Բնապահպանության նախարար. «Մեզ թերություններ ունեցող ՀԷԿ-եր պետք չեն»

Բնապահպանության նախարար. «Մեզ թերություններ ունեցող ՀԷԿ-եր պետք չեն»

ԷկոԼուր      

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2015 թ-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ փոքր ՀԷԿ-երի անձնագրավորման ծրագրին, որը իրականացնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ:

«Մենք «ԷկոԼուր» ՀԿ-ի հետ շատ կարևոր ծրագիր ենք իրականացնում՝ փոքր ՀԷԿ-երի անձնագրավորման ծրագիրը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ԷկոԼուրին: Այսօրվա վիճակով մենք ունենք 87 ՓՀԷԿ-երի հաշվետվություն: Այս ՀԷԿ-երում մենք ունենք լուրջ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել», - նշեց Արամայիս Գրիգորյանը:

Փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներից նախարարն առանձնացրեց ձկնանցարանների, էկոլոգիական թողքի, ջրաչափերի հետ կապված խնդիրները: «Մենք ԷկոԼուրի հետ մինչև վերջ շարունակելու ենք այս գործընթացը, այդ բոլոր ՀԷԿ-երին առաջարկելու ենք առողջացման ծրագիր: ՀԷԿ-երը պետք է անպայման որոշակի գումարային ծախսեր կատարեն, որպեսզի կարողանան այդ առողջացման ծրագիրը իրականացնել: Դրանից հետո այն ՀԷԿ-երը, որոնք կկարգավորեն խնդիրները, կունենան կանաչ անձնագրեր, իսկ այն ՀԷԿ-երը, որոնք չեն փորձի, մենք նրանց խնդիրն այլ ձևով, այլ կարգավիճակով կներկայացնենք համապատասխան լիազոր մարմիններին, որպեսզի կարողանան ամբողջությամբ խնդիրը վերանայել», - ասաց բնապահպանության նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ բնապահպանության նախարարությունը կառավարությանն է ներկայացրել առաջարկություն, որի համաձայն այն բոլոր տարածքներում, որտեղ նախարարությունը տեսնում է խնդիրներ՝ կապված  ՓՀԷԿ-երի հետ, այդ տարածքներում այլևս ՀԷԿ-երի կառուցման համար թույլտվություններ չտրամադրվեն: «Մեր խնդիրն է, որպեսզի ՀԷԿ-երն աշխատեն նախագծից չշեղվելով և չառաջացնեն որևէ բնապահպանական խնդիրներ: Նմանատիպ ՀԷԿ-երը մեզ համար ողջունելի են, իսկ եթե կլինեն ՀԷԿ-եր, որոնք ունեն թերություններ, մեզ նմանատիպ ՀԷԿ-եր պետք չեն»:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայունօգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում`ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Դեկտեմբեր 23, 2015 at 18:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր