

ԷկոԼուր
Հայաստանի գետերի վրա կառուցված 100 փոքր ՀԷԿ-երի կտրվեն «կանաչ» անձնագրեր: Այս մասին սույն թվականի փետրվարի 5-ին ԷկոԼուր մամուլի ակումբում հայտարարեցին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը եւ ՀՀ բնապահպանության նախարարության Ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Դավիթ Գրիգորյանը: Առաջին անգամ հասարակական սեկտորը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ մոնիտորինգ է անցկացնելու գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երում: Այս նախաձեռնությունն իրականացվում է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
«Երբ ՓՀԷԿ-ը կառուցվում է, այն, ինչ նախագծում է և իրականում՝ չեն համապատասխանում միմյանց: Մենք չունենք պատշաճ մոնիտորինգի կարգ ՓՀԷԿ-երի վերաբերյալ, աշխատում է տեսչությունն առանձին և հասարակությունը առանձին: Մենք ունենք գետեր, որոնք այնքան ծանրաբեռնված են ՓՀԷԿ-երով, որ գետային էկոհամակարգը սկսում է մահանալ: Եվ, վերջապես, մենք ունենք կենսաբազմազանության պահպանության խնդիր»,- ասաց Ինգա Զարաֆյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը նշեց, որ կան 162 ՓՀԷԿ-եր, որոնք արդեն շահագործվում են կամ ենթական են շահագործման: «Դա բավականին մեծ թիվ է, և այդ ոլորտը կանոնակարգման խնդիր ունի: Դա բնապահպանության նախարարության հիմնական խնդիրներից է, ինչի արդյունքում էլ մենք այսպիսի համատեղ ծրագիր սկսելու նախաձեռնություն ենք ցուցաբերել», - ասաց Աշոտ Ավալյանը:
Ըստ Աշոտ Ավալյանի ` խնդիրների լուծման համար պետք է ունենալ տվյալների բազա «կանաչ» անձնագրերի տեսքով` փոքր ՀԷԿ-երի ոլորտը կարգավորելու համար: «Մինչ այժմ մենք այդպիսի տվյալներ, նյութեր չենք ունեցել», - ասաց Ա. Ավալյանը
ՀՀ բնապահպանության նախարարության Ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Դավիթ Գրիգորյանն ասաց. «Մենք ունենք բազմաթիվ բողոքներ և ահազանգեր և տեղի բնակչության, և բիզնեսի կողմից: Դա մեզ լուրջ ահազանգի և անհանգստության տեղիք տվեց: Մենք մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրեցինք լուրջ թերություններ, նախագծային շեղումներ ՓՀԷԿ-երի և կառուցման, և շահագործման ընթացքում, և որոշակի առումով նաև ջրային ռեսուրսների կառավարման տեսանկյունից բարձիթողի վիճակ, և բնապահպանական ուղղություններով որոշակի ոչ ճիշտ մոտեցումներ, որոնք բերել են լուրջ բնապահպանական խնդիրների: Արդյունքում առաջացավ մեր կողմից միջամտության և խնդիրների հրատապ լուծման կարիք»:
Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակին նպաստել են նաև բնակլիմայական փոփոխությունները: «Վերջին տարիներին մեր գետերի ջրատվությունը բավականին նվազում է, և մենք պետք է հաշվի առնենք այն թիրախները և մարտահրավերները, որոնք մենք ունենք այսօր: Հաշվի առնելով, որ այդ ՓՀԷԿ-երը նաև բիզնես ծրագրեր են, աշխատատեղեր են, ներդրումներ են, և դրանք կառուցվել են ոչ 1-2, այլ 25-30 տարվա համար, պետք է գտնել այն լավագույն ոսկե միջինը, որը կբերի և բնապահպանության նախարարության, և հասարակության, և բոլորիս բալանսավորված գոյատևմանը», - նշեց Դավիթ Գրիգորյանը:
Հայտնի է, որ փոքր ՀԷԿ-երի ոլորտում ամենամեծ ներդրումներ կատարել է գերմանական KfW զարգացման բանկը: Ինգա Զարաֆյանը նշեց, որ անցյալ տարվա մայիսին բանկի փորձագետները ՓՀԷԿ-երի տարածքում իրականացրել են մոնիտորինգ: Արդյունքում բանկը որոշակիորեն փոխել է իր դիրքորոշումը փոքր ՀԷԿ-երի հարցում և ցանկանում է բարելավել իր ստանդարտները:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 06, 2015 at 15:27



