

Արթուր Հովհաննիսյան, «Հայոց աշխարհ»
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական մշտական հանձնաժողովը, դատելով նրա նախագահ ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ դիրքորոշումից, կարծես թե բավականաչափ լուրջ է տրամադրված։
- Ձեւավորման հենց սկզբից մենք ուղղակի որդեգրեցինք քաղաքականություն՝ չսահմանափակվել միայն նեղ գործունեության շրջանակներում, միայն նիստերի ժամանակ չանդրադառնալ օրենքների նախագծերի քննարկմանը, այլ լինել ավելի նախաձեռնող, ծավալել մի փոքր ավելի լայն գործունեություն, մոտիկից ծանոթանալ գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտների խնդիրներին,- հայտարարեց Խ.Հարությունյանը։
Այս օրերին հասարակական հնչեղություն է ստացել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության վտանգավոր ծրագիրը, որով նախատեսվում է Սեւանա լճի ավազանում, Սոթքի տարածքում կառուցել ոսկու արդյունահանման ձեռնարկություն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ նախաձեռնությունը, որը նպատակ ունի ընկերության համար գերշահույթներ ապահովել՝ հանքաքարը երկաթուղով այլեւս Արարատ չտեղափոխելու հաշվին, Սեւանա լճի թունավորման վտանգ է պարունակում։
Հայտնի է, որ «Սեւանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածով ուղղակիորեն արգելված է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում հանքանյութեր վերամշակող օբյեկտների կառուցումը։ Ավելին. կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն։
Քանի որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունն առանց օրենքի այս արգելող դրույթների փոփոխությանը կամ վերացմանը հասնելու, պարզապես չի կարող նշված ձեռնարկությունը կառուցել Սոթքի տարածքում, այսօր լուրջ խոսակցություններ կան, որ որոշ շահագրգիռ ուժեր, այդ թվում` նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատրաստվում են հասնել օրենքի փոփոխությանը, նույնիսկ արդեն միջոցներ են ձեռնարկում այդ ուղղությամբ։
-Առաջին հերթին, այդպիսի օրենքը պետք է գա մեր հանձնաժողով,- ասաց Խ.Հարությունյանը։ -Ես ձեզ ուղղակի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր դեռ նման բան չկա։
Ճիշտ է,«Սեւանա լճի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ դեռ չի ներկայացված ԱԺ հիշյալ հանձնաժողովին կամ ԱԺ, սակայն եթե ներկայացվի, ինչպիսի՞ն է լինելու հանձնաժողովի նախագահի դիրքորոշումը տվյալ հարցում։ Որոշ շահագրգիռ գիտնականներ առաջիկայում կարող են հայտարարել, թե այդ ձեռնարկության կառուցումն ու շահագործումը լճի համար էկոլոգիական վտանգ չի ներկայացնի, կարող են նույնիսկ այդ կապակցությամբ ինչ-որ «հիմնավորումներ» ներկայացնել (չմոռանանք, որ տասնամյակներ առաջ Սեւանա լճի մակարդակն իջեցնողներն էլ են »հիմնավորումներ՞ ներկայացրել): Այդ դեպքում հանձնաժողովի նախագահը կարո՞ղ է կողմ լինել «Սեւանա լճի մասին» օրենքից հիշյալ արգելող դրույթները հանելուն։
-Ոչ, չի կարող կողմ լինել,- միանշանակ հայտարարեց Խ.Հարությունյանը։ -Գիտեք ինչ, Սեւանով պայմանավորված է Հայաստանի գոյությունը, դա լուրջ բան է։
ԱԺ հանձնաժողովի նախագահն ավելորդ եւ անտեղի չհամարեց հիշյալ խնդրի առնչությամբ այս օրերին հասարակական կազմակերպությունների կողմից տարբեր քննարկումներով ու բողոքի միջոցառումներով արտահայտվող տագնապը՝ նշելով, որ ծուխն առանց կրակի չի լինում։
ՍԵՎԱՆԸ ՍՈՍԿ ԼԻՃ ՉԷ« ԱՅԼ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Արթուր Հովհաննիսյան, «Հայոց աշխարհ»
Մինչդեռ կարող է առաջանալ թունավորման վտանգ
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում հաշվետվությամբ հանդես է եկել Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովը։ Ներկա են եղել նաեւ հանրապետության նախագահին կից Սեւանա լճի հանձնաժողովի որոշ անդամներ։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, նիստի ընթացքում բարձրացվել է նաեւ Սեւանա լճի ավազանում զարգանալու վտանգավոր միտումներ դրսեւորող հանքարդյունաբերության եւ, մասնավորապես, Վարդենիսից ոչ հեռու, Սոթքի տարածքում ոսկու արդյունահանման ձեռնարկություն կառուցելու նախաձեռնության հետ կապված հարցը: Սակայն ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Սեւանա լճի հանձնաժողովի նախագահ եւ փորձագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանին հորդորել է այդ հարցին չպատասխանել՝ այժմ տվյալ խնդրին անդրադառնալը նպատակահարմար չհամարելով։
Ըստ «Սեւան» ազգային պարկի երբեմնի տնօրեն Գագիկ Սուխուդյանի, «անկայուն քաղաքական վիճակում՝ պատերազմները մեր աչքի առաջ, եթե անգամ բարձր ինժեներական հմտությամբ կառուցեն այդ «բոմբը» Սեւանի ավազանում, ուրեմն մենք անտեսում ենք Սեւանի առաջնահերթությունները, վերանայում մեր ազգային ծրագիրը, մեր անվտանգությունը»։
-Մոտ 2-3 ամիս առաջ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ Սեւանում հանձնաժողովի արտագնա նիստին եմ ներկա եղել, եւ բոլորն էլ միանշանակ հաստատեցին, որ Սեւանա լճի ավազանում երբեք այդպիսի գործունեություն չի ծավալվի,- տեղեկացրեց Կ. Դանիելյանը։ -Որքան տեղյակ ենք, բնապահպանության նախարարության դիրքորոշումը նույնպես բացասական է, բայց տեսնում ենք, որ գործընթացներն այլ ուղղությամբ են ընթանում։
Ըստ գիտնականի, այն, ինչ կատարվում է հիմա եւ նախատեսվում է առաջիկայում, դուրս է օրենսդրությունից ու զուրկ գիտական հիմնավորումներից։
-Քաղցրահամ ջրի պաշարները, դրանց բնական պահեստարանները հիմա ամենակարեւոր օբյեկտներն են աշխարհում, եւ աղմուկը, եթե դիմենք միջազգային բնապահպանական կազմակերպություններին, շատ մեծ կլինի,- ասաց Կ. Դանիելյանը։ - Պարզապես չենք ուզում դա անել, ինչպես վարվեցինք Շիկահողի վրա կախված սպառնալիքի դեմ եղած պայքարի ժամանակ։ Չենք ուզում կրկնել Շիկահողի պատմությունը եւ աշխարհով մեկ Հայաստանը խայտառակել։
Ըստ «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, էկոլոգիական հասարակական դաշինքի «SOS Սեւան» նախաձեռնող խմբի անդամ Ինգա Զառաֆյանի, նույնիսկ Սոթքի հանքի շահագործումն է լճի համար վտանգավոր։ Քամիները փոշու հետ վտանգավոր եւ թունավոր տարրեր են տանում Սեւանա լիճ։ Հանքի տարածքը գտնվում է սեյսմիկ եւ սողանքային գոտում։ Սողանքների մեծ մասն այդ շրջանի սեյսմիկ ակտիվության հետեւանքով ներկա դրությամբ զարգանում է։
-Կարծում եմ, մենք չպետք է փոխենք մեր առաջնահերթությունները,- ասաց Ի. Զառաֆյանը։ -Եթե կորցնենք Սեւանա լիճը, ապա աշխատատեղերի մասին ուղղակի խոսք չի կարող լինել, որովհետեւ տասը տարուց հետո այդ ընկերությունը, իր շահույթը ստանալուց հետո, կգնա, իսկ մեզ կմնան մեռյալ լիճն ու մեռյալ գոտին։ Սեւանա լճի ջրով նույնիսկ հնարավոր չի լինի մեր հողատարածքները ոռոգել, ավելին կասեմ՝ լճի թունավորման դեպքում Հայաստանն այլեւս չի լինի։
ՀԿ նախագահի հավաստմամբ, գլխավոր վտանգներից է նաեւ այն, որ թափոններում կուտակված թունավոր մետաղները եւ մյուս տարրերը երկար տարիների ընթացքում կմնան անփոփոխ։ Միլիոնավոր տոննաների հասնող թունավոր թափոնները եթե մինչեւ իսկ չորանան, չեն դառնա անվտանգ։
-Նախ մենք տեսել ենք արդեն, թե Արարատում ինչ վիճակ է,- ասաց Կ. Դանիելյանը։ -Ոսկու արդյունահանման ձեռնարկության գործունեության հետեւանքով շրջակա միջավայրն այնտեղ արդեն աղտոտված, վտանգված է, հիմա Հայաստանում մի նոր խոց բացելը սխալ է։ Ցավոք, մեր ահազանգերը, մտահոգությունները հիմնականում անտեսվում են։ Օրինակ, երբ Սեւանա լճի սիգի պաշարների կապակցությամբ ահազանգում էինք, որ գնալով վիճակը վատանում է, մեզ ասում էին, որ մենք ուղղակի աղմկում ենք, որսը եւ ամեն ինչ շատ ճիշտ հաշվարկված է եւ այլն։ Սակայն հիմա, երբ խոսում են ձկնաբանները, պարզվում է, լճում սիգ գրեթե չկա, Սեւանը դատարկ է արդեն։
Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության պոչամբարը հայտնի է որպես ցիանային գերեզմանոց։ Ցիանիդներն օգտագործվում են ոսկին հանքաքարից կորզելու համար։ Ի.Զառաֆյանի տեղեկացմամբ, արտադրական թափոնները պոչամբար են տեղափոխվում խյուսամուղի միջոցով, տարիների ընթացքում մի պոչամբարը փոխարինում է մյուսին։ Սակայն դրանցից հինը հեշտ է ճանաչել, քանի որ նրա սահմանները շրջագծված են մեռյալ գոտիով։
Արարատում, ըստ «SOS Սեւանի» նախաձեռնող խմբի անդամի, արտադրության ընթացքում մթնոլորտ են արտանետվում ցիանային ջրածին, ամոնիակի եւ քլորի գոլորշիներ։ Այդ միացությունները տեղափոխվում են մեծ տարածություններ՝ վնասելով մարդկանց շնչուղիները եւ լորձաթաղանթը։ Հայտնի է նաեւ, որ արտադրական թափոնների պարունակած թունավոր նյութերից, օրինակ, կապարն ու մկնդեղը ազդում են օրգանիզմի դիմադրողականության վրա, նպաստում քաղցկեղի առաջացմանը։
Ապրիլ 28, 2009
