Ամուլսարի նախագծի գինը

Ամուլսարի նախագծի գինը

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզում Ամուլսարի ոսկու հանքավայրի  շահագործման նախագիծն իրականացնում  է  Բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Lydian International  LLC» ընկերությունը: Գլխավոր բաժնետերերն են`  ընկերության տնօրինությունը և գլխավոր մենեջերները 8.00% բաժնեմասով, Միջազգային ֆինանսական կորպորացիան ( IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD), համապատասխանաբար,  8.1%  եւ 6.9% բաժնեմասերով: Հայաստանում «Lydian»-ը ներկայացնում է  «Գեոթիմ» տեղական ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 100% պատկանում է «Lydian International» ընկերությանը:

«Lydian International»-ը ծրագրում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը բաց եղանակով, որի մեկ տոննա հանքաքարը պարունակում է 0,9 գրամ ոսկի, և վերամշակել ոսկու հանքաքարը ցիանային եղանակով: 

Ի՞նչն է անհանգստացնում հասարակայնությանը Ամուլսարի նախագծում: 

Հասարակայնությունը մտահոգված է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող գործընթացներով, նախագծի բարձր ռիսկերով, ինչպես նաև նրանով, որ Ամուլսարի գործընթացին խառնված են այնպիսի ազդեցիկ լոբբիստական դեմքեր, ինչպիսիք են արքայազն Չարլզը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպաններ Քեթրին Լինչը և Ջոն Հեֆֆերնը, ֆինանսավորող կազմակերպությունները` IFC-ն եւ EBRD-ն: Այս ծայրահեղ քաղաքականացված իրավիճակում անհանգստություն է առաջացնում նախագծի նկատմամբ կառավարության երկիմաստ դիրքորոշումը:

 Վերջերս  «Lydian»-ը հայտնեց, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը երկարաձգել է լեռնային աշխատանքների և շինարարության ավարտի ժամկետը մինչև 2018թ-ի սեպտեմբերի  26-ը: Միաժամանակ, ՀՀ բնապահպանության նախարարությունը, չմերժելով ընկերությանը դրական եզրակացություններ տրամադրելու հարցում, առաջ է քաշում նորանոր պայմաններ: Արդյունքում ընկերությունը ստացել է բնապահպանական փորձաքննության երկու դրական եզրակացություն, բայց երկուսն էլ կորցրել են իրենց ուժը: 

Սկզբում ՀՀ բնապահպանության նախարարության գործողությունները բաց էին, և հասարակայնությունը հրավիրվում էր հասարակական լսումներին: Այժմ բանակցային գործընթացն աստիճանաբար փակվում է և տեղափոխվում է այլ պետական կառույցների մակարդակ: Մասնավորապես, ՀՀ վարչապետի հանձնարարականով 2013թ-ի օգոստոսին ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է սահմաներ՝ մտնում է արդյոք ցիանային ֆաբրիկայի շինարարության հրապարակը Սեւանա լճի ավազանի նոր սահմանների մեջ, թե` ոչ: Հիշեցնենք, որ Սեւանա լճի ավազանի տարածքների ճշգրտման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման արդյունքում  ընկերությունը երկու անգամ ստիպված է եղել փոխել ցիանային ֆաբրիկայի շինարարության հրապարակը: 

Ուշագրավ է, որ աշխատանքային խումբը ստեղծվել է ոչ թե ՀՀ բնապահպանության նախարարությանն առընթեր, որը Սեւանա լճի պահպանման համար ուղղակի պատասխանատվություն է կրում,  այլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առընթեր, որը փորձաքննություն կամ Սեւանա լճի պահպանման վերաբերյալ որևէ գործառույթ իրականացնող ոչ մի ենթակառուցվածք չունի:

Այս խմբի աշխատանքի արդյունքների և Սեւանա լճի ավազանի վերջնակական սահմանների ճշգրտման վերաբերյալ ԷկոԼուրի հարցմանը Էկոնոմիկայի նախարարությունը չպատասխանեց: Իսկ մի քանի ամիս անց «Lydian International»-ը իր կայքում հրապարակեց տեղեկատվություն, որտեղ նշված էր. «Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ ցիանային ֆաբրիկայի տեղակայման վայրը ընդունելի է և կառավարության, և ընկերության համար»: 

Տեղեկատվության անթափանցիկությանը սատարում է նաև IFC-ին, որը մտնում է Համաշխարհային բանկի կազմի մեջ:  Ամուլսարի վերաբերյալ  հասարակայնության կողմից IFC-ին ուղարկվել է երկու դիմում: Դիմումի մեջ, մասնավորապես, ասված է. «...Ամուլսարի նախագծի վերաբերյալ գործունեությունը չի համապատասխանում IFC-ի հետևյալ չափանիշներին. 1. Էկոլոգիական և սոցիալական ապահովվածությանը, 2. Ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը և շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելմանը, 3. Առողջության պահպանմանը և բնակչության անվտանգության ապահովմանը: Մենք կարծում ենք, որ  IFC-ն, ունենալով  չափանիշների կատարման պարտավորություններ, պետք է դադարեցնի իր մասնակցությունը Ամուլսարի նախագծին, քանի դեռ այդ չափանիշները չեն կատարվել»: Սակայն,  IFC-ից պատասխան չստացվեց: 

Ամուլսարի նախագծի ռիսկերը հայտնի են ոչ միայն անկախ փորձագետների, գիտնականների և հասարակայնության մեկնաբանություններից և եզրակացություններից: Նախագծին բացասական եզրակացություն է տվել նաեւ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը, որի լիազորությունները ամրագրված են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում: 

1. Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսների աղտոտում թափոններով եւ լցակույտերով` ռազմավարական ջրային օբյեկտ հանդիսացող, 35 միլիարդ խմ քաղցրահամ խմելու ջրի պաշարով Սևանա լճի, երկու ջրամբարների` Կեչուտի և Սպանդարյանի, Արփա եւ Որոտան գետերի աղտոտում: 

2. Ամուլսարի ուրանի հանքավայրի հետեւանքով Ճառագայթային աղտոտում ուրանով եւ թորիումով: Ամուլսարի ուրանի հանքավայրը գտնվում է Ամուլսարի ոսկու հանքավայրի կողքին` Ամուլսար սարից 4-5 կմ հեռավորության վրա: Ուրանի նախնական պաշարները կազմում են 75 տոննա, իսկ թորիումինը` 100 տոննա: Այս մասին է վկայում նաև Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը. «...Radman Associates-ի հաշվետվություններում (http://www.geoteam.am/media/documents/Technical%20Reports/Impact%20Assessment%20Reports/Radioactivity_Impact_Assessment_Radman.pdf) նշված է, որ ռադոնի կոնցենտրացիան գերազանցում է 400 ԲԿ/մ3 մակարդակը, բայց նախագծի ՇՄԱԳ-ի մեջ այս մակարդակը իջեցնելու վերաբերյալ ոչինչ չկա...»: 

Նշենք, որ  Radman Associates-ը իրավունք չունի հատուկ ուսումնասիրել ուրանի պաշարները, որպեսզի որոշի ճառագայթման վտանգի սահմանները, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ (06.03.2008թ. N 234  որոշում ««Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ ստեղծելու մասին») ուրանի հետազոտումը հայ-ռուսական ընկերության մենաշնորհային իրավունքն է: Անվտանգության սահմանները պարզելու համար պետք է դիմել վերոնշյալ ընկերությանը: 

3. Ջերմուկ առողջարանային գոտու համար ռիսկեր և Ջերմուկի հանքային ջրերի կորուստ: Ջերմուկը գտնվում է Ամուլսարից 12 կմ հեռավորության վրա: Կառավարությունը 18.09.2008թ-ի  N 1064 որոշմամբ Ջերմուկը հայտարարել է զբոսաշրջության կենտրոն, որը պետք է զարգանա որպես միջազգային առողջարանային հանգստավայր: Ջերմուկում զարգացած է «Ջերմուկ» հանքային ջրի շշալցման արտադրությունը, որը նաև արտահանվող արտադրություն է: Ջերմուկում ներդրումների թիվը հասնում է միլիոների: Ըստ Ջերմուկի զարգացման պլանի` զբոսաշրջության կենտրոնի սահմանը մոտենում է Ամուլսարին: Ամուլսարից հեռավորությունը 2-4 կմ է: 70 միլիոն տոննա լցակույտերի կուտակմամբ բաց հանքավայրը և ցիանային ֆաբրիկան վտանգի տակ են դնում Ջերմուկի բրենդը, միլիոներ կազմող ներդրումները և, ինքնին,  առողջարանի գոյությունը: Բացի այդ, փխրուն հանքային աղբյուրները կարող են անհետանալ պարբերական պայթեցման աշխատանքների ազդեցության արդյունքում: Այսինքն՝ Ջերմուկը ապագա չի ունենա:

«Գեոթիմ» ընկերությունը պնդում է, որ Ջերմուկն Ամուլսարի նախագծի ազդեցության գոտի չէ: Հիշեցենք, սակայն, որ ընկերությունը Ջերմուկ առողջարանը ներառել է  ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2009թ. հաստատված Ամուլսարի նախագծի ազդեցության գոտու մեջ: Այսպես, որպես նախագծի ազդեցության գոտի նշվել է Կեչուտ գյուղը, որն իրականում Ջերմուկ առողջարանի վարչական շրջան է: Պարադոքսը նրանում է, որ 2012թ. ընդլայնման նախագծում  Կեչուտը ազդեցության գոտուց անհետացավ:

4. Հաշվի չեն առնվել սողանքային գործընթացները և սեյսմիկ ռիսկերը: «...Պայթեցման աշխատանքները կարող են ակտիվացնել սողանքային գործընթացները բոլոր անկանխատեսելի հետևանքներով... Լցակույտերի կուտակման վայրը (2570-2360 մետր բարձրության վրա) գտնվում է 735 թ-ի աղետալի երկրաշարժի էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Նախագծում չկան 10 բալ ուժգնությամբ երկրաշարժի կանխատեսման հաշվարկներ...»,- նշված է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացության մեջ: 

5. Վտանգված են  Ամուլսարի շրջանի կենդանիների և բույսերի տեսակները: WWF-Հայաստանի տվյալներով` Ամուլսարի նախագծի քարտեզի վրա նշված են վայրեր, որտեղ առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակներ՝ Potentilla porphyrantha բույս, սողունների 2 տեսակ, թռչունների 18 տեսակ և կաթնասունների 4 տեսակ:

Ռիսկերի այս աստիճանը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը միանգամից պետք է մերժեր Ամուլսարի նախագիծը: Բայց կառավարությունը երկակի խաղ խաղաց: Մի կողմից 2012թ-ին ստորագրեց որոշում Ամուլսարի նախագծի վերաբերյալ, մյուս կողմից մեկ տարի անց Սեւանա լճի ավազանի սահմանները հստակեցնելու մասին որոշում ընդունեց, ինչը միանգամից փոխեց նախագծի իրականացման դրական վեկտորը: 

Այս առիթով ուշագրավ է 2013 թ-ի դեկտեմբերի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի անդրադարձը Ամուլսարի նախագծին: Նախարարը չհիշատակեց հանձնաժողովի բացասական եզրակացության մասին: Նա չանդրադարձավ ճառագայթային աղտոտման ռիսկերին, հենց ինքն է որպես ՀՀ բնապահպանության նախարար Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» ատոմական էներգիայի պետական կորպորացիայի հետ միասին ստորագրել 06.02.2008 թ. «Երկրաբանական հետախուզության, արդյունահանման և ուրանի հանքաքարերի վերամշակման բնագավառում (այդ թվում՝ Ամուլսարում) համագործակցության զարգացման մասին» Հուշագիրը։  Նա ոչինչ չասաց Ջերմուկի եզակի հանքային ջրերի կորստի վտանգի մասին, չնայած որ որպես հատուկ պահպանվող տարածք` «Ջերմուկ»  ջրաբանական պետական արգելավայրը գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության պրոտեկտորատի ներքո: 

Ահա թե ինչ է ասել նախարարը. «Ամուլսարի նախագիծը պետք է լինի լավագույնը աշխարհում, լավագույն բնապահպանական նախագիծը, այսինքն, պետք է օգտագործվեն ամենաբարձր տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի նկատմամբ  նախատեսվող միջոցառումները պետք է լինեն ամենալավը և ամենաշատ ներդրումն ունենան, իսկ արտանետումները և շրջակա միջավայրին հասցվող վնասը պետք է լինի  նվազագույն...Իսկ Ջերմուկի մասով ասեմ, որ Ամուլսարի հետ կապված մենք ունեցել ենք 2-3 քննարկում, որոնց ժամանակ իմ հանձնարարությամբ և մեր գրագրության արդյունքում Ջերմուկ քաղաքը ներգրավված է եղել բոլոր քննարկումների, լսումների ժամանակ: Անձամբ ես զանգ եմ տվել, խոսել եմ, որ գան, մասնակցեն և իրենց առաջարկությունները կամ առարկությունները ներկայացնեն: Ես առաջարկում և հանձնարարում եմ լսումները անցկացնել նախարարությունում, որպեսզի  կաշկանդված  չլինենք»,- ասել է Արամ Հարությունյանը: Սակայն, նա չի նշել այն մասին, որ Ամուլսարի նախագծի վերաբերյալ Ջերմուկի բնակիչների կարծիքը ոչ մի իրավական ուժ չունի (օրինակ, դատարան դիմելու դեպքում), եթե Ջերմուկը պաշտոնապես ընդգրկված չէ ազդակիր համայնքների ցուցակում: Նա նաև չի նշել, թե  ինչ ժամանակակից  և լավագույն տեխնոլոգիաներ կարող են օգտագործվել բաց շահագործման և ցիանային արտադրության ժամանակ, այն դեպքում, երբ Եվրոպան հրաժարվել է ցիանային տեխնոլոգիաներից, իսկ բաց շահագործումը նշանակում է լեռան մանրացում պայթեցնող աշխատանքներով, միլիոնավոր տոննա լցակույտեր և վերոնշյալ ռիսկերը: 

Մեր կարծիքով, պաշտոնական մարմինները չեն խոչընդոտել Ամուլսարի նախագծում գումարների ներդրմանը՝ սպասելով, թե երբ նախագիծը կանցնի բորսայական գործարքներից եկամուտ ստանալու, ոսկու արդյունահանման և վաճառքի ակտիվ փուլ: Հենց այս փուլում են սկսվում իրական բանակցությունները, գործարք կնքելու պայմանների առաջադրումները: Հասկանալի է, որ ոսկու հետևում գործնականում միշտ էլ կանգնած է ինչ-որ մեկը, և դա սովորական պաշտոնյայի մակարդակ չէ: Հարց. ինչպիսի՞ն են առաջարկվող պայմանները, պատրա՞ստ են արդյոք ներդրողները՝  ի դեմս ֆինանսական զարգացման ինստիտուտների, ընդունել այդ պայմանները, և կարո՞ղ են նրանք զոհաբերել ներդրված 60-70 միլիոնները, որպեսզի չկնքեն կասկածելի գործարքներ: Պատասխանը կստանանք 2014թ-ին, երբ ընկերությունը կանցնի ենթակառուցվածքի շինարարության հաջորդ փուլին և Ամուլսարի հանքավայրի յուրացմանը:

Հունվար 14, 2014 at 13:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր