Արցախի պատերազմական իրավիճակ՝ միջազգային արձագանք

Արցախի պատերազմական իրավիճակ՝ միջազգային արձագանք

Ներկայացնում ենք տարբեր երկրներում Արցախում պատերազմական իրավիճակի հետ կապված արձագանքը:

Ֆրանսիա

Թվիթերում հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին:

«Որպես պատգամավոր՝ շարունակում եմ իմ նախաձեռնությունը: Վաղը խորհրդարանին կհանձնեմ մի բանաձև, որն առաջինն եմ ստորագրել, ինձ հետ նաև այլ պատգամավորներ են ստորագրել:

Քվեարկության դրվող բանաձևի համաձայն՝ Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչելու է Արցախի անկախությունը, և հայերի՝ իրենց հողի վրա ապրելու իրավունքը»:

Իսպանիա

Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել:

«Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ:

Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» (Unidas Podemos) դաշինքը դիմել է միջազգային հանրությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի մյուս բնակիչների անվտանգությունը:

Ավստրիա

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել էին Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը և Պամելա Ռենդի-Վագները: Ավստրիայի «Հայ դատի» հանձնախումբը հաղորդում է, որ միջնորդությունն ընդունվել է միաձայն՝ բոլոր խորհրդարանական խմբերի կողմից, միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը և Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն:

ԱՄՆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆ. «ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին և Թուրքիային հասկացնի, որ եթե նրանք շարունակեն բռնություն գործադրել` հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու փոխարեն, մենք պատրաստ ենք Արցախի Հանրապետությունն անկախ պետություն ճանաչել… Մենք Կոնգրեսում բանաձև ենք ներկայացրել, որով Ադրբեջանին կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Թուրքիային` նահանջել եւ դադարեցնել հակամարտության բորբոքումը»:

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ պահանջել է դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ է արել պատժել Էրդողանի ու Ալիևի ռեժիմներին ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA):

...

Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատն էլ ընդունել է մի բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Բանաձևը ներկայացրել է պալատի անդամ Մերի Մանուղյանը: Այդ բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից համակարգված հարձակումը Լեռնային Ղարաբաղում ու Թուրքիայի միջամտությունը հակամարտությանը, և ԱՄՆ Պետդեպին կոչ է անում աշխատել Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի կառավարությունների հետ՝ հակամարտության երկարաժամկետ և խաղաղ կարգավորման հասնելու համար:

Ռուսաստանի Դաշնություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով. «Մենք համաձայն չենք Թուրքիայի հնչեցրած դիրքորոշման հետ Ղարաբաղի հարցում, որը նաև մի քանի անգամ հնչեցրել է նախագահ Ալիևը: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա:

Մենք չենք կարող համաձայնել այն հայտարարությունների հետ, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում ունի և թույլատրելի է:

Դժբախտաբար, Թուրքիան կարողացավ դա անել և հաստատեց, որ կաջակցի ցանկացած գործողության, որ Ադրբեջանը կձեռնարկի այս հակամարտությունը լուծելու համար, այդ թվում` ռազմական»:

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլին․«Կարծում եմ` աշխարհի քարտեզում շուտով կհայտնվի նոր ճանաչված պետություն` Արցախի Հանրապետություն անվամբ։ Արցախի միջազգային ճանաչումը` այլընտրանք չունի։ Արցախն անկախացել է 1991թ-ին և ժամանակն է արդեն, որ ճանաչվի նրա անկախությունը։

Անկախության ճանաչումն այլևս կբացառի ադրբեջանական ագրեսիան, կապահովի Արցախի անվտանգությունը։ ՌԴ-ն որպես Հայաստանի դաշնակից` պետք է լինի Արցախի անկախության առաջին ճանաչողներից մեկը»,- ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Կիպրոս

Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի և Կիպրոսի ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Ներկայացուցիչների պալատը դատապարտել է նաև Թուրքիայի լիակատար աջակցությունն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու խաղաղ բանակցություններ վարել»,- գրել  է Հայրապետյանը:

Չեխիայի Հանրապետություն

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող բանաձև՝ Ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը: Բանաձևում Արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է անում երրորդ երկրների կառավարություններին՝ չներգրավվել հակամարտության մեջ և թույլ չտալ այլ տարածքներից անհատ զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

Հունաստան

Հունաստանի Նեա Սմիրնայի քաղաքապետի և քաղաքային խորհրդի՝ Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից ռազմական հարձակումը դատապարտող բանաձև.

«… Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ստանձնել քաղաքական և դիվանագիտական մակարդակներով ցանկացած նախաձեռնություն` անհապաղ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի տարածք Ադրբեջանի ռազմական ներխուժումը:

Մենք հավատում ենք ժողովուրդների իրենց պատմական հայրենիքում, օրենքով և խաղաղությամբ, ինքնուրույն ապրելու իրավունքին: Մենք միասին պայքարելու ենք խաղաղ ապագա ապահովելու համար` հեռու ռմբակոծություններից և երեխաների աչքերում սարսափից:

Նեա Սմիրնայի մշտական կապի մեջ է Հայաստանի մեր եղբայրների հետ, խնդրելով նրանց նշելու իրենց կարիքները` թե մարդասիրական, թե ցանկացած այլ օգնություն ցուցաբերելու համար»:

Հունաստանի Սալոնիկ քաղաքի Նեապոլի – Սիկիես քաղաքապետարանի քաղաքային խորհրդի ընդունած բանաձև.

«Նեապոլի-Սիկիես քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը
• դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա,
• դատապարտում է հայերի նկատմամբ Թուրքիայի մարդասպան կեցվածքը,
• կողմ է հարցի հիմնովին լուծմանը, հարգելով տարածաշրջանի երկրների տարածքային ինքնիշխանությունն ու ժողովուրդների ազգային ինքնությունը,
• կանգնած է հայ ժողովրդի կողքին Լեռնային Ղարաբաղի անկախության և դրա միջազգային ճանաչման արդար պայքարում:
• որոշում է բարձրացնել հայկական դրոշը Նեապոլի-Սիկիես քաղաքապետարանում, ` հունական դրոշին կից:
• Լիազորում է քաղաքապետ պարոն Սիմոս Դանիիլիդիսին, քաղաքապետարանի ծառայությունների հետ համատեղ, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը քաղաքապետարանի փողոցներերից մեկը Ցեղասպանություն փողոց վերանվանելու համար»:

Հունաստանի Կավալա քաղաքապետարանի քաղաքային խորհրդի ընդունած բանաձև.

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական մակարդակներով նախաձեռնություններ` կրակը դադարեցնելու և հայ ժողովրդի դեմ հանցագործությունները կանխելու համար:
Մենք հավատում ենք ժողովուրդների իրենց պատմական հայրենիքում ինքնուրույն ապրելու իրավունքին և հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության, արդարության և ժողովրդավարության օգտին»:

Հոկտեմբեր 15, 2020 at 16:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր