ԱՐԴՅՈ՞Ք ԿՓՈՓՈԽՎԻ ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

ԱՐԴՅՈ՞Ք ԿՓՈՓՈԽՎԻ ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Լենա Բադեյան, «Ռադիոլուր»

Սեւանի խնդիրը եւ նրա կողքին ոսկու գործարան կառուցելու հարցը հասել է մինչեւ նախագահական եւ Ազգային Ժողով: «Սոս Սեւան» կազմակերպությունը այդ կառույցներին էր դիմել` Սեւանը փրկելու կոչով: Երկու կառույցներում էլ խնդիրը քննարկել են եւ այդ մասին այսօր լրագրողներին պատմում էր պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, որը ինչպես Աժ-ի Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, այնպես էլ ընդգրկված է երկրի նախագահի կողմից ստեղծված` Սեւանի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովում:

Ոչ թե տարածվող լուրերի մակարդակով, այլ մի շարք պատգամավորներ արդեն կարծում են, որ առաջիկայում Սեւանի մասին օրենքը հնարավոր է փոփոխվի: Դա անհրաժեշտ է, եթե որոշվի, որ Սեւանի մոտ պետք է ձեռնարկությունը կառուցվի: Խոսքը` «Գեոպրոմայնինգ» ընկերության ոսկու գործարանի մասին է: Խնդիրն այն է, որ գործող «Սեւանի մասին օրենքի» 10-րդ հոդվածը միարժեքորեն արգելում է Սեւանի ջրհավաք ավազանում նման կարգի ձեռնարկության կառուցումը: Աժ-ի Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը պնդում է, որ օրենքը փոխելու ազդակներ խորհրդարանում չկան:

«.Առաջին հերթին այդպիսի օրենքը պետք է գա մեր հանձնաժողով: Ես ձեզ ուղղակի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր նման բան չկա: Պաշտոնական շրջանակներում նման բան դեռեւս չկա»:

Այս առումով երաշխիքներ, սակայն, համապատասխան հանձնաժողովի նախագահը այսօր չկարողացավ տալ:

«Օրենքի փոփոխության մասի՞ն: Որտեղից կլինեն այդ երաշխիքները»:

Խորհրդարանական մշտական հանձնաժողվում հարցը քննարկելու ժամանակ բոլոր պատգամավորները միակարծք էին, որ դեմ են ցանկացած գործողությունների, որի արդյունքում վտանգվելու է Սեւանը, տեղեկացրեց Խաչիկ Հարությունյանը: Իսկ եթե ամեն դեպքում, «Սեւանի մասին օրենքի» փոփոխության առաջարկը բերվի խորհրդարան, ապա պատգամավորը արդեն գիտի, թե ինչպես է քվեարկելու:

«Ոչ, չեմ կարող կողմ լինել»:

Մեկ պատգամավորի քվեարկությամբ, միեւնույնն է, ոչինչ չի փոխվելու: Մարդկանց հիշողության մեջ դեռ թարմ են Թեղուտի անտառի կամ ուրանի հանքերի շահագործման պատմությունը: Այն ապացուցում է. ձանկության դեպքում պայմանագրերը կնքվում են առանց լուրջ հետազոտությունների եւ համապատասխան գերատեսչությունների հետ համաձայնեցման:

«Ես չեմ կարծում Սեւանի պարագայում նման բան կլինի, որովհետեւ Սեւանով պայմանավորված է Հայաստանի գոյությունը: Սա լուրջ բան է»:

Այս կարծիքին են նաեւ տագնապող բնապահպանական հասարակական կազմակերպությունները: Բնապահպանները չեն դադարում պնդել. «Գեոպրոմայնինգի» գործարանը Սեւանի մոտ «.ռումբ» է ողջ Հայաստանի համար: Թե ինչ կարող է լինել, եթե գործարանը, այնուամենայնիվ, կառուցվի արդեն պատկերացնում եւ նկարագրում է «ԷկոԼուր» հասարակական կազմակեևպության ղեկավար Ինգա Զառաֆյանը:

«Սպառնալիքներից ամենամեծը դա հանքանյութի վերամշակումից հետո դատարակ ապարների կուտակումն է, որոնց ծավալները կարող են հասնել 300 միլիոն տոննայի եւ դրանք դատարկ ապարներ չեն, նրանք պարունակում են տոքսիկ նյութեր, որոնք հետո պետք է թափանցեն Սեւան: Հետո, պոչամբարի կառուցումը իսկապես «ռումբ» է Սեւանի համար, որովհետեւ այն միանգամից դառնում է այնպիսի մի օբյեկտ, հարձակման, տեռորիստական ակտերի կամ երկրաշարժերի, ընդհանրապես, սպառնալիքները այդ օբյեկտին միանգամից կարող են շարքից դուրս հանել եւ տնտեսական եւ սոցիալական Հայաստանի ամբողջ կյանքը»:

«Գեոպրոմայնինգ»-ը առայժմ պաշտոնական որեւէ նամակով դեռ չի դիմել որեւէ կառույցի: Ակադեմիայի 3 ինստիտուտների ձեռնարկությունն առայժմ պատվիրել է հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակվելու են սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերին: Այսքանով, Սեւանի խնդիրները չեն ավարտվում: Հանրապետության նախագահի կողմից ստեղծված` Սեւանի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովը, կոնկրետ միջոցառումների ծրագիր է մշակել եւ ներկայացրել մի քանի օրառաջ Հանրապետության նախագահին: Հանձնաժողովը առաջարկում է կոնկրետ կառույցի վրա դնել Սեւանի ավազանի վերահսկողության պատասխանատվությունը, բացի այդ.

«Առաջարկել ենք 4 տարով արգելել բոլոր տեսակի որսը Սեւանում: Թողնել միայն ափամերձ տարածքում խեցգետնի եւ կարասի որսը: Ոչ մի մոտորային նավակ չպետք է մտնի լիճ: Խեցգետինը եւ կարասը, ըստ գիտնականների` անպայման պետք է հանվի լճից: Ես երեկ գտնվում էի Մարտունու տարածաշրջանում եւ ինձ համար զարմանալի էր` Սեւանի մայրուղուց մինչեւ Մարտունի մոտավորապես 20 տեղ ձուկ էին վաճառում: Սա այն պայմաններում, որ Սեւանում բառացիորեն այլեւս ձուկ չկա:

Հիմա, չգիտես ինչու, որեւէ մեկը չի գնում այն քայլին, որպեսզի արգելի դա: Եթե ճանապարհի 4 կողմը մարդիկ անընդհատ ձուկ են վաճառում եւ այդ ճանապարհով երթեւեկում են իրավապահ մարմինները: Ոչ մեկը նրանց ձեռքը չի բռնում»:

Նախագահին առընթեր հանձնաժողովը որոշումներ կայացնելու համար դեռ ժամանակ ունի եւ Սեւանին վերաբերող ծրագրերի մասին, ըստ Խաչիկ Հարությունյանի` ավելի մանրամասն տեղեկություն կներկայացվի մի քանի օրից:

Ապրիլ 17, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր