Փորձագետ՝ Հայաստանի բոլոր բնակավայրերի կոյուղացման համար կպահանջվի շուրջ 2,6 միլիարդ եվրո

Փորձագետ՝  Հայաստանի բոլոր բնակավայրերի կոյուղացման համար կպահանջվի շուրջ 2,6 միլիարդ եվրո

Հայաստանի բնակավայրերի կոյուղացման խնդիրները, ջրային ռեսուրսների պահպանության բացակայության հետևանքները ներկայացրեց «ՋԻՆՋ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը   2021թ. մարտի 30-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած  «Հայաստանում ջրային ռեսուրսների անվտանգությունը՝ կլիմայական կանխատեսումների սցենարի ներքո» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ:

Էդուարդ Մեսրոպյանը նշեց, որ Հայաստանում  բացակայում է ջրային ռեսուրսների պահպանության գործառույթը: «Այն բացակայում է Շրջակա միջավայրի նախարարության կանոնադրության մեջ: Նախարարությունում չկա մի ստորաբաժանում (վարչություն, բաժին), որը զբաղվի Հայաստանի ջրային ռեսուրսների պահպանության գործով»,- ասաց նա: Ըստ Էդուարդ Մեսրոպյանի՝ ջրային ռեսուրսների պահպանության բացակայության մասին է խոսում նաև այն, որ այսօր ունենք ջրաղբյուրի թույլատրելի ջրաքանակի որոշման խնդիր ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) տրամադրման ժամանակ, քանի որ ՋԹ տրամադրելիս չի գնահատվում ջրաղբյուրի հզորությունը՝ ելքը և սեզոնային տատանումները: «Առավել զարմանալի է, որ ՋԹ-ի փաստաթղթում նշվում է, թե նախարարությունը պատասխանատվություն չի կրում ջրաղբյուրում ջրաքանակի նվազման դեպքում: Ջրային ռեսուրսների պահպանության բացակայության մասին են վկայում նաև այն օրինակները, երբ ամբողջ գետը խողովակով տեղափոխում ենք մինչև սահման և լցնում հարևան երկիր գնացող անդրսահմանային գետ: Սրա հետ միաժամանակ խոսում ենք ջրամբարաշինության, երկրի ներսում ջրերի կուտակման մասին: Կեղտաջրերի, հատկապես արտադրական, մաքրման նկատմամբ պահանջի և հսկողության բացակայություն ունենք: Շատ թույլ է մեր հսկողությունը: Սա նույնպես խոսում է ջրային ռեսուրսների պահպանության գործառույթի բացակայության մասին»,- ասաց բանախոսը:

Էդուարդ Մեսրոպյանը նշեց, որ ջրային ռեսուրսների անվտանգությունն ունի երեք հիմնական բաղադրիչ՝ ջրային ռեսուրսների հուսալի պահպանություն, արդյունավետ կառավարում և նպատակային օգտագործում։

Մասնավորապես, բանախոսը ներկայացրեց այդ բաղադրիչների ոլորտներում կատարվելիք հիմնական գործողությունները, ինչը կարող է բարեփոխումներ և իրավիճակի շտկում բերել: Ըստ նրա՝ ջրային ռեսուրսների պահպանությունը մի շարք գործառույթներ է ներառում, որից ամենակարևորն օգտագործման համար տրամադրվելիք ջրերի թույլատրելի սահմանաքանակների սահմանումն է՝ «ՋՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ» ձևավորումը: «Ջրային ռեսուրսների պահպանության մարմինը պետք է ուսումնասիրի, գույքագրի, գնահատի երկրի մակերևույթային և ստորգետնյա ջրային ռեսուրսները, անգամ կանխատեսումներում սահմանի ջրային ռեսուրսի այն քանակը, որը կարելի էր տալ օգտագործման»,- նշեց նա: 

Էդուարդ Մեսրոպյանի համաձայն՝ ջրային ռեսուրսների կառավարման գործում ամենակարևոր գործառույթը ջրօգտագործման հայտերի ընդունումը, վերլուծումն ու գնահատումն է, որի արդյունքում էլ ձևավորվում է «ՋՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ»: «Այս երկու գործառույթների լիարժեք կատարումից հետո միայն կարելի է խոսել ջրօգտագործման մասին»,- ասաց բանախոսը՝ նշելով, որ ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման և արդյունքում գետային էկոհամակարգերի խախտման հետևանքով ալպիական մարգագետիններում խոնավության նվազումը անապատացման է տանում: «Կլիմայի փոփոխության հարմարվողականության փոխարեն նպաստում ենք կլիմայի փոփոխության զարգացմանը: Չկա մի մարմին, որը կկարգավորի աղբյուրներից ջրառի թույլատրելի հատակացումը՝ պահպանելով էկոհամակարգի կայունությունը»,- նշեց նա:

Անդրադառնալով հանրապետությունում ջրահեռացման ոլորտում տիրող իրավիճակին՝ Էդուարդ Մեսրոպյանը նշեց, որ Հայաստանում գործում են քաղաքային կեղտաջրերի մեխանիկական մաքրման 5 կայաններ Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Ջերմուկում և Դիլիջանում: Կառուցվել, սակայն դեռևս չի շահագործվել Երևանի Աէրացիայի մաքրման կայանը։ «Մշակվել են քաղաքային կեղտաջրերի  լիարժեք մաքրման 2 նոր կայանների նախնական նախագծեր (Սևան և Մեծամոր), ավարտվում են Փարաքարի կեղտաջրերի  լիարժեք մաքրման կայանի վերակառուցման աշխատանքները (հիբրիդային տեխնոլոգիայով) և մշակվել է Վարդենիկ համայնքի կեղտաջրերի մաքրման կայանի (ազոտի և ֆոսֆորի խորը հեռացմամբ) ծրագրային առաջարկությունը»,- ասաց նա։

Անդրադառնալով Երևանի Աէրացիայի մաքրման կայանին՝ Էդուարդ Մեսրոպյանը նշեց, որ թեև այն ներկայումս մեխանիկական է, սակայն երկրորդ փուլով նախատեսվելու է նաև կենսաբանական մաքրման գործընթաց: «Բայց մինչ այդ պետք է կարգավորել արտադրական կեղտաջրերի խնդիրը: Ցանկացած քաղաքային կեղտաջրի մաքրման կայան նախագծվում, կառուցվում և շահագործվում է կեղտաջրերի որոշակի բաղադրությունների համար: Դրանից ավելի խիտ բաղադրության դեպքում մաքրման կայանի տեխնոլոգիաները կարող են շարքից դուրս գալ: Այդ պարագայում կարևոր է, որ կարգավորվեն արտադրական կեղտաջերի՝ դեպի քաղաքային կեղտաջրերի համակարգ լցնելու պայմանները»,- ասաց նա:

Էդուարդ Մեսրոպյանը նշեց նաև, որ մայրաքաղաքում գործող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերն էլ իրենց հերթին նախատեսված չեն եղել ներկայիս մեծ խտությամբ իրականացված բնակելի կառուցապատման համար: «Շատ դեպքերում գործող ջրահեռացման համակարգին միացվում են նախկինում անջատ գործող հեղեղատար համակարգերը։ Արդյունքում անձրևների ժամանակ ունենում ենք խցանված կոյուղագծեր և հակասանիտարական վիճակ»,- ասաց նա:

Եթե Երևանում թեկուզ վատ, սակայն առկա են ջրահեռացման համակարգեր, ապա դրանք բացակայում են Հայաստանի մեծ թվով բնակավայրերում: «Մի շարք բնակավայրեր, որոնք չունեն ջրահեռացման համակարգեր, գտնվում են այն ստորգետնյա ջրավազանների սնման գոտիներում, որոնցից վերցված ջուրն օգտագործվում է խմելու և կենցաղային նպատակներով: Ստորգետնյա ջրային ռեսուրսների սնման գոտում գտնվող մեծ թվով բնակավայրեր կոյուղացված չեն, բնակչությունն օգտվում է ինքնաշեն կառուցված ջրաթափանց հորերից՝չբարելավված անհատական զուգարաններից, որոնք ուղղակի վտանգ են ներկայացնում ստորգետնյա խմելու ջրաղբյուրների համար: Չմաքրված կեղտաջրերը հաճախ օգտագործվում են ոռոգման  նպատակով` առանց առողջապահական ռիսկերի վերահսկման: Ոռոգման համար տրված թույլտվության մեջ չի նշվում՝ ջուրն ինչ որակի է, կարելի է ոռոգման համար օգտագործել, թե՝ ոչ: Մինչ այսօր չունենք ոռոգման ջրի որակի ստանդարտ, իսկ  եթե մշակենք՝ չենք կարող ապահովել այն»,- ասաց Էդուարդ Մեսրոպյանը:  

Ըստ բանախոսի՝ խնդիր է նաև հանգստի գոտիներում՝ հանգստյան տներում, ռեստորաններում, հյուրանոցներում կենցաղային կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների բացակայությունը: «Ունենք բարձրակարգ հյուրատներ, բայց դրանք չունեն կենցաղային կեղտաջերերի մաքրման կայաններ: Հաճախ են դեպքերը, երբ բարձակարգ հյուրատների կեղտաջրերը առանց մաքրման լցվում են գետ, որի հոսքի միջին հատվածում կան հանգստի գոտիներ: Սա լուրջ առողջապահական խնդիր է»,- ասաց Էդուարդ Մեսրոպյանը:

Ըստ նրա՝ «ՋԻՆՋ» ՍՊԸ-ի կողմից իրականացված հաշվարկների համաձայն, նման հանգստյան տներում մաքրման կայանների կառուցումը բավական մատչելի է: «Մաքրման կայանի 3-ից 5 տարվա կտրվածքով հետգնման ծախսեը միջին մեկ հանգստացողի համար կազմում է օրական 75-100 դրամ, որը  բավական մատչելի է»,- նշեց Էդուարդ Մեսրոպյանը: 

Կեղտաջրերի մաքրման կայանների խնդիրն առկա է նաև Սևանա լճի ափի ամբողջ երկայնքով՝ այստեղ դրանք ևս բացակայում են: «Ունենք խորքային հորեր, բոլոր հանգստի գոտիներում: Որոշ գոտիներ ունեն սեպտիկ մաքրման կետեր, որը կարող է կիրառվել միայն որպես միջանկյալ, կուտակման կառույց, բայց ոչ որպես մաքրման կառույց»,- նշեց նա: 

Ըստ բանախոսի՝ ոռոգման և տեխնիկական ջրերի ստանդարտների բացակայությունն իրենց հերթին չեն նպաստում մաքրված կեղտաջրերի նպատակային վերաօգտագործմանը։ Ըստ նրա, կեղտաջրերն այդ ենթատեքստում պետք է դիտարկել ոչ թե որպես թափոն, այլ որպես ջրային ռեսուրս։ 

Էդուարդ Մեսրոպյանը նշեց, որ նախնական հաշվարկներով Հայաստանի բոլոր բնակավայրերի կեղտաջրերի հեռացման ու մաքրման համար կպահանջվի շուրջ 2,6 միլիարդ եվրոյին համարժեք ներդրում: Ըստ նրա՝ լուրջ ներդրումների բացակայության դեպքում ներկա վիճակն ավելի կխորանա գալիք տարիներին և եղած համակարգերի քայքայման հետևանքով էլ ավելի ներդրումներ կպահանջվեն։

Որպես խնդրի լուծում բանախոսն առաջարկեց առաջնորդվել «Այսօր մաքրել այնքան, որքան կարող ենք» կարգախոսով՝ դրան հասնելու համար ներդնելով ցանկացած նախաձեռնության աջակցության և խթանման մեխանիզմներ։ «Աստիճանաբար կգանք, կհասնենք մեր նպատակին: Ամենատարբեր չափերի ներդրումների ներգրավմամբ գործընթացի վարումը կնպաստի նախատեսվող գործընթացի մաս առ մաս առաջխաղացմանը՝ փուլային իրականացմանը, որի արդյունքում, միգուցե, դանդաղ, սակայն հաստատուն քայլերով կապահովվի ընդհանուր ծրագրի իրականացումը»,- ասաց Էդուարդ Մեսրոպյանը:

Արտադրական ձեռնարկությունների կեղտաջրերի հեռացման ու մաքրման խնդիրների մասին խոսելիս՝ Էդուարդ Մեսրոպյանը նշեց, որ վերջերս տեղեկացել է ՀՀ կառավարության նախկինում ընդունված մի որոշման մասին, որի համաձայն՝ թույլատրվում է արտադրական կեղտաջրերը լցնել խորքային հորեր: «Պետք է մի օր շուտ դադարեցնել այդ որոշման իրականացումը: Արտադրական կեղտաջրերն ունեն մի քանի վտանգավոր գործոններ: Մեծ թվով արտադրական ձեռնարկություններ իրենց կեղտաջրերն առանց որևէ մաքրման ուղղակիորեն լցնում են քաղաքային ջրահեռացման համակարգեր, մակերևութային ջրավազաններ կամ էլ մղում են ստորգետնյա հորիզոններ՝ ուղղակիորեն աղտոտելով ինչպես մակերևութային, այնպես էլ ստորգետնյա ջրային ռեսուրսները և ստեղծում բնապահպանական, սանիտարական ու առողջապահական լուրջ խնդիրներ»,- նշեց նա: 



Ապրիլ 19, 2021 at 17:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր