ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՔ ՉԷ

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՔ ՉԷ

Անահիտ Փիլոսյան, «Հայք»

Չնայած ուղարկված նամակների համար նախաձեռնող կողմը պատասխան չէր ստացել, չհաշված ԱԺ-ում փոքրիկ հանդիպումը, Սեւանի խնդրով անհագստացած բնապահպանները երեկ մեկ այլ միջոցառում էին նախաձեռնել: Թեքեյան մշակութային կենտրոնում էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքը կազմակերպել էր քննարկում Սոթքի ֆաբրիկայի վերաբերյալ:

Նկատենք, որ հանդիպման ձեւաչափը շատ ավելի լայն էր, քան սովորական բնապահպանական քննարկումների ժամանակ, օրինակ՝ այս անգամ խնդրին ծանոթանալու էին եկել նաեւ նկարիչների, ճարտարապետների միությունների նախագահները: Թեեւ հրավիրվածների ցանկը բավական լայն էր, բայց շատերը, մասնավորապես պատասխանատու կողմերը չէին եկել քննարկման, ինչպես, օրինակ ազգային անվտանգությունը, առողջապահության, նախարարությունը, գլխավոր դատախազությունը եւ այլն:

Հանդիպմանը չէին եկել նաեւ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի, երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչները, որոնք, ըստ բնապահպանների ունեցած փաստաթղթի, դրական եզրակացություն էին տվել «Գեոպրոմայնինգի» պատվիրած ուսուսմնասիրություններին: Շրջանառվում էր նաեւ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի անունը, սակայն երեկ ինստիտուտի գիտքարտուղար Էվելինա Ղուկասյանը պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը: Նա հայտարարեց, որ ինստիտուտը ընկերության տրամադրած միջոցներով կատարել է նախնական ուսումնասիրություն, բայց որեւէ եզրակացություն չի տվել: «Ի պաշտոնե հայտարարում եմ, որ ինստիտուտի կողմից ոչ մի եզրակացություն չի տրվել»,-ասաց գիտքարտուղարը:

Հանդիպման գլխավոր հերոսը՝ «Գեոպրոմայնինգը», այս անգամ եւս ներկայացուցիչ չէր ուղարկել: Ելույթների պակաս բնապահպանների կողմից չզգացվեց, նրանցից հուզական էր հատկապես ԱԺ բնապահպանության հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադեւոսյանի խոսքը: Նրա համար առհասարակ անհասկանալի էր, թե ինչու՞ պետք է այս հարցը քննարկման առարկա դառնա, հատկապես եթե կա օրենսդրական արգելք:

Պարոն Թադեւոսյանը համոզված է, որ եթե հանկարծ նախարարությունը որոշի դրական եզրակացություն տալ նման նախագծի, ամբողջ ազգը ոտքի կկանգնի: «Սա ազգային արժանապատվության եւ ազգային անվտանգության խնդիր է, ականջներիդ օղ արե՜ք: Ինչքան պետք է տգետ լինել եւ դավաճան, որ «Սեւանի մասին» օրենք ընդունելուց հետո Սեւանի նկատմամբ ոտնձգություններ կատարել»,-զայրացած ասում էր բանախոսը: Նա զգուշացնում էր նաեւ ծրագրով ոգեւորածներին, որ Սեւանի ավազանում նման ֆաբրիկայի կառուցումը պարզապես միջազգային սկանդալ կդառնա, քանի որ ակնհայտ կդառնա՝ Հայասատանը որոշել է վտանգել քաղցրահամ ջրի մեծ պաշարը, չհաշված, որ ՀՀ-ն մի շարք միջազգային կոնվենցիաներ է վավերացրել, որոնք թույլ չեն տալիս Սեւանի ջրահավաք ավազանում այսպիսի գործունեություն ծավալել:

Հասարակական կազմակերպություններից շատերն էին իրենց ելույթներում նշում, եթե կա օրենքի սահմանափակում, ինչու այս հարցը պիտի դառնա քննարկման առարկա: Խնդրի ամբողջ հմայքն էլ հենց թաքնված է օրենքի մեջ: Այս անգամ կարծես թե բնապահպաններին անհագստացնում է ոչ այնքան բնապահապանության նախարարության դիրքորոշումը, թեւե նախարարի խոստումներին ոչ մեկն էլ առանձնապես չի հավատում: Բնապահպանները հստակ տեղեկություն ունեն, որ «Գեոպրոմայնինգը», իսկ ավելի ճիշտ իշխանությունները պատրաստվում են օրենքի փոփոխություն կատարել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում եւս հաստատեց այդ տեղեկությունը, որ ԱԺ-ում նման շշուկներ սկսել են շրջանառվել:

Երեկվա քննարկմանն ի դեպ եկել էր ՀՀԿ խմբակցության անդամ, արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Հանդիպման սկզբում նա հրաժարվեց մեկնաբանություն տալ եւ ասաց, որ պատրաստվում է խնդրին ծանոթանալ: Քննարկման վերջում փորձեցինք պարզել նրա դիրքորոշումը: Պարզվեց, որ քննարկումն առանձնապես պարոն Հարությունյանին չօգնեց, քանի որ նա խնդրի մասին դարձյալ լիարժեք պատկերացում չկազմեց, բնապահապանների ելույթներն էլ այնքան համոզիչ չէին, քանի որ դրանք ավելի շատ ոչ թե գիտական էին այլ էմոցոիոնալ: Դավիթ Հարությունյանին հարցրեցինք, եթե օրենքի փոփոխության նախագիծ լինի, որն արդեն թույլ կտա ձեռնարկության կառուցումը, խոստանո՞ւմ է, որ դեմ կքվեարկի: «Բնավորություն չունեմ խոստումներ տալու այս կամ այն ձեւով քվեարկելու վերաբերյալ»,- «հույս տվեց» ՀՀԿ-ական պատգամավորը: Նա կողմ է հարցը քննարկելուն, բոլոր կողմերին լսելուն եւ ամենեւին էլ համամիտ չէ այն տեսակետի հետ, որ եթե օրենքի սահմանափակում կա, առհասարակ պետք չէ խոսել այդ մասին: Նա հիշեց խաղատների դեպքը եւ հպարտացավ, որ օրենքի փոփխությամբ խաղատները քաղաքից դուրս տարան: Կարծում ենք, անգամ կույրին է տեսանելի, որ Սեւանի գլխին սեւ ամպեր են կուտակվում:

Ապրիլ 17, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր