

200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Մասդար» ընկերության միջև ստորագրվեց Կառավարության աջակցության համաձայնագիր: Այն ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Մասդարի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին։
ՀՀտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորություններ են ստանձնել ծրագրի իրականացման առնչությամբ, ինչի կապակցությամբ ներդրողի կողմից պայմանագրի շրջանակներում ներկայացվել են երաշխիքներ: Համաձայնագրով սահմանվել են ծրագրի իրականացման ամբողջական պայմանները և կառուցվածքը: «Մասդար» ընկերությունը, որը ծրագրի իրականացման համար մրցույթի հաղթողն էր ճանաչվել 2021թ. հուլիսին, ներկայացրել է 0,0290 ԱՄՆ դոլար սակագին մեկ կիլովատ/ժամի համար: Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է 174 մլն ԱՄՆ դոլար։
Ծրագրի շրջանակներում կառուցվելիք արևային կայանը կլինի խոշորագույնը Հայաստանում։
Ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ահլամ Ալ Սալամին, ՀՀ-ում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային Բանկի գրասենյակների ներկայացուցիչներ։
««Մասդար»-ի հետ այս համագործակցությունը ոչ միայն այդ, այլև Հայաստանի ներդրումային պոտենցիալի ընդլայնման ուղղությամբ կարևոր քայլ է։ Այդ տեսանկյունից նշանակալի է «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ «Այգ -1» արևային կայանի կառուցումը: Ակնկալում ենք, որ այս փաստաթղթի ստորագրմամբ համատեղ երկարատև աշխատանքի սկիզբ կդրվի, և նոր ծրագրեր կիրականացվեն»,-ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ։
«Մասդար»-ի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին նշել է. «Այս համաձայնագիրը կարևոր իրադարձություն է Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման ճանապարհին, և այս նախագծի զարգացումը կաջակցի երկրի կայուն տնտեսական զարգացմանը: Հայաստանն ունի մաքուր էներգիայի ռեսուրսների հսկայական ներուժ, և մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ այս ոլորտում հետագա հնարավորությունների շուրջ աշխատելուն։ Մենք պատրաստ ենք ներդնել այն փորձը, որը ձեռք ենք բերել՝ որպես վերականգնվող էներգիայի նախագծերի համաշխարհային առաջատար՝ աջակցելով Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը»:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է. ««ԱՅԳ 1»-ը դառնալու է առավել տեսանելի ներդրումային ծրագրերից մեկը, որից շահելու են պետությունը, քաղաքացիները եւ ներդրողը՝ միաժամանակ ներդնելով ոլորտում կայունության ամենաբարձր չափանիշները»:
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ահլամ Ալ Սալամին իր հերթին նշել է, որ այս համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև կայուն համագործակցության ամրապնդմանը։ Դեսպանը հույս է հայտնել, որ այս խոշորագույն ծրագրի բարեհաջող իրականացումը նորանոր հնարավորություններ կբացի ԱՄԷ-ից Հայաստան նոր ներդրումների համար։ Համաձայնագրի ստորագրումից հետո «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Շնորհավորելով փաստաթղթի ստորագրման կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ «Մասդար» ընկերության կողմից Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագիրը կդառնա փոխշահավետ գործակցության սկիզբը: «Սա Ձեր ընկերության առաջին խոշոր նախագիծն է մեր երկրում, և ակնկալում եմ, որ այն շարունակություն կունենա ու հիմք կստեղծի հետագա երկարաժամկետ համագործակցության համար: Մենք միասին շատ գործ կարող ենք անել՝ ընդգրկելով ոչ միայն մեր երկրի համար չափազանց կարևոր վերականգնվող էներգիայի, այլև մի շարք այլ ոլորտներ»,- ասել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ հնարավորինս պատրաստ է աջակցել կարևոր ծրագրի հաջող իրականացմանը և գոհունակություն է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրություններ այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:
«Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված համատեղ ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։ «Այգ-1»-ը կառուցվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2025թ-ին:
Դեկտեմբեր 02, 2021 at 14:05