

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի 2015 թվականն ամփոփող նիստում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը բարձրաձայնել է փոքր ՀԷԿ-երի բնապահպանական խնդիրները: Նա մասնավորապես անդրադարձել է ՓՀԷԿ-երի բնապահպանական թողքի, ջրառի չափումների և դրանց չափաքանակների պահպանության ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման, ջրընդունիչ հանգույցների վերակառուցման ծրագրերի, գետին բնորոշ ձկնատեսակների միգրացիաների ապահովման, ձկնանցարանների առկայության անհրաժեշտության և այլ հարցերին:
Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանն առաջարկվել է առաջիկա 3 ամսվա ընթացքում ՓՀԷԿ-եր շահագործող կազմակերպություններին սահմանված կարգով առաջարկություններ տալ առաջնային համարել բնապահպանական թողքի, այնուհետև ջրառի քանակությունների չափումները դրանց չափաքանակների պահպանությունն ավտոմատ կառավարման համակարգերի ներդրմամբ, ներկայացնել ջրընդունիչ հանգույցների վերակառուցման ծրագրեր, ինչն առկա պատվարների փոխարեն կառաջարկի դրանց վրա լայն խոռոչների բացմամբ լուծելու գետի բնական հունի վերականգնումը, տեղադրել ձկնապաշտպան կառույցներ, Էկոհամակարգին ու ձկնաշխարհին պատճառած վնասը վերականգնել ՓՀԷԿ-ի միջոցներով՝ մասնավորապես վերականգնելով ջրային էկոհամակարգը և գետ բաց թողնելով համապատասխան քանակի ձկներ, ռեկուլտիվացնել դերիվացիոն խողովակաշարեր և այլն:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է ՓՀԷԿ-երի կառուցման աշխատանքային նախագծերի բնապահպանական փորձաքննության գործընթացում ուշադրություն դարձնել ձկնանցարանների կառուցվածքներին, ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակների պահպանման միջոցառումներին:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հունվար 08, 2016 at 15:41
