ՍԵՎԱՆԻ ԵՎ «ԳԵԳԱՄԵՏ ՊԼՅՈՒՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՕԳՈՒՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ Է

ՍԵՎԱՆԻ ԵՎ «ԳԵԳԱՄԵՏ ՊԼՅՈՒՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՕԳՈՒՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ Է

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունը կարծում է, որ Սեւանա լճի ավազանում վերամշակման արտադրություն ծավալող «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեությունը չի խախտում բնապահպանական օրենսդրությունը: Այդ մասին ասվում է «ԷկոԼուր»-ի հարցմանն ուղղված նախարարության պատասխանում: Խոսքը Շորժայում քրոմ պարունակող դունիտ-պերիդոտիտային հանքավայրի շահագործման մասին է:

«ԷկոԼուր»-ը եւ այլ հասարակական կազմակերպություններ ավելի քան երկու տարի Բնապահպանության նախարարությանը կոչ են անում հետեւել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի` լճի ավազանում լեռնահանքային հումքի վերամշակման արգելման դրույթներին եւ արգելել «Գեգամետ պլյուս» ընկերությանը հումքը մանրացնել տեղում: Սակայն ոչ մի դիմում չի օգնում: Ընկերության գործունեությունը չդադարեցվեց բնապահպանական պետական տեսչության կողմից նույնիսկ այն ժամանակ, երբ վերամշակման գործարանն արդեն կառուցվել էր բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության բացակայության պայմաններում: Այս երկու տարիների ընթացքում քրոմ պարունակող փոշին քամու օգնությամբ լցվում է Սեւան, ինչը կարելի է անզեն աչքով տեսնել: Ամբողջությամբ ոչնչանում է լանդշաֆտը, որի պահպանումն ապահովվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի եւ Հայաստանի կողմից ստորագրված եւ վավերացված միջազգային կոնվենցիաների դրույթներով:

Իր պատասխանում (թիվ 5/33/50007, 10.01.2011թ., նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի ստորագրությամբ) նախարարությունը բառացիորեն կրկնում է ընկերության փաստարկները, որոնք ընկերությունը ներկայացրել է իր նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հատվածում: Այսպես, պատասխանում նշված է.

«1. Ընկերությունը նախատեսում է ոչ թե զուտ քրոմիտների մեխանիկական մանրացման եւ տեսակավորման գործընթաց, այլ դունիտների եւ մագնեզիալ-սիլիկատային ապարների: Ներկայացված ապարների բաղադրության հիմնական մասը կազմում է մագնեզիալ-սիլիկատային ավազը եւ միայն մի մասը` քրոմիտները: Ըստ հանքավայրի հումքի որակական հատկանիշների ուսումնասիրության արդյունքների` քրոմը ներկայացված է ջրում չլուծվող` 1,0-2,0% Cr203, քրոմի օքսիդի միջին պարունակությամբ: Վերը նշված մեխանիկական գործընթացը, որը Ձեր կողմից դիտարկվում է որպես «հանքանյութի վերամշակման արտադրական փուլի մաս»  (ինչը չի համապատասխանում իրականությանը), այնուամենայնիվ աղման եւ մաղման պրոցես է փակ շրջանառու ջրային համակարգով, որը համապատասխան տեխնոլոգիական պրոցեսների եւ գործընթացների բացակայության պատճառով չի կարող դիտվել հանքանյութի վերամշակման գործընթաց:

2.      Համաձայն ներկայացված նախագծային փաստաթղթերի` անօրգանական փոշու աղբյուրներ են հանդիսանալու ապարների խոշոր և միջին ջարդման տեղամասերը, եւ ըստ «Ռադուգա» համակարգչային ծրագրով կատարված մթնոլորտում վնասակար նյութերի ցրման հաշվարկների արդյունքների, մթնոլորտ արտանետվող վնասակար արտանետումների առավելագույն կոնցենտրացիաները արտհրապարակի, սանիտարապաշտպանիչ գոտու, ինչպես նաեւ մոտակա բնակավայրի` Շորժա գյուղի համար գտնվում են նորմայի սահմաններում: Այսինքն` բացառվում է քամու միջոցով դեպի Սեւանա լիճ տարածվող հավանական քրոմիտի փոշու արտանետման տարածումը, հետևաբար եւ լճի ավազանի տարածքում էկոհամակարգի տարրերի կենսական ցիկլի խախտումը:

Համաձայն Շորժայի գյուղական համայնքի գոտիավորման սխեմայում ամրագրված տվյալների, նախատեսվող գործունեությունը իրականացվելու է արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի տարածքում եւ չի հակասում «Սեւանա լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող նյութերի, կենսածին տարրերի, ծանր մետաղների կամ նրանց միացությունների եւ այլ նյութերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 24.12.2002թ. թիվ 57 որոշման պահանջներին: Բացի այդ, 40-ական թվականներից սկսած մինչեւ օրս վերը նշված տարածքը օտարված է նախատեսված գործունեության իրականացման նպատակով:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, կարելի է ենթադրել, որ տարածքի աղտոտվածությունը` շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչներով, կգտնվի թույլատրելի նորմերի սահմաններում:

Շրջակա լանդշաֆտին հասցվող անխուսափելի փոփոխության բացասական ազդեցությունը մեղմելու համար` համաձայն նախագծային փաստաթղթերի, նախատեսվում է ըստ խորության բացհանքի շահագործումը սահմանափակել մինչև 1990 մ հորիզոնը` վերջնական եզրագծում բաց հանքի տարածքին տալով հարթ մակերևույթի տեսք:

Հաշվի առնելով վերը շարադրված պարզաբանումները` կարելի է ենթադրել, որ ձեր կողմից թվարկված հիմնական օրենքների դրույթները չեն խախտվում»:

Անհասկանալի է, թե ինչի համար է անհրաժեշտ բնապահպանական փորձաքննությունը, եթե նախագծի անվտանգության բոլոր հղումները միայն ընկերությանն են, բայց ոչ անկախ փորձագետներինը, ովքեր պարտավոր են ներգրավված լինել փորձաքննական եզրակացության կազմման գործում: Իդեպ, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը  երկու անգամ մերժել է նախագիծը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի հիման վրա:

Հունվար 14, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր