ ջրային օրենսգրքով, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» և «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքներով ամրագրված դրույթները, մասնավորապես՝ նախատեսվող ջրօգտագործման համապատասխանությունը ջրի բաշխման գերակայություններին, գետերի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, գետերի բնապահպանական թողքի հսկման նպատակով համապատասխան մեխանիզմների առկայության ապահովումը։  

Գեղարքունիքի մարզի Ն.Գետաշեն համայնքի կողմից ջրօգտագործման թույլտվության ստացման հայտ ներկայացնելուց հետո՝  շրջակա միջավայրի նախարարությունը, համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի,  սահմանված կարգով կվերանայի նաև «Արգիչի» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը, իսկ ՓՀԷԿ-ի կողմից Արգիչի գետից ջրառ կիրականացվի՝ հաշվի առնելով ջրօգտագործողների առաջնահերթությունը / էկոլոգիա,  ոռոգում/։

Հայտնում եմ նաև, որ «Հիդրո կոորպորացիա» ՓԲ ընկերության «Արգիչի» ՓՀԷԿ-ին շահագործման  նպատակով տրամադրված N 000031 ՋԹ-ի ժամկետը՝ ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն, համարվում է երկարաձգված»։

ԷկոԼուրի դիտարկումներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նամակում գրված է. «...ուսումնասիրության պահին «Արգիչի»  ՓՀԷԿ-ի տարածքում Արգիչի գետով հոսում էր մոտ 200-250 լ/վ ջուր, իսկ ՓՀԷԿ-ից Արգիչի գետ ջրահեռացումը  կազմում էր 700-800 լ/վ ջուր»: Այս կապակցությամբ նշենք.

· 200-250 լ/վ ջրի հոսքը 4-5 անգամ փոքր է «Արգիչի» ՓՀԷԿ-ին 2014-2017թթ. տրամադրված N 000031 ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված 1000 լ/վրկ բնապահպանական թողքից, որն, ըստ տրամաբանության, կարող էր նաև մեծանալ ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշման ընդունումից հետո: Ըստ այդ որոշման՝ գետերի էկոլոգիական թողքը պետք է ավելանար՝ եղածին ավելացնելով 33 տոկոս, որպես «անվտանգության գործոն»՝ ապահովելու գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Ինչպես նաև բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեր գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները:

· Եթե ՓՀԷԿ-ից Արգիչի գետ ջրահեռացումը կազմել է 700-800 լ/վ ջուր, ապա չի պահպանվել Արգիչի գետի էկոլոգիական թողքը: Հետաքրքիր է, արդյոք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանի հետ հուլիսի 8-ի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում կկատարի ստուգում «Արգիչի» ՓՀԷԿ-ում՝ ՋԹ-ի պահանջների կատարումը պարզելու համար։

· Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության սույն թվականի ապրիլի 23-ի 597 – Ն որոշմամբ Սևանի ջրավազանային կառավարման տարածքում սահմանվեց սակավաջրություն, և  մասնավորապես, շրջակա միջավայրի նախարարին հանձնարարված է ըստ անհրաժեշտության կատարել ժամանակավոր փոփոխություններ նշված տարածքում տրամադրված ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալների և (կամ) ռեժիմների սահմանափակումների և չափավորումների ուղղությամբ` առաջնորդվելով ջրային օրենսդրությամբ սահմանված ջրօգտագործման գերակայության սկզբունքներով:

· Չնայած նրան, որ Ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածը չի նախատեսում ՋԹ-ի ժամկետի երկարացման հանրայնացում, այնուամենայնիվ, շրջակա միջավայրի նախարարության աշխատանքի թափանցիկության, ինչպես նաև թյուրըմբռնումներից խուսափելու համար նպատակահարմար է, որ ՋԹ-ների ժամկետների երկարացման մասին տեղեկատվությունը հրապարակվի նախարարության կայքում:

· ԷկոԼուրի նամակում նշված «Արգիճի» ՓՀԷԿ-ի կառուցման անօրինականության հանգամանքին անդրադառնալիս՝ նախարարությունը նշել է ՋԹ ստանալու գործընթացի մասին, մինչդեռ խոսքը ՓՀԷԿ-ի կառուցման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության մասին է, որն, ըստ ՀՀ օրենսդրության, կորցրել էր իրավական ուժը, քանի որ «Արգիչի» ՓՀԷԿ-ը կառուցվել է ոչ թե 2006թ-ին փորձաքննական եզրակացություն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, այլ սկսել է կառուցվել 2012թ-ին առանց նոր բնապահպանական փորձաքննության անցկացման:

Հուլիս 13, 2020 at 17:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր