

ԷկոԼուր
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) շարունակելու է Հայաստանում աջակցել և ծրագրեր իրականացնել հանքարդյունաբերության, ագրոբիզնեսի, էներգետիկայի և այլ ոլորտներում, մեծացնել ներդրումային պորտֆելը տնտեսության իրական հատվածում: Այս մասին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ասել է IFC-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցայը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատում IFC-ի դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորել հետագա փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ համագործակցության անցած 15 տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլլար ծավալով ներդրումային ծրագրեր, գերազանցապես ֆինանսական շուկաների, արդյունաբերության և հանքարդյունահանման ոլորտներում:
Հիշեցնենք, որ IFC-ին է պատկանում Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանագծին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող Lydian International ընկերության բաժնետոմսերի 7,9 տոկոսը: 2007 թվականից առ այսօր IFC-ն Ամուլսարի ծրագրում մի քանի փուլերով ներդրել է ավելի քան 16 միլիոն ԱՄՆ դոլլար:
Հոկտեմբեր 13, 2014 at 12:35
