ՀՀ Օմբուդսմենը ներկայացրել է փոքր ՀԷԿ-երի ոլորտում ՀՀ բնապահպանության նախարարության ձեռքբերումներն ու բացթողումները

ՀՀ Օմբուդսմենը ներկայացրել է փոքր ՀԷԿ-երի ոլորտում ՀՀ բնապահպանության նախարարության ձեռքբերումներն ու բացթողումները

ԷկոԼուր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է 2015 թվականի զեկույցը, որը ներկայացնում է  2014 թվականին մարդու իրավունքների վիճակը Հայաստանում: Զեկույցում Օմբուդսմենը ՀՀ բնապահպանության նախարարության իրավասությունների ոլորտում արձանագրել է երեք ձեռքբերում, որոնցից երկուսը վերաբերում են փոքր ՀԷԿ-երին:

«. 31 ՓՀԷԿ-ում կատարված ստուգումների արդյունքում հաշվարկվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 4.45 միլիոն դրամի տուգանք և շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցում` 89.1 միլիոն դրամ:

. «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ սկսել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրը՝ ՓՀԷԿ-երի կառուցման և գետի վրա առաջացող ծանրաբեռնվածության հետևանքների վերաբերյալ համալիր ու բազմակողմանի ուսումնասիրություններ և գիտական վերլուծություն ապահովելու համար»,- որպես ձեռքբերում նշված է «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցում:

Օմբուդսմենն իր զեկույցում ներկայացրել է նաեւ փոքր ՀԷԿ-երի ոլորտին առնչվող խնդիրներն ու թերացումները: «Շարունակվում են բողոքներ ստացվել, որ փոքր ՀԷԿ-երի ներդրման զարգացմանը զուգահեռ առաջացել են ջրային ռեսուրսների գերօգտագործման, գետային էկոհամակարգերի և բնակչության սոցիալական վիճակի հետ կապված խնդիրներ: Վերջին տարիներին մի շարք հասարակական կազմակերպություններ բազմիցս բարձրաձայնել են, որ փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) շահագործումը շատ դեպքերում ուղեկցվել է մի շարք խախտումներով: Այսպես, շահագործման ընթացքում, երբ չի ապահովվում պատշաճ էկոլոգիական թողք, այսինքն՝ ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվում է թույլատրելի քանակից ավել ջուր, գետերը կանգնում են չորացման վտանգի առաջ: Նախարարությունը պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել գետերի վրա մեծ քանակությամբ ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման հետևանքով գետերի ծանրաբեռնվածության առաջացման հարցի վերաբերյալ, այնինչ բնապահպանների կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ ՓՀԷԿ-երի շահագործման հետևանքով ուսումնասիրված 47 գետերից 16-ը՝ ճգնաժամային (Ամբերդ, Դարբ, Վարարակ, Փամբակ, Գեղարոտ, Մեղրի, Վաղուտ, Լորաձոր, Դարանակ, Գիժգետ, Այրի, Պաղջուր, Կարակայա, Գողթ, Գետիկ, Մարց), իսկ 3-ը աղետալի վիճակում են (Կիստում, Այսաս, Եղեգիս (Էլեգիս)):475 Ավելին, ՓՀԷԿ-երի նախագծման և ներդրման ընթացքում հիմնականում հաշվի չեն առնվել ջրային կենդանական աշխարհի պահանջները, և միաժամանակ չի ուսումնասիրվել և գնահատվել լեռնային գետերի ջրի ռեժիմի ազդեցությունը ջրային և ափամերձ էկոհամակարգերի և կենսաբազմազանության վրա: Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի շրջանակներում 2014 թվականի ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզ է դարձել, որ ձկների համար ձվադրման վայր հանդիսացող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը հիմնականում չունեն ձկնապահպանման պատշաճ կոնստրուկցիաներ և ուղղակիորեն սպառնում են հասուն ձկնատեսակների գոյությանը, քանի որ վերջինները չեն կարողանում բարձրանալ գետի ակունք ձվադրման համար: Բացի դրանից՝ ՓՀԷԿ-երի կառուցումն իր հետ բերում է նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անտառահատումները, իսկ ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը մեծ ազդեցություն է թողնում համայնքների սոցիալական վիճակի վրա՝ համայնքին թողնելով առանց ոռոգման և խմելու ջրի, ինչի հետևանքով նվազում է գյուղմթերքների արտադրությունը և բնակիչների եկամուտը: Բնապահպանների պնդմամբ՝ Նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը ոչ թափանցիկ է աշխատում, մերժում է տրամադրել հասարակական լսումների արձանագրությունները, կարծիքներն ու բնապահպանական փորձաքննական եզրակացությունները, ինչը սակայն օրենսդրության  և Օրհուսի Կոնվենցիայի դրույթների խախտում է: Հատկանշական է, որ Նախարարությունը բողոքներ է ստացել տարբեր ՓՀԷԿ-երի շահագործման կանոնների խախտման վերաբերյալ, որոնք են, մասնավորապես, «Խաչաղբյուր-1», «Խաչաղբյուր-2», «Գետիկ-4», Եղեգիս գետի ավազանի ՓՀԷԿ-եր, ՀՀ Արագածոտնի մարզի Արագած գյուղում կառուցվելիք երրորդ ՓՀԷԿ, ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի հարևանությամբ` Մարտիրոս գյուղի վարչական տարածքում կառուցվող ՓՀԷԿ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ՓՀԷԿ-երը շահագործող կազմակերպությունների կողմից գետերի բնապահպանական թողքը չպահպանելուն, ՓՀԷԿ-երի շահագործման ընթացքում տնտեսվարողների կողմից իրականացվող բնապահպանական իրավախախտումների և խնդիրների կարգավորմանը, առանց թույլտվության ՓՀԷԿ-ի շահագործմանը, ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքում կառուցվող երրորդ ՓՀԷԿ-ի շահագործման հետևանքով Գեղարոտ գետի ջրերի որակական փոփոխություններին: Թեև ստացված բոլոր ահազանգերն, ըստ Նախարարության, ուսումնասիրվել են և դիմումատուներին տրվել են պարզաբանումներ, պահանջվող նյութեր, այնուամենայնիվ, խնդիրը շարունակում է մնալ չլուծված:

Առաջարկ. պատշաճ վերահսկողություն իրականացնել փոքր ՀԷԿ-երի շահագործման նկատմամբ, ինչպես նաև արդյունավետ միջոցներ ձեռնարկել դրանց միջոցով ջրային ռեսուրսների գերօգտագործման հետևանքով գետային էկոհամակարգի վնասումը կանխելու ուղղությամբ»,- նշված է ՀՀ Օմբուդսմենի զեկույցում:

Շարունակելի

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Ապրիլ 08, 2015 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր