

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործընկերների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել «Խոր Վիրապ» արգելավայրում էկոզբոսաշրջային ծրագիր մշակելու և ներդնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
2021թ. հուլիսի 20-ին Ռոմանոս Պետրոսյանը CNF-ի ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով եղել է «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։
«Խոր Վիրապ» արգելավայրը գտնվում է Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում: Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է տեղում էկոտուրիզմի զարգացման բարենպաստ պայմաններին՝ շեշտելով բնական միջավայրի անխաթարության պահպանումը:
Այնուհետ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում նախարարի պաշտոնակատարը խորհրդակցություն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։ Քննարկել են նոր մշակված էկոզբոսաշրջային երթուղիների գործարկման ընթացքը։ Հանձնարարվել է առավել պատասխանատվությամբ մոտենալ զբոսաշրջային հոսքերի կառավարմանը․առաջնային տեղում բնական էկոհամակարգերի վրա մարդկային գործոնի ազդեցության նվազեցումն է։ Անդրադարձ է կատարվել արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների խնդրին: Քննարկվել են հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության հետ կապված հարցերը:
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալագրեր է հանձնել շաբաթներ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվորեն մասնակցած ՊՈԱԿ-ի աշխատակիցներին:
Լուսանկարները՝ Շրջակա միջավայրի նախարարության
Հուլիս 21, 2021 at 16:13